ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992Թ. ԱՅՍ ՕՐԸ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԽՈՋԱԼՈՒՆ

Հայաստանի համար փետրվարի 26-ը նշանավորվում է Խոջալուի ազատագրումով: 1991թ. գարնանից ի վեր ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկվում էին հարձակումների: Սպանվել էին ավելի քան 20 հայազգի խաղաղ բնակիչներ, առեւանգվել՝ հարյուրավոր մարդիկ, եւ իրավիճակը գնալով ավելի էր վատթարանում: Ավելին՝ Խոջալուից ադրբեջանցիները ռմբակոծում էին հայկական շրջակա բոլոր գյուղերը: Եվ ահա որոշում կայացվեց ազատագրել Խոջալուն: 1992թ. փետրվարի 25-ին՝ ժամը 23:30-ին, իրականացվեց Խոջալուի ազատագրման մարտական գործողությունը: Ժամեր անց՝ փետրվարի 26-ին, Խոջալուն ազատագրվեց: Խոջալուի մարտական գործողությունների մասնակից, ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի համար այս օրը առանձնահատուկ է. «Խոջալուն ազատագրվեց զորավար Անդրանիկի ծննդյան օրը: Առաջին դեպքն էր, երբ մարտական գործողություններն իրականացրինք գիշերը: Խոջալուի ազատագրումը շատ մեծ ազդեցություն թողեց Արցախյան պատերազմի վրա, քանի որ Խոջալուով Ադրբեջանի մեջքը ջարդվեց ու ամեն ինչի վերջը դրվեց: Մենք մեր հոգու խորքում գիտենք, թե ինչ նշանակություն ունի այս օրը մեզ եւ Հայաստանի Հանրապետության համար»:

 

 

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ փետրվարի 5-ին ԱԺ-ում հայտարարել էր, թե Որոտանի հէկ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը: Պարզվում է, սակայն, Հ. Թովմասյանը, մեղմ ասած, ստել է: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է հայտնվել Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը, որտեղից տեղեկանում ենք, որ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որտեղ են գտնվում, շարժական են, թե անշարժ, թե օժտված են միանգամից երկու հատկանիշներով, նյութական, թե ոչ նյութական»: Այսինքն՝ Որոտանի հէկ-ը չունի որեւէ գույք, որեւէ տեխնիկա եւ հիմա չի կարող այլեւս զբաղվել էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Ի դեպ, 2010թ. դեկտեմբերին կառավարության որոշմամբ վաճառվել էր «Ձորահէկ»-ի գույքը, իսկ դրանից 6 ամիս անց՝ 2011թ. մայիսին, կառավարությունը լուծարեց այն՝ հիմնավորմամբ, որ հէկ-ն այլեւս գույք չունի: Նույնը հիմա սպառնում է Որոտանի հէկ-ին:

 

 

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ հայաստանյան մի շարք դատավորներ դիմում են գրել համաշխարհային եւ եվրոպական դատավորների միությանը՝ դժգոհելով, որ իրենց աշխատավարձերն ու թոշակները պակասել են: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ միությունն արձագանքել է հայաստանյան դատավորների բողոք-նամակին: Ըստ այդմ՝ Եվրոպայի դատավորների միությունը մի նամակ է ուղարկել՝ հորդորելով ՀՀ իշխանություններին, թե չի կարելի դատավորների աշխատավարձը պակասեցնել, թոշակը կրճատել եւ դատավորներին էլ պահել գործադիրից կախվածի կարգավիճակում: Այս նամակին թվախեղդ եղանակով պատասխանել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` նշելով, թե իրենք ճիշտ են վարվել՝ կրճատումներ անելով: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն այսպիսի կարծիք էր հայտնել. «Մենք վաղուց արդեն Եվրոպայի ասածը չենք ընդունում: Մենք ունենք նոր ուղղվածություն՝ Մաքսային միություն»: Այսպիսով՝ թերեւս դատավորները մի նամակ գրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

 

 

Երեկ հայտնի դարձավ, որ «Երեւան ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը 7.49 դրամով: Նրանք արդեն դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող ժամանակավոր հանձնաժողով՝ 1 խմ-ի դիմաց ներկայիս 170 դրամը 177 դարձնելու համար: «Երեւան ջուր»-ի այս քայլն ուշագրավ է մեկ այլ առումով. նախորդ տարի, երբ միանգամից կտրուկ բարձրացրին գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, «Երեւան ջուր»-ը, ընդհակառակը, առաջարկեց 3.8 դրամով նվազեցնել սակագինը: Այն ժամանակ այս ընկերությունը համատարած դժգոհության համատեքստում փորձեց առանձնանալ գնային ինչ-որ իջեցումներով՝ չնայած ակնհայտ էր, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը կազդի նաեւ իրենց վրա: Հիմա «Երեւան ջուր»-ը եւս որոշել է թանկացնել ջրի սակագինը: Թե ինչ հետեւանք կունենա դա, մնում է ենթադրել. արդեն իսկ ակնհայտ է՝ այն իր հերթին կբերի մի շարք ապրանքատեսակների թանկացման: Ահա Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը:

 

 

 

 

 

 

ԹԱՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու իշխանական նախաձեռնությանը, ասել է. «Ամենակարեւոր հարցը, որ փորձում ենք այստեղ լուծել, այն է` արդյոք մենք ճշմարտության թաղման հանձնաժողով ենք ստեղծում, թե բացահայտման: Այն, ինչով դուք զբաղվում եք` ես նկատի ունեմ Հանրապետական մեծամասնությանը, դա ըստ էության այնպիսի հանձնաժողովի ստեղծումն է, որը զբաղված կլինի ճշմարտության թաղումով»:

Դժվար է չհամաձայնել Զուրաբյանի այս գնահատականի հետ. ընդ որում` ոչ միայն կոնկրետ այս հանձնաժողովի լիազորությունների մասով ՀՀԿ-ականների առաջարկը հաշվի առնելով (հանձնաժողովը չի ստուգելու «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը ռուսներին փոխանցելու պայմանագիրը), այլեւ նույն Զուրաբյանի կողմից մեջբերված այն հայտնի իրողությունից ելնելով, որ «հանձնաժողովները ստեղծվում են այն նպատակով, որ պրոբլեմը թաղվի» (թեեւ Վ. Լենինը փոքր-ինչ այլ կերպ էր այդ միտքը ձեւակերպել):
Եվ ուրեմն` եթե պարոն Զուրաբյանը կասկածի տակ է դնում գազի հարցով հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը` նկատի առնելով առհասարակ խնդիրը հանձնաժողովների միջոցով լուծելու մեխանիզմը, այդ դեպքում ո՞րն է երաշխիքը, որ արդյունավետ կլինի մեկ այլ` մարտի 1-ի գործով նոր ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը: Մանավանդ որ այն քննելու է վեցամյա վաղեմության դեպքեր, որոնք մեկ անգամ արդեն իսկ քննվել են մարտի 1-ի գործով Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի կողմից եւ բարեհաջող կերպով «թաղվել»: Ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ ճշմարտությունն ի հայտ կգա, առավել եւս, որ ստեղծվելիք հանձնաժողովում չի լինելու փաստահավաք խումբ, եւ դատելով Գագիկ Ջհանգիրյանի երեկվա ելույթից՝ հանձնաժողովն ավելի շատ գնահատելու է նախաքննության մարմինների եւ գլխավոր դատախազության կատարած գործողություններն ու կայացրած որոշումները:
Եվ ընդհանրապես` եթե մարտի 1-ի գործով նոր հանձնաժողովի նպատակը քննչական մարմինների գործունեության վերահսկումն էր, ապա ո՞րն էր պատճառը, որ նույն Գ. Ջհանգիրյանը տեղի տվեց ՀՀԿ-ականների` քաղաքական շահարկումներից զերծ մնալու հորդորներին եւ 2012-ի տարեվերջին համաձայնեց հանձնաժողովի ստեղծման հարցը հետաձգել մինչեւ 2013-ի նախագահական ընտրությունների ավարտը: Ի՞նչ կապ ուներ քննչական մարմնի գործունեության թերացումը նախագահի թեկնածուների հետ: Եվ կամ` եթե կապ ուներ, եթե այդ թերացումը, ավելի ճիշտ` կոծկումը, եղել էր նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով, արդյո՞ք ընդդիմության սուրբ պարտքը չպետք է լիներ այդ մասին բարձրաձայնելով թույլ չտալ նրա վերընտրությունը:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանն Ազգային ժողովում կարծես թե հայտնի է բոլորին, պարզապես բոլորն այս փուլում միասնաբար լռում են` յուրաքանչյուրն իր «թաղելիքի» հաշվարկներից ելնելով:




Լրահոս