ՀՀԿ-Ն` Լոռու եվ Տավուշի մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նախընտրական հանդիպումներ է ունեցել Լոռու և Տավուշի մարզերի Օձուն, Ալավերդի, Այրում, Արճիս, Լճկաձոր, ինչպես նաև Բագրատաշենի ենթաշրջանի համայնքների բազմաթիվ ընտրողների հետ:
Սերժ Սարգսյանը հանրապետության այս երկու մարզերում ևս ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության անցած տարիների աշխատանքն ու նախընտրական ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատանքները: ՀՀԿ նախագահը խոսել է նոր Հայաստանի մասին. “Կյանքի որակի բարձրացում, հարմարավետություն ու բարեկեցություն. ահա նոր ժամանակի պահանջները, ահա մեր ժողովրդի արդարացի սպասելիքները: Ըստ այդմ էլ մենք կազմում և իրականացնում ենք մեր ծրագրերը: Մենք սա համարում ենք պատասխանատվություն ստանձնած կուսակցության պարտականությունը”,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետական կուսակցության ղեկավարը պատասխանել է նաև ոմանց մտահոգող այն հարցին, թե ինչո՞ւ հիմա պետք է արվի, ինչո՞ւ մինչև այժմ չի արվել այն, ինչը ներկայացվում է ընտրողներին: Նման հարցադրումներ անողներին ՀՀԿ նախագահը տեղեկացրել է, որ նախ՝ արվել է և հիմա էլ արվում է, և երկրորդ՝ կան խնդիրներ, որոնց լուծումը պիտի հասունանա ժամանակի հետ: “Մենք պետք է նախադրյալներ և պայմաններ ստեղծենք լուծումները հնարավոր դարձնելու համար: Ինչո՞ւ հիմա: Որովհետև կան բաներ, որ անհնար էին երեկ, բայց հնարավոր են այսօր: Որովհետև հիմա մենք արդեն ունենք հիմնաքարերը, որովհետև հասունացել են լուծումները: Եվ մենք եկել ենք ձեզ մոտ առաջարկելու մե՛ր լուծումները: Մենք ձեզ առաջարկում ենք այն, ինչը կարող ենք անել, որպես առաջատար քաղաքական ուժ”,-ընդգծել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով, անցած տարիների ջանքերն ավելի շատ կենտրոնացել են մեր երկրի՝ որպես մեկ ամբողջական ընդհանրության, խնդիրների վրա: Տնտեսական համակարգի փլուզումը, պատերազմն ու մեր որոշ հարևանների թշնամությունը, ըստ ՀՀԿ նախագահի, ստիպում էին հիմնականում մտածել այդ մարտահրավերներին համարժեք արձագանքելու մասին: Այսօր այդ հարցերը, եթե չեն լուծվել, Սերժ Սարգսյանի համոզմամբ, գոնե հստակորեն կառավարվում են:
“Առաջինը, մեր անկախությունն անշրջելի է:Երկրորդը, Արցախի ազատությունը հիմնավորապես պաշտպանված է հայ զինվորի բազկով և մտքով:
Մենք ստեղծել ենք ուժեղ և պաշտպանված Հայաստան մեզնից յուրաքանչյուրի համար:Այժմ եկել է ժամանակը, որպեսզի մենք շրջվենք դեպի մարդը: Մենք այսուհետ պիտի մշտապես հիշենք, որ երկիրը՝ հենց մարդն է, այսինքն՝ ձեզնից, մեզնից յուրաքանչյուրը: Մարդն է, որն իր անկրկնելի կերպարով կերտում է հայ ժողովրդի դիմագիծը”,-ասել է Հանրապետական կուսակցության նախագահը:
Լոռիում և Տավուշում Սերժ Սարգսյանը ընտրողներին ներկայացրել է նաև հիշյալ մարզերի առանձին բնակավայրերի նկատմամբ իրականացվող և նաև ՀՀԿ-ի նախընտրական ծրագրով նախատեսված քաղաքականությունը: Ալավերդի քաղաքում, օրինակ, կուսակցության նախագահը խոսել է մեր երկրի տնտեսության կառուցվածքում զգալի կշիռ ունեցող հանքարդյունաբերության մասին և ընդգծել, որ Հայաստանը չպետք է պարզապես հումք արդյունահանող և արտահանող երկիր լինի. “Տնտեսական աճի նպատակադրումից մենք այժմ անցնում ենք մեր տնտեսական ձեռքբերումները յուրաքանչյուր քաղաքացու համար շոշափելի դարձնելու գործին: Իսկ դա նշանակում է ավելի զարգացնել արտադրական հնարավորությունները, որպեսզի նոր ասպարեզ բացվի յուրաքանչյուր աշխատունակ մարդու համար”,-ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ նախագահը կարևորել է նաև բնապահպանական խնդիրները, նշելով, որ առանց պատշաճ բնապահպանական մոտեցումների, մեր երկրում չի իրականացվելու որևէ ծրագիր՝ լինի դա ձեռնարկատիրական, թե քաղաքաշինական ոլորտներում:Հանրապետական կուսակցության նախագահը Տավուշում ընտրողներին զեկուցել է նաև, թե ինչ աշխատանքներ են իրականացվել մարզում 2007-2011թթ.: Իրագործված ծրագրերի մեծագույն մասը, նրա հավաստմամբ, ուղղվել է մարզի ենթակառուցվածնքների զարգացմանն ու կառուցմանը:
Իր ղեկավարած կուսակցության կողմից ներկայացվող փոփոխություններն իրականություն դարձնելու գործում Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելը և կոչ արել Լոռու ու Տավուշի մարզերի ընտրողներին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և գիտակցել, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնն էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի զարգացման գործում: “Մենք ցանկանում ենք, որպեսզի այս ընտրությունների արդյունքները վստահություն ներշնչեն առաջին հերթին մեր ժողովրդին, ապա նաև մեր գործընկերներին, որովհետև այդպիսի ընտրություններով ընտրված իշխանությունները կարող են շատ ավելի մեծ գործեր կատարել”,-ասել է ՀՀԿ նախագահը: 
Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ գրասենյակից:




Լրահոս