ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՎՐՈՊԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ հայաստանյան մի շարք դատավորներ, դժգոհելով իրենց չգնահատված կարգավիճակից ու նաեւ ապագայի նկատմամբ ունեցած անապահովության զգացողությունից, դիմում էին գրել համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը: Եվ ահա, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, Եվրոպական դատավորների միությունն արձագանքել է հայաստանյան դատավորներին:

Հիշեցնենք, որ ըստ այդ փաստաթղթի՝ դատավորներն իրենց գործընկերների ուշադրությունն էին հրավիրել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013թ. դեկտեմբերի 12-ին ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի վրա, որն ուժի մեջ է մտնելու 2014թ. հուլիսի 1-ից: Այդ օրենքով կարգավորվում են նաեւ դատավորներին նշանակվող կենսաթոշակի հետ կապված հարցերը:
«Պետության սոցիալական քաղաքականությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, եւ նոր ընդունող օրենքների իրավակարգավորումները չպետք է վատթարացնեն անձանց իրավական եւ փաստացի դրությունը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է դատավորների անկախությանը: Գտնում ենք, որ առանց որեւէ օբյեկտիվ եւ ողջամիտ հիմնավորման, դատավորների իրավական եւ փաստացի դրությունը վատթարացնող օրենքների ընդունումը չի կարող հետապնդել եւ չի հետապնդում իրավաչափ, իսկ միջամտության եղանակը համաչափ չէ»,-գրել էին դատավորները:
Նրանց մեկնաբանությամբ՝ օրենքում ողջամիտ որեւէ բացատրություն կամ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ նպատակով է «բարձր կենսաթոշակ» ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքը, ըստ էության, վերացվել, եւ «ի՞նչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ»:
Նամակում նաեւ հիշեցում կար, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն, ու այդ դրույթն ունի իմպերատիվ բնույթ: Այսինքն՝ ընդունված օրենքը պետք է վերաբերի դրա գործածությունից հետո դատավոր նշանակվածներին, այլ ոչ թե երկար տարիներ գործունեություն ծավալողներին:
«Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի գործող դատավորներից պարզել, թե ինչ արձագանք են ստացել Եվրոպայի դատավորների միությունից, եւ, առհասարակ, բարձրացված խնդիրների առնչությամբ ինչ լուծումներ են հայտնի դատավորներին: Սակայն մոտ 2 տասնյակից ավելի դատավորներ հրաժարվեցին մեկնաբանել իրենց դժգոհություններին առնչվող հարցերը՝ նշելով, թե չեն կարող խոսել, առայժմ սպասում են:
Դատավորների պահվածքը զարմանալի չէ, քանի որ «Ժողովուրդ»-ի՝ դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն իր մերձավոր շրջապատի միջոցով «ներքին» հրահանգ է իջեցրել «աղմուկ չբարձրացնել»՝ միաժամանակ խոստանալով, որ հարցը կկարգավորվի:
Բացի այդ, մեր տեղեկություններով, Եվրոպայի դատավորների միությունն արձագանքել է հայաստանյան դատավորների բողոք-նամակին: Ավելին՝ այդ միությունը ՀՀ իշխանություններին մի նամակ է ուղարկել՝ հորդորելով, թե չի կարելի դատավորների աշխատավարձը պակասեցնել, թոշակը կրճատել եւ դատավորներին էլ պահել գործադիրից կախվածի կարգավիճակում: Եվրոպայի դատավորների միության կողմից հայաստանյան իշխանություններին քննադատող նամակին պատասխանել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` իր հերթին նամակ գրելով այն մասին, թե իրենք ճիշտ են վարվել՝ դատավորների աշխատավարձը եւ թոշակը կրճատելու քայլեր անելով: Քանի որ կառավարությանը բնորոշ է գեղեցիկ թվեր ներկայացնելը, ուստի նախարարն ինչ-որ թվերով է հիմնավորել իր ասելիքը, որից տպավորություն է ստեղծվել, թե ՀՀ դատավորներն ամենաապահովված խավն են եւ դժգոհելու իրավունք չունեն: Սակայն թոշակների խնդրով դեռեւս որեւէ արձագանք չկա:
Նշենք, որ դատավորները նամակ էին գրել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, սակայն դեռեւս արձագանք չկա: Ստացվում է, որ Եվրոպան առավել օպերատիվ է արձագանքում Հայաստանում տիրող իրավիճակին, քան ՀՀ իշխանությունները:
Ի դեպ, վերջերս, երբ «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկից փորձեց հետաքրքրվել, թե ինչու չեն կատարում եվրոպական կառույցներին տված իրենց խոստումները՝ դատավորների լիարժեք անկախության եւ ֆինանսական ապահովվածության մասով, բավականին հետաքրքիր պատասխան ստացանք. «Մենք վաղուց արդեն Եվրոպայի ասածը չենք ընդունում: Մենք ունենք նոր ուղղվածություն՝ Մաքսային միություն»: Այսպիսով՝ թերեւս դատավորները մի նամակ գրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

 

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՂԱԼԱԹ ԿԱՆԻ՞

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի չգրանցեն նոր ստեղծվելիք Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (ՎՍԴՀԿ): ՍԴՀԿ-ն պատճառաբանել է, թե նրանց զինանշանը նման է իրենցինին: Զավեշտալին այն է, որ ՍԴՀԿ-ն նամակն ուղարկել է նախկին ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի ստորագրությամբ՝ չնայած այն բանին, որ վաղուց է ՍԴՀԿ ատենապետը Նարեկ Գալստյանն է: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՍԴՀԿ մամլո խոսնակ Արթուր Ղահրամանյանից: Նա չհերքեց այն, որ իրենք նման դիմում են ներկայացրել. «Շատ փոքր է, որ անդրադառնանք այդ հարցին, գոյություն ունի մեկ կուսակցություն՝ դա ՍԴՀԿ-ն է, եւ ՎԴՍՀ կուսակցություն չկա: Օրենքով սահմանված ցանկացած միջոցառում մենք կիրառելու ենք, որպեսզի կուսակցությունը չվնասվի ոչ մի ֆրոնտում, օրենքով բոլոր քայլերն անելու ենք, որպեսզի նման կառույց չլինի: Իսկ նամակը, որն ուղարկել ենք, այդ ժամանակահատվածում նոր վարչությունը գրանցված չի եղել պետռեգիստրում, դրա համար էլ տենց է եղել, բայց ընթացակարգը, բոլորն էլ նորմալ է»:
Իսկ ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե իրենք կուսակցության գրանցման փաստաթղթերն արդեն ներկայացրել են պետռեգիստր. «Սպասում ենք արձագանքին, ամեն ինչ օրենքի դաշտում է, հետեւաբար մերժելու որեւիցե հիմք չկա»:

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԵ՞Ն ԿՆՔԻ

Երեւանի պետական համալսարանի լաբորանտներից շատերն այլեւս չեն ցանկանում պայմանագիր կնքել ԵՊՀ-ի հետ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա սկզբին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լաբորանտների աշխատավարձը բարձրացրել է 5000, իսկ դասախոսներինը՝ մոտ 7000 դրամով: Արդյունքում, մեզ հասած տեղեկություններով, կատարված բարձրացումը չի գոհացրել լաբորանտներին, եւ նրանցից շատերը չեն ցանկանում համալսարանի հետ նոր պայմանագիր կնքել:

 

ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ

Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ փետրվարի 24-ին Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում՝ իր տան մուտքի մոտ, գնդակահարել են 47-ամյա գործարար Ստեփան Ճորոխյանին: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, սպանության հանգամանքները եւ հնարավոր դրդապատճառները պարզվում են: Հայտնի է, որ Ճորոխյանը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն էր, որի կազմում կա ռեստորան, ակումբ, բիլիարդի սրահ, նաեւ սաունա: Ուկրաինայում ՀՀ դեսպանատնից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ դեպքի մասին առայժմ որեւէ բան չեն կարող հայտնել, քանի որ դեռ փաստացի որեւէ տեղեկություն չունեն եւ չեն կարող հիմնվել լրատվական կայքերի տարածած տեղեկության վրա: Դեսպանատնից հայտնեցին, որ պաշտոնական տեղեկությունից հետո նոր կկարողանան որեւէ գնահատական տալ իրավիճակին:

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Ցավում եմ շատերին, որ միայն օլիգարխի աչքերով են նայում Ծառուկյանին: Նա լոկ կուսակցության առաջնորդ չէ, մեծ բարերար է եւ երկրի ճակատագրողի տեսակ»:

Ռուբեն Գեւորգյան 1in.am
Հետաքրքիր է` իսկ ուրիշ ի՞նչ աչքերով պետք է նայեին դղյակներում ապրող, վանդակներում` առյուծներ, իսկ վանդակներից դուրս` անձնական թիկնազոր պահող, թանկարժեք մեքենաների շարասյունով շրջող օլիգարխին: Գրեթե նույն աչքերով էլ մարդիկ նայում են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին, ով հայտնի է որպես Ծաղիկ Ռուբո: Իսկ օլիգարխների, հատկապես քրեաօլիգարխների շրջանում այսօր «մոդայիկ» է բարերարությամբ զբաղվելը: Շատ դեպքերում բարերարությունն արդարացում է: Եվ որքան էլ ցավալի է, հաճախ իսկապես օլիգարխներն են երկրի ճակատագրողները:

 

 

«Օֆ… Դժվար է, ինչպես տեսնում եք` ես բավականին թույլ եմ այդ հարցերում, «քալ» եմ իրականում»:

Վահրամ Ավանեսյան «Իրատես դե ֆակտո»
ՀՀ պաշտոնյաները ձգտում եմ միմյանցից հետ չմնալ «քուչի» բառապաշար որդեգրելու հարցում: Իր թույլ եւ «քալ» լինելու մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարն անկեղծացավ, երբ խոսակցություն եղավ աղքատության խնդրին կառավարության մոտեցման մասին: Այս դեպքում, իհարկե, շատ ձեռնտու է թույլ լինելը կամ ձեւանալը, քանի որ այդպիսով կարելի է փորձել խուսափել պատասխանատվությունից` ամբողջը բարդելով թուլության վրա: Միայն թե հարց է առաջանում` մեր ինչի՞ն են պետք, ընդհանրապես, կառավարության թույլ ներկայացուցիչները, ովքեր այդպես էլ չկարողացան լուծել աղքատության հաղթահարման խնդիրը:

 
«Մաքսային միությանն անդամակցության դեպքում էլ հայոց լեզուն կլինի գերակա»:

Սերգո Երիցյան «Իրավունք»
Հայոց լեզուն, կարելի է ասել, նույնիսկ հիմա գերակա չէ, ուր մնաց Մաքսային միությանն անդամակցությունից հետո գերակա դառնա: Հայաստանում արդեն ԱԺ-ում պատգամավորները կարող են ռուսերենով հարցեր քննարկել, վարչապետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հետ համատեղ ասուլիսին կարող է ռուսերեն ելույթ ունենալ, էլ ի՞նչ գերակա լինելուց է խոսում ԿԳ լեզվի տեսչության պետը: Նախկին ՕԵԿ-ական պաշտոնյայի մոտ, կարծես թե, նույնպես իրականության գիտակցման հետ կապված խնդիրներ կան. նա նույնիսկ հավատում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հավասար գործընկերներ են:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս