ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵԹԵ ԵՐԳԻ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ, ՈՒՐԵՄՆ ԿՈՄԻՏԱՍ Է»

Կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը համոզված է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը շատ բան է անում Կոմիտասին քարոզելու, նրա արվեստը ներկայացնելու համար։ Եվ դա արվում է ոչ թե հոբելյանից հոբելյան, այլ ծրագրավորված։

-Նախարարությունը մշտապես Կոմիտաս երգող երկու երգչախումբ պետականացրել է, հրատարակել է Կոմիտասի գործերը, բավականին այլ նյութեր, ֆինանսավորել «Կոմիտաս. մուլտիմեդիա»-ն, լույս է տեսնելու «Կոմիտաս. կյանքն ու գործը» գիրքը։ Թանգարանի հարցն է լուծվել՝ չնայած ոմանք վիճում են, թե ինչու հենց տվյալ տեղում է լինելու։ Բայց միայն նախարարության նման վերաբերմունքը քիչ է։ Ի՞նչ անի նախարարությունը, երբ հեռուստատեսությունը գիշերուզօր այլանդակում է մեր սերնդին իր ժարգոնով եւ թուրքական երգերով։ Ուզում ենք մի բան շտկել, ամիսներով, տարիներով ինչ-որ բան ենք ստեղծում, բայց մարդիկ միացնում են հեռուստացույցը, եւ երեխաները լսում են լրիվ ուրիշ բան։ Եվ չարչարանքով ստեղծվածը երեք օրում քանդում են։
-Կոմիտասին երբեմն ցանկանում են նաեւ ժամանակակից, մոդեռն ձեւով, նույնիսկ կլկլոցներով ներկայացնել։ Դա ինչպե՞ս եք ընդունում։
-Այդ ամենը Կոմիտասի հետ բացարձակապես կապ չունի։ Կոմիտասը դա չէ, իրենք շփոթում են։ Կոմիտասը մեղեդին չէ, մեղեդին չոր նոտագրություն է ընդամենը, Կոմիտասը մեջի ոգին է, շունչը… Նույնիսկ դասական Կոմիտաս որ ներկայացնում են, սխալ կատարման դեպքում դա արդեն Կոմիտաս չէ, ուր մնաց՝ այդ ժամանակակից, մոդեռն մշակումները, որոնք ընդհանրապես ֆասադն են… Կոմիտաս որ լինի, պիտի ճիշտ կատարվի, ինչպես ինքն է արել։ Եթե զգացմունքը տեղ չի հասնում, ուրեմն Կոմիտաս չէ։ Օրինակ` եթե «Չինար ես» երգի զգացմունքը տեղ հասավ, ուրեմն Կոմիտաս է, եթե տեղ չհասավ, մեղեդին չի փրկի քեզ. ինչքան էլ ճիշտ կատարես, լավ նվագես, գործիքավորես, ոչ մի կապ չի ունենա «Չինար ես»-ի հետ։
-Իսկ ընդհանրապես Կոմիտասի ժառանգությունը ամբողջությամբ կարողացե՞լ ենք ներկայացնել։
-Եթե չեղած բանը գովազդեն, իսկ արած գործի մասին չխոսեն, մարդիկ ճշմարտությունը չեն իմանա։ Նրա մի աշակերտի արտագրության շնորհիվ պահպանվել է Կոմիտասի «Տետր երաժշտության» աշխատությունը, որի բնօրինակը կորած է: Ես այն առաջին անգամ հրատարակել եմ 1989 թվականին։ Խազերն եմ հրատարակել… Ի դեպ, Կոմիտասից շատ բաներ արտագրված են պահպանվել, օրինակ՝ Սպիրիդոն Մելիքյանի շնորհիվ Կոմիտասի ժողովրդական երգերից 200-ից ավելի երգ է պահպանվել։ Նա դրանք տվել էր արտագրելու, իսկ իր մոտինը 1915 թվականին կորել էր։ Տարիներ առաջ Կոմիտասից էլի նյութեր բերեցին, վաճառում էին յոթ հազար դոլարով, ոչ մեկը չգնեց՝ չնայած շատ տեղեր դիմեցի՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր։
-Որտեղի՞ց էին բերել։
-Ռուսաստանից։ Նրա ժառանգությունը արդեն 14 հատորով հրատարակվել է, բավականին լազերային սկավառակներ են դուրս գալիս, որոնք սպառվում են, բայց, ցավոք, հեռուստատեսությունը իր չար գործն է անում հատկապես գյուղերում, շրջաններում՝ մարդկանց տանելով ռաբիսացման եւ տաճկական եղանակների ճանապահով։ Փաստորեն, կարելի է ասել՝ զանգվածային քարոզչամեքենան դուրս է եկել Կոմիտասի դեմ պայքարի։
-Կոմիտասի կենսագրությունում` հատկապես Փարիզի հոգեբուժարանի տարիների հետ կապված, չկա՞ն մութ, անհայտ էջեր։
-Այդ ամենը վիճելի նյութ է, ոչինչ միանշանակ չէ, նրա հիվանդությունն էլ միանշանակ չէ, որ ինչ-որ մի անուն կպցնես… Եթե այդ ամենը համարենք ընդամենը դեպրեսիա, ապա դա էլ հիվանդություն է, երբ մարդ 20 տարի առանձնացած, թեկուզ խռոված մնում է։ Կոմիտասը հայտնի մարդ է, եւ նրա վրա են կենտրոնացել, բայց այդ նույն վիճակում, որ նա եղել է քսան տարի, եղել են հարյուրավոր այլ մարդիկ, ովքեր ո՛չ շփվել են, ո՛չ խոսել։ Եղել են ե՛ւ կանայք, ե՛ւ մեծեր… Շատերը գուցե չգիտեն, բայց Արմենակ Շահմուրադյանն էլ է հոգեբուժարանում ավարտել իր կյանքը, Մակար Եկմալյանն էլ…

 

 

 

 

 

 

 

«ՄԱՀՎԱՆՍ ՀԱՄԱՐ ՉԵՄ ՑԱՎԻՐ»

Փետրվարի 25-ը Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է, եւ այդ առթիվ մեզ հետ իր տպավորությունները կիսեց «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականը» գրքի հեղինակ Ռուբեն Սիմոնյանը:
«Անդրանիկը մահվան մահճում ասել է. «Մահվանս համար չեմ ցավիր, կցավիմ, որ անով թուրքերը պիտի ուրախանան»։ Եվ իսկապես, երբ թուրքերն իմացան Անդրանիկի մահվան մասին, ցնծությամբ ընդունեցին այդ լուրը: 1927 թվականի հոկտեմբերի 4-ին «Մշակ» թերթն արտատպել էր թուրքական «Սոն Սահաթ»-ի առաջնորդողը։ Այնտեղ մասնավորապես գրված էր, որ Անդրանիկն իրենց շատ «գեշություններ» է արել, ուստի «այլեւս Անդրանիկ թուրքական հողի վրա չպետք է ծնվի։ Իսկ եթե պետք է ծնվի, նա պետք է կես ճանապարհին մեռնի»։ Փառք Աստծո, որ թուրքի երազանքը չիրականացավ, հայ ժողովուրդն Անդրանիկից հետո էլ ծնեց այնպիսի հերոսներ, որոնք կերտեցին մեր հայրենիքը, կարողացան ազգահավաք իրականացնել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրաշքներ գործեցին։ Հերոսներ ծնվեցին նաեւ մեր օրերում, ովքեր պաշտպանեցին հայոց հողը Արցախում եւ մեր սահմաններու»։
Մեր զրուցակցին վրդովեցնում է այն հանգամանքը, որ ոմանք սեւացնում են Անդրանիկին, նրա արած ահռելի գործը՝ դրանով իսկ ջուր լցնելով թուրքի ջրաղացին։ Բայց Անդրանիկին ճիշտ են գնահատել ռուս գեներալները, հայ անվանի մարդիկ, Գարեգին Նժդեհը, ով մեզ զգուշացնում է. «Բոլոր ջանքերը, որոնք ներդրվում են Անդրանիկի քաջնազարական որակումներով, դրանք իրականում ծիծաղելի են հայ ազգային-ազատագրական շարժման վրա, քանզի ժողովուրդը Անդրանիկին համարում է հայ ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ»։ Ռ. Սիմոնյանը ցանկանում է, որ նոր սերունդը հասկանա մի շատ կարեւոր բան, որի մասին ինքը գրել է «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականը» գրքում. «Մենք պետք է իմանանք իրականությունը 1918 թվականի մասին։ Երբ որ Անդրանիկը հայտնվել է Սյունիքում, այդ ժամանակ այն Բաթումի պայմանագրով մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ, եւ Սյունիքի՝ մայր հայրենիքին պատկանելը վերահաստատելը ամբողջովին Անդրանիկի եւ նրա քաջերի ծառայությունն է հայ ժողովրդի առջեւ։ Սա մոռանալ երբեք չի կարելի, սա փոքրացնել երբեք չի կարելի։ Չմոռանանք, որ 1918 թվականին իրենց արշավանքի ժամանակ թուրքերը ցանկանում էին կամրջել Նախիջեւանից Եվլախ, Եվլախից՝ Նախիջեւան, եւ դա՝ Սիսիանի, Գորիսի, Շուշիի վրայով, ու այդ միջանցքը՝ որպես հայկական հող, իր հերոսներով պահեց Անդրանիկը. ահա նրա մեծագույն ծառայությունը հայ ժողովրդին։ Եվ եթե այսօր Հայաստանը քարտեզի վրա այս տեսքն ունի, մենք պետք է պարտական լինենք Անդրանիկին եւ երկրորդը՝ Գարեգին Նժդեհին»։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՄԻԱՄՍՅԱԿԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Արամեն, Լիլիթ Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը եւ Գուրգեն Դաբաղյանը մարտի 7-ին կմեկնեն եվրոպական համերգային շրջագայության: Կանանց միամսյակին նվիրված համերգային ծրագրի մեկնարկը երգիչները կտան Բրյուսելում, այնուհետեւ մարտի 8-ին կլինեն Ամստերդամում, 9-ին՝ Լոնդոնում, մարտի 14-ին՝ Բորդոյում, մարտի 15-ին կմեկնեն Վարշավա, հաջորդ օրը՝ Վիեննա, մարտի 21-ին կերգեն Համբուրգում, 22-ին ելույթ կունենան Լիոնում, իսկ շրջագայության ավարտը կտրվի Մարսելում մարտի 23-ին: Համերգը կվարի Արտյոմ Հակոբյանը, իսկ որպես հատուկ հյուր՝ ներկա կլինի երգիչ Սուրեն Դավթյանը: Համերգային ծրագրի ընթացքում կհնչեն երգիչների ամենահիթային եւ հայտնի կատարումները, կլինեն նաեւ ժողովրդական հին ու նոր երգեր կենդանի կատարմամբ:

 

«ԾԻԼԻ-ԾՈՎ»-Ը

«Ծիլի-Ծով. գիրք հմայության». այսպես է կոչվում բանաստեղծ Կարեն Անտաշյանի հեղինակած բանաստեղծական նոր ժողովածուն, որի` վերջերս կայացած շնորհանդեսին ներկա են եղել ոչ միայն նրա մտերիմները, այլեւ գրաքննադատներ, գրողներ եւ հայ ժամանակակից գրականությամբ հետաքրքրվող ընթերցասերներ: Այս մասին գրում է Bravo.am-ը: Գիրքը տպագրվել է 365 օրինակով: «Գիրք հմայության» բանաստեղծական ժողովածուում հեղինակը գրել է իրեն հուզող թեմաների մասին` կյանք, սեր, կարոտ, մահ, արտագաղթ եւ այլն. Գիրքը որոշակի հաջորդականությամբ ներառում է բանաստեղծություններ, երազահաններ եւ հմայիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական ձեւերի եւ ժողովրդական խաղիկների ոճավորմամբ: Հեղինակն իր գիրքն անվանել է Տավուշի մարզի սահմանամերձ Քոլագիր գյուղի մոտ գտնվող Ծիլի-Ծով փոքրիկ ջրամբարի անվամբ:

 

ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽՎԵՑ

Այս շաբաթ լրացավ Ռիհաննայի 26-ամյակը: Ռոբին Ռիհաննա Ֆենտին ծնվել է Բարբադոսում: Սկսել է երգել յոթ տարեկանից: Նրա երաժշտական կարիերան սկսվել է Կարլո Ստուրկեն եւ Էվան Ռոդջորս պրոդյուսերների հետ ծանոթությունից հետո: Այդ ժամանակ Ռի-Ռին 15 տարեկան էր: Նրա հետագա ճանաչման գործընթացին մեծապես նպաստել է նաեւ Ջեյ Զին: Ապագա աստղի առաջին Pon de Replay երգը ձայնագրվել է Def Jam Recordings ստուդիայում: Այնուհետեւ երգերը սկսեցին հաջորդել մեկը մյուսին: Բացի լավ ձայն ունենալուց՝ Ռիհաննան նաեւ հիանալի արտաքին ունի, եւ նրա ոճային կտրուկ փոփոխությունները թույլ չեն տալիս, որ հանդիսատեսը ձանձրանա:




Լրահոս