Ներկայացվեց «Միգրացիայի կողմնացույց» հանրային իրազեկության արշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ կենտրոնում ներկայացվեց «Միգրացիայի կողմնացույց» հանրային իրազեկության արշավը անօրինական միգրացիայի ռիսկերի մասին: Արշավն իրականացվում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» (ԹՆՀ) ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Արշավի նպատակն է մարդկանց տեղեկացնել անկանոն միգրացիայի ռիսկերի ու հնարավոր խնդիրների մասին, ինչպես նաեւ իրազեկել օրինական միգրացիայի ճանապարհների մասին:

Միգրացիայի հարցերով ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանը ներկայացրեց անօրինական միգրացիայի ռիսկերը. «Անկանոն միգրանտները հաճախ Եվրոպա են գնում հեշտ կյանքի ակնկալիքով ու բախվում են խնդիրների, որոնց մասին տեղյակ չեն: Նրանք չեն ունենում աշխատանքի իրավունք, թաքնվում են եւ ապրում ոստիկանության կողմից բռնվելու եւ երկրից վտարվելու վախով: Բացի այդ, նրանք կարող են շահագործման կամ թրաֆիքինգի զոհ դառնալ»:

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրժինի Արտոն կարեւորում է այս ռիսկերի մասին հանրության իրազեկումը. «Հաճախ անկանոն միգրացիայի բացասական հետեւանքները թերագնահատվում են, եւ մարդիկ չգիտեն միգրացիայի օրինական ուղիների մասին: Օգտագործելով տարբեր մեդիա գործիքներ՝ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը նպատակ ունի այդ հետեւանքներն ավելի տեսանելի դարձնել հայաստանցի պոտենցիալ միգրանտներին եւ լայն հասարակությանը»:

Արշավի համակարգող Լուսինե Գրիգորյանը, ԱԼՏԵՌԱ (արշավն իրականացնող գործընկեր) ներկայացրեց արշավի բաղադրիչներն ու գործիքները՝ լրագրողական դասընթացներ եւ մրցանակներ, սոցիալական հոլովակներ եւ հեռուստատեսային հաղորդումներ, տպագիր նյութեր, կայք եւ ֆեյսբուքյան էջ:

5 սոցիալական հոլովակները պատմում են դեպի ԵՄ երկրներ օրինական միգրացիայի առավելությունների, ինչպես նաեւ անկանոն միգրացիայի դեպքում շահագործման, թրաֆիքինգի, վտարման եւ այլ ռիսկերի մասին: Համապատասխանաբար 5 տեսակի պաստառ է պատրաստվել (500 օրինակ), որոնք, 1000 բուկլետի եւ քարտերի հետ միասին տարածվելու են Երեւանում եւ մարզերում:

2014թ. մարտից սկսած՝ դասընթաց-հանդիպումներ են անցկացվում միգրացիայով հետաքրքրվող լրագրողների համար: Անկանոն միգրացիայի եւ վերաինտեգրացիայի թեմաների լուսաբանումը խրախուսելու համար ԹՆՀ-ն հատուկ մրցանակներ է սահմանել «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթի շրջանակում:




Լրահոս