Հայաստանում որոշումներ կայացնելու մի արատավոր մշակույթ է
ձևավորվել: Այս կամ այն խնդրի կարևորությունն ու համապատասխան որոշման կայացումը կարևորվում է ոչ այնքան դրա հանրային նշանակությամբ, ոչ այնքան երկրի համար պիտանիությամբ, այլ` շատ հաճախ այն հանգամանքով, թե ով և որքան է պատրաստ ֆինանսավորել խնդրի կարգավորման գործընթացը: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Հենց երեկ մեզ առաջարկել էին մի օրակարգ, ըստ որի 24 ժամվա ընթացքում երկու հարցի առնչությամբ պետք է որոշում կայացնեինք: Մեկը շատ հնչեղ` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին էր:
Հետաքրքիր է, որ նման բեղմնավոր գործունեությունը ներկայացվում է իշխող մեծամասնության «մեծ աշխատասիրության» և ընդդիմության «անպիտան աշխատանքի» հարակից մեկնաբանությամբ: Կարելի էր խոնարհվել նման նախանձելի
աշխատասիրության առջև, սակայն պարզվում է, որ նման ջանասիրությունը չի ուղեկցվում որակյալ աշխատանքով ու արդյունքով։ Պարզվում է, որ ջանքն ու արդյունքը պիտանի չեն, քանի որ նույն Համաշխարային Բանկը գնահատեց, որ լավ չի ստացվել և էլի է պետք փոփոխել։ Արդեն տարածում ստացած արտահայտությամբ ասած` «սիրուն չի»։
Ասվեց, որ գումարը կստանանք միայն նոր փոփոխություն կատարելուց հետո ու խնդրեմ՝ միանգամից ծագեց կայացված որոշումը փոխելու անհրաժեշտություն: Եվ որքան ուզում ես կոնստրուկտիվ եղիր, որքան ուզում ես ասա, թե «եկեք քննարկենք ու այնպիսի վստահություն ներշնչող որոշում կայացնենք, որ գոնե մի քանի տարվա կյանք ունենա, որքան ուզում ես բարձրաձայնիր, թե չի կարելի կայքում հրապարակել մի նախագիծ, և բացարձակ այլ բան ներկայացնել հաստատմանը, որ հանրային քննարկումը չի կարող լինել մի քանի ՀԿ-ով, որ ներկայացված պետք է լինի հասարակության շահերն ու կարծիքն արտահայտողների հնարավորինս լայն սպեկտրը»… Լսող չկա, ականջ դնող չկա… միևնույն է, անելու են ինչպես արել են խորհրդային օրերում, որովհետև այլ տարբերակ չգիտեն, անելու են իրենց հասկացածին պես ու վերջում ասելու են, թե որևէ փաստարկ չլսեցինք, թե խեղճ մեծամասնությունը ջանադրաբար աշխատում է, իսկ մյուսներն էլ չեն տեսնում, չեն ուզում տեսնել ու հասկանալ, որ այդ չարչարանքը ժողովրդի համար է:
Բայց չէ որ բարեփոխումներն ամենից շատ ու ամենից առաջ անհրաժեշտ են մեզ, մերն են, ոչ թե` Համաշխարային Բանկինը, USAID-ինը կամ աստված գիտե թե էլ ումը… Բարեփոխումների օրակարգը մերն է և վերջ, և մենք պետք է ի վիճակի լինենք թելադրելու այդ օրակարգը, ոչ թե գումար խոստացող-տրամադրողը…
Մենք իսկապես որոշումներ կայացնելու մշակույթ պետք է փոխենք: Այո, հարգելի պարոն Շարմազանով, մեզ պետք չէ տներից բերել, այլ` այնպես արեք, որ խորհրդարանի ընդունած օրենքները գոնե մի քանի տարվա կյանք ունենան:
Ես հասկանում եմ, որ երեկվա երկրորդ փոփոխությունը նույնպես ունի
շահագռգիռ կողմ, հարվածել է հենց ձեր ընկերների ու բարեկամների
գրպաններին, թե չէ էլի կասեիք, հո չէիք գալու մեզ տներից հանեիք հանուն
ժողովրդի: Սա անձնական խնդրի դաշտում չէ, և լավ գիտեք իմ հարգանքը, բայց հարգանքը չի կարող լինել միակողմանի:
Վերանայեք որոշումներ կայացնելու մշակույթը, փոխեք։ Ժողովուրդն իզուր չի ասում` յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք: Հենց այս որոշումների համար է ասում։ Մեզ է ասում։ Հենց նման յոթ անգամ չափելու գործընթացում բոլորը հնարավորություն կունենան մասնակցել, կայացված որոշումների հանդեպ վստահություն կլինի, իսկ առանց վստահության ամենաօգտակար բարեփոխումը դատապարտված է աղբամանում հայտնվելուն։ Զանազան միջազգային դոնորներն էլ ` իրենց երբեմն հակասական թելադրանքով, չեն ուղղորդի մեր հանրային օրակարգն ու որոշումները մեծապես կկայացվեն երկրի շահերով ու քաղաքացիների կարիքներով ձևավորված օրակարգով, ժողովրդի օրակարգով։ Ժողովրդի` ով երկրում իշխանության կրողն է, ում ձայնն ու կամքը ներկայացնելուն կոչված ենք դուք և ես, յուրաքանչյուր պատգամավոր, թե՛ կառավարող մեծամասնության եւ թե՛ ընդդիմության ներկայացուցիչ։
Հավատացնում եմ, որ այդ պարագայում մենք առաջինը մեր տնից կվազենք այստեղ, դուք էլ` չեք մտահոգվի», – նշել է նա: