ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՄԱՉՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ»

Երեկ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում արած այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումից: Արման Սաղաթելյանը նշել է. «Բաքվում Էրդողանը՝ Ալիեւի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ՝ պարզելու նրա տեսակետը Թուրքիայի նախագահի հայտարարության եւ հայկական կողմի արձագանքի շուրջ:
-Պարոն Մանուկյան, Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է ղարաբաղյան հակամարտության լուծումից: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը` հատկապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ կապված ՀՀ իշխանական շրջանակների ակնկալիքների համատեքստում:
-Ես մի բան կարող եմ հստակ ասել: Խնդրում եմ, որ դա համարեք առաջնային մեր խնդիրների լուծման համար: Մեր խնդիրների լուծումը մեր երկրում է, մեր հարցերի, մեր դժվարությունների ու հաջողությունների լուծումը, հիմքը մեր երկրում է: Երբ որ մենք մեր երկրում կարգ ու կանոն հաստատենք, արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծենք, մենք այդ դեպքում կարող ենք մեր բոլոր հարեւանների հետ լինել արժանապատիվ, լինել բոլոր հարցերում ուժեղ: Մենք միայն այդ դեպքում կարող ենք լինել ազդեցիկ, այդ դեպքում ազդեցիկ կլինի նաեւ մեր խոսքը, որը կհնչի ցանկացած ամբիոնից: Մեր խնդիրների կենտրոնը Հայաստանում է:
-Բայց միջազգային ամբիոններում մեր երկրի հետ կապված հայտարարություններ են արվում, որոնցով էլ կարծիք է ձեւավորվում մեր երկրի մասին: Չե՞ք կարծում, որ այդ դեպքում պետք է հստակ պատասխան հնչի մեր պետության ղեկավարների կողմից: Ու ոչ թե նման հայտարարություններից տեւական ժամանակ հետո, ուրիշի բերանով, այլ հենց այդ պահին:
-Ես որեւէ նման բան չեմ ասում, ես կողմ եմ, որ այդ հայտարարություններին շատ լավ արձագանքենք: Բայց մենք կարող ենք շատ ուժեղ հակահարված տալ, պորտը տեղը դնել, երբ ունենանք ուժեղ իշխանություն, երբ ունենանք օրինական իշխանություն: Լուծումը մեզ մոտ է, լուծումը ուրիշ տեղ չպետք է փնտրել: Այսինքն՝ եթե ես ունենայի լավ ընտրված, ուժեղ նախագահ, վստահ եմ, որ ընտրված նախագահն իր երկրի շահը համարձակ կներկայացներ ցանկացած ամբիոնում, ցանկացած կառույցում:
-Այսինքն, ըստ Ձեզ՝ ոչ լեգիտիմ իշխանությո՞ւնն է պատճառը, որ միջազգային ամբիոններում Հայաստանը մշտապես անպաշտպան է մնում:
-Իհարկե, ես հենց դա եմ ասում: Վերջին ժամանակահատվածում, երբ հետեւում ենք Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հայտարարություններին, ճիշտ որոշումներին… դրանք չի կարելի որեւէ կերպ համեմատել մեզ հետ: Պինդ, բարձր կեցվածքով, համարձակ, սեփական երկրի շահը գնահատող հայտարարություններ են մշտապես հնչում: Նրանց հայտարարությունները բխում են իրենց երկրի շահերից: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ասում է, որ եթե որեւէ մեկը իմ երկրի անկախությանը կպնի, կկպնի իմ երկրի բարձրագույն արժեքին եւ ես նրա հետ որեւէ գործ չեմ ցանկանում ունենալ: Ես հարգում եմ այս տեսակետը: Նուրսուլթան Նազարբաեւն ունի իր երկրի աջակցությունը, Նազարբաեւն ավելի է ուժեղացնում իր դիրքորոշումը, իր հեղինակությունն ավելի է բարձրացնում իր այդ համարձակ դրսեւորումներով: Իսկ հայ ժողովուրդն ամաչում է Սերժ Սարգսյանի դիրքորոշումներից: Սա է իրականությունը: Բայց նաեւ մի կողմից՝ Սերժ Սարգսյանը չի կարող բարձր խոսել, որովհետեւ ամբողջ աշխարհը գիտի, որ ինքն անգամ Հայաստանում հեղինակություն չունի, ինչպե՞ս կարող է դրսում հեղինակություն ունենալ: Ցավալի է, որ քո երկրի ղեկավարը թույլ է, իմունիտետ չունի: Դրա համար եմ ես ասում, որ մեր երկրի բոլոր պրոբլեմները եւ բոլոր մյուս կառույցների, երկրների ղեկավարների վերաբերմունքը մեր նկատմամբ ու մեր երկրի իշխանությունների նկատմամբ կապված է մեր երկրի իշխանությունների թուլությունից: Բազմաթիվ նման օրինակներ կան, որոնք ապացույցն են այս ամենի:
-Իսկ այդ դեպքում ի՞նչ անենք, չմասնակցե՞նք միջազգային կառույցների նիստերին, չանդամակցե՞նք դրանց` այդպիսով խուսափելով մեր թուլությունն ի ցույց դնելուց, պարփակվենք ներսո՞ւմ:
-Չէ, չէ: Հայաստանը երբեք իրավունք չունի փակ երկրի քաղաքականություն իրականացնել, երբեք: Մենք բաց ժողովուրդ ենք, մենք շփվող ժողովուրդ ենք, մենք ազգերի մշակույթների հետ առեւտուր անող ժողովուրդ ենք: Հայաստանը միայն կարող է լինել բաց քաղաքականության, բաց հասարակության երկիր: Այլ հարց է արդեն իշխանությունների հարցը, որոնք չեն կարողանում ղեկավարել այնպես, որպեսզի միայն շահի մեր երկիրը:

 
ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵԼ Է

Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի ավարտից հետո «արտակարգ» մի զրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի եւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի միջեւ: Պարզվում է՝ Ռ. Մարտիրոսյանն իրեն անպաշտպան է զգում ՀՀ կառավարության շենք մուտք գործելիս ու հատկապես այնտեղից դուրս գալիս:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է, թե ինչ օրենքներով են պաշտպանված ՀՀ պաշտոնյաները, եթե հանրային միջոցառումների կամ ակցիաների ժամանակ նրանց հրապարակային վիրավորում են կամ հայհոյում: Նախարարի այդ զեկույցից հետո ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը սկսել է «ինքնաբուխ» խոսել ու բողոքել:
Նա Հ. Աբրահամյանին վրդովված պատմել է, որ արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ Կառավարության շենքի մոտ մի մարդ անընդհատ իրեն վիրավորում ու հայհոյում է: Հիշեցնենք, որ Ռ. Մարտիրոսյանին վիրավորելու մասին «Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է: Մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը կառավարության գրեթե բոլոր նիստերի օրերին Ռ. Մարտիրոսյանի` Կառավարության շենք մտնելուց եւ դուրս գալուց նրան անպատիվ խոսքեր է ասում: Իսկ Մարտիրոսյանն էլ ամեն կերպ ճողոպրում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ, որպեսզի մաթեմատիկոսը «չհարձակվի» նրա վրա:
«Այդ մարդն անընդհատ ինձ եւ գիտության պետական կոմիտեի նախագահին հասցնում է ամենավերջին հայհոյանքները, դա անում է բոլորի աչքի առաջ: Բազմաթիվ անգամ դիմել ենք, որ միջոցներ ձեռք առնեն: Վերջերս նաեւ դարձել է ագրեսիվ ոչ միայն հայհոյանքների, այլեւ արարքի մասով»,-նեղսրտած հայտարարել է Ռ. Մարտիրոսյանը` հարցնելով. «Եթե օրենքներով պաշտպանված են պաշտոնյաները, ինչո՞ւ չեք պաշտպանում ինձ»: Ի պատասխան Ռ. Մարտիրոսյանի հայտարարությանը՝ ՀՀ գլխավոր դատախազն ասել է, որ պետք է դիմեն իրենց, որպեսզի իրենք պաշտպանեն մարդուն:
Խոսակցությանը «խառնվել» է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով նշել է, թե Ռադիկ Մարտիրոսյանը գրավոր դիմել է իրենց ու իրենք այդ անձին տարել են բաժանմունք եւ վարչական տուգանքի ենթարկել. «Խոսքը գնում է 85 տարեկան մարդու մասին: Օրենքը տալիս է այն հնարավորությունը, ինչ տվել է՝ վարչական տուգանք: Եթե բավարար չէ, կարող եք դիմել դատարան»: «Հիմա վարչական տույժով ավարտվո՞ւմ է ամեն ինչ»,-հարց է հնչեցրել վարչապետը, ինչին ի պատասխան ոստիկանապետը նշել է, թե դա սահմանված է օրենքով:
«Հիմա էդ հարցի լուծումը չհասկացա, մարդուն հայհոյանք տան, տանեն վարչական տուգանք սահմանեն ու վե՞րջ: Պարոն Մարտիրոսյանը ակադեմիկոս մարդ է, հայհոյում են, ի՞նչ անի, պարոն Շահինյան: Ես իրոք չեմ հասկանում»,-տարակուսել է վարչապետը` դիմելով ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին: Վերջինս էլ հայտարարել է, որ եթե այդ վիրավորանքը հրապարակային է ու պարբերական բնույթ է կրում, ապա դա կոչվում է հասարակական կարգի կոպիտ խախտում, որն էլ պատժվում է քրեական օրենսգրքով: Խոսակցությունն այդքանով ավարտվել է, իսկ Ռ. Մարտիրոսյանի «ճակատագիրն» էլի անհայտ մնաց։

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆԸ ՉԷ՞
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը «իրենով է արել» Երեւանի «Արմենիա» բժշկական հիվանդանոցի 70 տոկոսը: Ըստ այդմ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանին պատկանող մասնաբաժինը եւս Ղուկասյանը գնել է: Միայն 30 տոկոսն է շարունակում տիրապետել հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը: Զրուցեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ պարզելու, թե ինչու է հիվանդանոցի՝ իրեն պատկանող մասնաբաժինն այժմ հայտնվել նախկին ԼՂՀ նախագահի ձեռքում: Պատգամավորը հերքեց, որ ինքը հիվանդանոցում բաժնեմաս է ունեցել. «Եթե բաժնեմաս ունենայի՝ շատ լավ կլիներ: Ոչ Արկադի Ղուկասյանն այնտեղ մասնաբաժին ունի, եւ ոչ է Գագիկ Ջհանգիրյանը, ամբողջը սեփականության իրավունքով պատկանում է հիվանդանոցի սեփականատեր Գրիգոր Գրիգորյանին»:

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին Աշտարակ քաղաքում «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը կրկին նիստ է անցկացրել: Մեր տեղեկություններով՝ նիստին մասնակցել են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ազատամարտիկ Սամվել Հովսեփյանը (Ադմիրալի Սամո), Ապարանի ազատամարտի ջոկատի ղեկավար Ռազմիկ Պետրոսյանը, իսկ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը արտերկրում լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ: Նա Հայաստանում կլինի սեպտեմբերի 23-ին: «Ժողովուրդ»-ը զրուցեց Մանվել Եղիազարյանի հետ՝ պարզելու, թե որն է եղել հավաքի նպատակը. «Մեր տղաներով հավաքվել ենք, մոտ 200 հոգով: Խոսել ենք բոլոր այն հարցերի մասին, որոնք վերաբերում են մեր հայրենիքին, մեր պլաններին: Բոլորը հայտարարեցին, որ այսուհետ համախմբված ենք լինելու»: Եղիազարյանի տեղեկացմամբ՝ իրենց հաջորդ հանդիպումը մի քանի օրից է լինելու, այլ մարզում: Իսկ թե որն է նրանց կոնկրետ նպատակը՝ դեռ դժվար է կանխագուշակել:

 

ՋՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներ զրկված են ոռոգման ջրից: Երեկ այս խնդրով առաջինը հրապարակավ դժգոհեցին Այգեստան համայնքի բնակիչները: Բանն այն է, որ ամառվա այս տապին գյուղացիներն իրենց հողատարածքները պետք է ջրեն, սակայն ջուր չկա: Նրանց հեկտարներով հողատարածքները չորանում են: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Այգեստանի ղեկավար Սոկրատ Հովսեփյանի հետ. «Պետք է Մխչյանի ջրատարով վեց պոմպ միանար, որպեսզի Վերին Արտաշատի ջրատարը ջուր լցվեր եւ այդ դաշտերը ոռոգվեր, սակայն չեն հասցրել դա անել, ինչի պատճառով այս պատկերն է առաջացել»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը աշխատանքից ազատվել է այս եւ նմանատիպ այլ խնդիրների պատճառով:

 




Լրահոս