ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը հանդիպեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանն ապրիլի 23-ին հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եւ Կոնգրեսի իրավաբանական գրադարանի տնօրեն Դեյվիդ Մաոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային ժողովի եւ Կոնգրեսի միջեւ համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ծրագրերը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, որը նպատակ ունի աշխատակազմին ծանոթացնել Կոնգրեսի գրադարանի գործառույթներին` Վրեժ Գասպարյանը հույս հայտնեց, որ այն օգտակար կլինի ԱԺ աշխատակիցների համար` գիտելիքները խորացնելու, տեղեկացված լինելու, ամերիկյան փորձն օգտագործելով` խորհրդարանականների աշխատանքին օժանդակելու հարցում: 
ԱՄՆ դեսպանը խորհրդարանի անկախության տեսանկյունից կարեւոր համարեց, որ օրենսդիր մարմինն ունենա ինֆորմացիայի իր աղբյուրը: Այս նպատակով ԱՄՆ կոնգրեսի գրադարանի միայն հետազոտական կառույցում, ինչպես ներկայացրեց Դեյվիդ Մաոն, աշխատում է 625 մարդ` գերակշիռ մասն արհեստավարժ վերլուծաբաններ, տեղեկատվության մասնագետներ: Նշելով վերլուծություններ, հաշվետվություններ եւ հոդվածներ պատրաստելու, դրանք կոնգրեսականներին հասանելի դարձնելու ընթացակարգերը` պրն. Մաոն ընդգծեց այն երեք հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվում են մասնագետները` ճշգրտություն, սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտություն եւ  քաղաքական ազդեցության բացառում: Տեղեկատվությունից բացի, որը հասանելի է նաեւ առցանց տարբերակով, հետազոտական բաժնի աշխատակազմը կոնգրեսականներին   խորհրդատվություն է տրամադրում: Վրեժ Գասպարյանը պատրաստակամություն հայտնեց նույն օրը Ազգային ժողովում անցկացվելիք ,Տեղեկացված օրենսդիրներ. ինչպես է Կոնգրեսի գրադարանը սպասարկում Կոնգրեսի հետազոտական կարիքներըե թեմայով սեմինարից հետո ընդհանրացնել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ պատկերացումներն ու  առաջարկները: 




Լրահոս