Շուկայում հայտնվում են որակի չափանիշներին չհամապատասխանող դեղեր. Լ. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախ շուկայում հայտնվում են դեղեր, որոնք չեն համապատասխանում որակի չափանիշներին: Դրանք  շրջանառության մեջ են մտնում ներմուծողների կամ արտադրողների ազգակցական կապերի կամ քաղաքական հովանավորչության արդյունքում: Ազգային ժողովի հայտարարությունների ժամին այս մասին նշեց Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Առողջապահական համակարգի արդյունավետության գնահատման առանցքային չափանիշներից մեկը դեղերի որակի հիմնախնդիրն է: Ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի և դեղահումքի ներմուծման, գրանցման, պետական գնումների միջոցով ձեռք բերելու ընթացքում առկա կոռուպցիոն ռիսկերին: Օրենսդրական որոշ բացերի և թերացումների հետևանքով պետական գնումների միջոցով ձեռք են բերվում դեղեր այնպիսի երկրներից, որտեղ չկան դեղերի որակի ապահովմանն ուղղված բավարար պայմաններ», – նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ պետպատվերի շրջանակներում բնակչությանը տրամադրվում է դեղորայք, որը կամ չի բարելավում հիվանդի առողջական վիճակը, կամ էլ ավելի է վատթարացնում:

«Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ մշակվել և կառավարություն է ներկայացվել դեղերի մասին նոր օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա կանոնակարգել դեղի շրջանառության ողջ կենսաշղթան` արտադրությունից, ներկրումից մինչև սպառող, և նշել է, որ դեղերի ոլորտում իր համար անկարևոր հարցեր չկան: Ուզում եմ հույս հայտնել, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ իրապես կկանոնակարգվեն և կլուծվեն կուտակված խնդիրները: Հարկ եմ համարում ընդգծել, որ կան որոշ հարցեր, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել»,- հավելեց պատգամավորը:

Լյուդմիլա Սարգսյանը հայտնեց, որ լիարժեք կարգավորված չէ նաև դեղերի գրանցման ընթացակարգը, որտեղ հաճախ հաշվի չի առնվում գրանցվող դեղի կենսահամարժեքության հարցը:

«Պատասխանը կարող է տալ միայն կլինիկական լուրջ փորձաքննությունը, այսինքն՝ մարդկանց վրա դեղի փորձարկումը, և ոչ պարզապես դրա քիմիական բաղադրության ստուգումը: Ազգի առողջությունն ազգային անվտանգության խնդիր է, և պետության վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ ուղիղ վկայությունն է նրա լրջության աստիճանի: Չմոռանանք նաև, որ հատկապես այսօրվա աշխարհում միշտ կա բիոահաբեկչության վտանգ»,- եզրափակեց նա:




Լրահոս