ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՆԱԻՐԻՏ»-Ի «ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ» ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԳՈՐԾԱԴԻՐԻՆ

Եթե ընտանեկան թեժ վեճից հետո ձեր տանը հայտնվի կառավարության լիազոր ներկայացուցիչն ու փորձի հաշտեցնել, ամենեւին էլ չզարմանաք. Հայաստանի կառավարությունը մտահոգված է իր քաղաքացիների ճակատագրով ու ամեն ինչ անելու է, որպեսզի կանխի ամուսնալուծությունները: Իսկ եթե, Աստված մի արասցե, որոշել եք ամուսնալուծվել` դիմելով ՔԿԱԳ (Զագս) կամ դատարան, հանկարծ հայտնվի կառավարության ներկայացուցիչը ու սկսի հարցուփորձ անել պատճառների մասին, դրանից էլ պետք չի զարմանալ. ՀՀ կառավարությունը որոշել է վերլուծել ամուսնալուծության պատճառները:

Իսկ այս միջոցառումներն իշխանությունները հավանաբար կանեն, քանի որ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բացահայտել է` Հայաստանում ավելացել են ամուսնալուծությունները եւ հարկավոր է շտապ բացահայտել պատճառները:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության երեկվա նիստում ներկայացնում էր ամուսնալուծության վկայականների համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու հարցը. բանն այն է, որ տարեսկզբին նախատեսվել է ձեռք բերել 3000 ամուսնալուծության վկայական, սակայն անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել դրանց քանակը: Վարչապետը Մանուկյանից հետաքրքրվեց. «Ամուսնալուծությունները շատացել են, հա՞»: Անակնկալի եկած Մանուկյանը շտապեց արդարանալ. «Սա մեր գործունեության արդյունքը չէ, խնդրում եմ որպես ցուցանիշ չդիտարկել»: «Ես չեմ ասում, ձեր գործունեության արդյունքն է, հակառակը` ամեն ինչ անենք, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը թող վերլուծություն անի, հասկանանք` խնդիրն ինչումն է»,- շարունակեց վարչապետը:
Ամուսնալուծությունների թիվը Հայաստանում նոր չի ավելացել. սա այն եզակի ոլորտներից է, որտեղ վերջին 6 տարվա ընթացքում «աճ» է գրանցվել. այդ թիվն անընդհատ աճել է: Ու զարմանալի է, որ Հովիկ Աբրահամյանն այս ամենը նոր է իմացել: Սակայն հետաքրքիր է` ինչ է լինելու առաջիկայում: Դժվար չէ կռահել, որ Աբրահամյանի հանձնարարականից հետո Արտեմ Ասատրյանի ղեկավարած Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ինչպիսի ջանասիրությամբ կփորձեր ձեռնամուխ լինել այդ աշխատանքներին: Ի վերջո, սա հերթական առիթն է` փող աշխատելու համար. մի բան, որը Արտեմ Ասատրյանի եւ, ընդհանրապես, կառավարության անդամների մոտ ամենալավն է ստացվում: Նախարարությունն, ամենայն հավանականությամբ, հերթական միջազգային վարկը կվերցնի, եթե բախտներս բերի` կբավարարվի դրամաշնորհային ծրագրով` ամուսնալուծությունների պատճառներն ուսումնասիրելու համար: Նրանք մի քանի հարցում կանեն, կվերլուծեն արդյունքները, կամփոփեն դրանք զեկույցում: Բայց ամենակարեւորը` մեծ գումարներ կաշխատեն ճիշտ այնպես, ինչպես եղավ արտագաղթը կանխելու համար ԵՄ-ի հատկացված դրամաշնորհի դեպքում:

Օստապ Բենդերը` «Նաիրիտ»-ում
Մինչ Հովիկ Աբրահամյանը դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում էր ամուսնալուծությունների աճը, պարզվեց` շատ կարեւոր մեկ ամուսնալուծության մասին. հակառակ ձեռք բերված պայմանավորվածություններին, ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը կորցրել է հետաքրքրությունը Երեւանի «Նաիրիտ» գործարանի նկատմամբ. այդ մասին կառավարության շենքի մոտ իրենց 18 ամսվա աշխատավարձը վճարելու պահանջով բողոքի ակցիա անող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքերով՝ ռուսական ընկերությունը հայկական ձեռնարկության վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացրել: ««Ռոսնեֆտը» խոստացել էր մինչեւ օգոստոսի վերջը ներկայացնել իր առաջարկությունները, սակայն դա չի արել: Բայց մենք հույսներս չպետք է կապենք միայն ռուսական ընկերության հետ»,-ասել է նա` վստահեցնելով, թե կառավարությունն առաջարկություններ է մշակում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, որոնք կհրապարակվեն մինչեւ սեպտեմբերի կեսը: Ամռանը Հովիկ Աբրահամյանը խոստացել էր խնդիրը լուծել մինչեւ օգոստոսի վերջ, իսկ հիմա` նոր վերջնաժամկետներ են նախանշում` հայտնի ֆիլմի հերոսի նման. «Միգուցե վաղը, իսկ միգուցե` վաղը չէ մյուս օրը»:
Այստեղ ամենաուշագրավը «Նաիրիտ»-ի ճակատագիրն է. բանն այն է, որ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «Պիրելի Տայր Ռուսիա» եւ «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երեւանում փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել` բութադիեն-ստիրոլային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ: Այս տարվա փետրվարի 24-ին էլ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Սոչի այցի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ պայմանավորվածություն էր ձեռքբերվել «Նաիրիտ»-ում «Ռոսնեֆտ»-ի կողմից 500 մլն դոլարի ներդրումներ կատարելու մասին: Իշխանությունները դա ներկայացնում էին «դարի գործարք», որը վերջապես պետք է լուծեր «Նաիրիտ»-ի թնջուկը: Երկու օր անց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայանն էր հայտարարել` Հայաստանը ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության համար «Նաիրիտ» գործարանում ներդրումներ կատարելու լավ պայմաններ է ստեղծել, ընդ որում` դա կապված էր ՄՄ-ին ՀՀ անդամակցության հետ: Ավելին՝ երբ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը Քառյակի իր գործընկերների հետ պնդում էր «Նաիրիտ»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու մասին, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր` այն կստեղծեն, բայց` «Նաիրիտ»-ի շուրջ բանակցությունների ավարտից հետո, որպեսզի չվանեն ներդրողներին: Ավելի ուշ, երբ Աբրահամյանը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, ստիպված էր խոստովանել. «Հիմա երկու ամիս է` չենք կարողանում գտնենք` ով է սեփականատերը… 10 տոկոս պետությունն ա բաժնետերը, 90 տոկոս չգիտենք` ով է»: Հիմա, փաստորեն, հասել ենք մի վիճակի, երբ անգամ ռուսական «Ռոսնեֆտ»-ն է հրաժարվել «Նաիրիտ»-ի գործարքից: Իսկ այս իրավիճակն ավելի է հիմնավորում օր առաջ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Երբ Հովհաննես Մանուկյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար, տեղեկություններ տարածվեցին, որ նրա եւ Հայկ Հարությունյանի ջրերը նույն առվով չեն հոսում: Ավելի ուշ լուրեր սպրդեցին մամուլ առ այն, որ ՀՀ գլխավոր դատախազությունը լուրջ չարաշահումներ է հայտնաբերել ՔԿՀ-ներում:
Այս հրապարակումներից հետո զարմանալի զուգադիպությամբ սկսեցին լուրեր շրջանառվել, որ Հայկ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ նրան կփոխարինի ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Թեեւ այդ աթոռի համար կռիվ էին տալիս Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը եւ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:
Սակայն Հայկ Հարությունյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, թե ինքն արձակուրդի մեջ է եւ վերջ: Օգոստոսի 17-ին էլ ՀՀ արդարադատության նախարարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինչ է եղել, մարդն արձակուրդի է գնացել, վերջ»:
Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ը կառավարության նիստի ավարտից հետո նախարարից հետաքրքրվեց՝ ո՞րն էր Հայկ Հարությունյանի անդառնալի արձակուրդի պատճառը:
-Այսինքն:
-20 օր առաջ Դուք մեզ հետ զրույցում նշեցիք, թե Հայկ Հարությունյանը արձակուրդի մեջ է, իսկ ահա երեկ արդեն ներկայացրեցիք նոր ՔԿՀ վարչության պետին:
-Տեղի է ունեցել այն, որ ՔԿՀ-ում փոփոխություն է եղել, հին պետը դուրս է եկել եւ նշանակվել է նոր պետ:
-Փաստորեն արձակուրդից հետո պաշտոնը լքելը մեկ քայլ է:
-Հայկ Հարությունյանը դիմում է գրել ազատման մասին, քանի որ ցանկություն է հայտնել այլ աշխատանքի անցնելու:
-Իսկ վստա՞հ եք, որ Արթուր Օսիկյանի նշանակմամբ ՔԿՀ-ում իրավիճակը կկարգավորվի:
-Վստահ եմ:

 

ՆԻՍՏ

Երեկ տեղի է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀԱԿ-ում քննարկել են երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում խմբակցության գործունեության ռազմավարության ու մարտավարության հետ կապված հարցեր: Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորները վերջերս շրջանառության մեջ են դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» օրենքի նախագիծ, որի վերաբերյալ դեռ պետք է եզրակացություն տա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԵՐԺԵԼ ԵՆ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի ստորագրությամբ ստացել է քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասին համաձայն փաստաթուղթ, որի համաձայն՝ մերժվում է Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի խնդրանքը քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ագրարային համալսարանի ընդհանուր գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը: «Պատգամավորները հայտնում էին, որ ցանկապատի քանդման օգոստոսի 13-ի միջադեպի արդյունքում Հովհաննես Մարգարյանի ողնաշարն է վնասվել, Հեղինե Բիշարյանի գլուխը, սակայն պարզվեց, որ առաջինն արդեն յոթ տարի է՝ բողոքում է ողնաշարի ցավից, իսկ երկրորդը հրաժարվել է բժշկական հետազոտությունից»,-տեղեկացրել է պրոռեկտորը` հավելելով. «Որպես դասախոս, ինչպե՞ս մեկնաբանեմ ուսանողին ՕԵԿ անդամների արարքները, որ պատգամավորները չեն ենթարկվում օրենքին եւ կարգ ու կանոնի՞ն»:

 

ԷԼԻ ՀԵՏ ԿԳՆԱ՞
Armlur.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հարցը կարող է լուծվել արդեն սեպտեմբերի 6-ին կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ: Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ նշանակվելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ: Armlur.am-ը փորձել է տեղեկությունը ճշտել Սուրեն Խաչատրյանից, ով նշել է, որ իրեն նման առաջարկ չի արվել: Նա խորհուրդ է տվել մի քանի օր սպասել` մինչ հայտնի կլինի նոր մարզպետի անունը: «Օրը կգա` բարին հետը»,-եզրափակել է նա:

 

ՎԻԶԱՆ ԿԹԱՆԿԱՆԱ
Ս.թ. սեպտեմբերի 12-ից ԱՄՆ ոչ ներգաղթային եւ ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարի չափը կփոփոխվի: Սակայն այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական) ուսանողական եւ փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:

 




Լրահոս