Վարչապետը հանդիպել է Վենետիկի քաղաքապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիին, ով Հայաստան է այցելում առաջին անգամ “Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք” միջոցառման շրջանակում:
ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: ՀՀ կառավարության ղեկավարն իր ելույթում ասել է. “Ուրախ ենք ընդունելու Ձեզ, մանավանդ, այն բանից հետո, երբ Վենետիկում երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Կարծում եմ` դա նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ մենք դրանում խիստ շահագրգռված ենք: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ համագործակցության մեծ ներուժ ունենք, և կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի այդ ներուժն իրացվի”:
Վենետիկի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ քույր քաղաքներ դառնալու առաջնային նպատակներից է տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը (2011 թ. դեկտեմբերին` ՀՀ Նախագահի Իտալիա այցի շրջանակում Երևանի և Վենետիկի քաղաքա¬պետերն ստորագրել են երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր):Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Տիգրան Սարգսյանը որպես հեռանկարային ոլորտներ առանձնացրել է զբոսաշրջությունը և տեքստիլ արդյունաբերությունը: Զբոսաշրջության զարգացման առումով կարևորվել է օդային ուղիղ հաղորդակցության հաստատումը: Ջորջիո Օրսոնին նշել է, որ իրենք շահագրգռված են նշված բնագավառներում համագործակցության խորացմամբ և պատրաստ են կիսվել իրենց փորձով:Երկուստեք անհրաժեշտ է համարվել Հայաստանի և Իտալիայի միջև գործարար շփումների ընդլայնումն ու զարգացումը։ Այդ համատեքստում կողմերը ողջունել են այս տարի աշնանը Իտալիայում հայ-իտալական գործարար համաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն կտա քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկու երկրների մշակութային դարավոր կապերի սերտացմանը: Այս առումով Վենետիկի քաղաքապետը նշել է, որ դրանում մեծ դեր են խաղացել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանությունը և Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը՝ որպես պատմական գիտակրթական կենտրոններ: Նա ընդգծել է, որ իրենք ջանք կգործադրեն այդ կրթօջախների գործունեությունը վերսկսելու համար:




Լրահոս