ՄԱՅԻՍԻ 6-Ը՝ ՆՈՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ երեկ մեկնել էր Արմավիրի մարզ: Առաջին կանգառն Էջմիածնում էր: Այստեղ տեղի իշխանությունները, իսկ ավելի ճիշտ՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, մինչեւ Կոնգրեսի առաջնորդների գալը, ավտոշարասյունով ցուցադրաբար շրջել են Էջմիածնի փողոցներում, այնուհետեւ գնացել ՀՀԿ շտաբ՝ ՀԱԿ հանրահավաքն այնտեղից հետեւելու համար: Արդյունքում՝ Էջմիածնում ՀԱԿ հանդիպմանը եկածների թիվը բավական քիչ էր:
Դեռ ավելին, այստեղ նույնիսկ հրաժարվեցին էլեկտրական հոսանք տրամադրել՝ բարձրախոսների համար: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ իր ելույթում շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր չեն վախեցել ու եկել են հանրահավաքի: Մանուկյանը նաեւ նշեց, որ ԱԺ ընտրություններից առաջ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. կուսակցությունները չեն մրցում քաղաքական ծրագրերով, իսկ պատճառն այն է, որ իշխանությունը ՀՀ-ում բռնազավթած է: «ՀԱԿ-ն ունի ծրագիր, որը կապված է իշխանափոխության հետ, մենք կարող ենք մեր ծրագիրը իրականացնել, եթե բուրգը տապալվի»,-նշեց նա՝ հավելելով, որ Կոնգրեսի համար կա մեկ թիրախ, մեկ հակառակորդ՝ ՀՀԿ-ն, որն էլ երկրի չարիքների արմատն է:
Կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարեց, թե իրենք թույլ չեն տա՝ քաղաքական դաշտում լինի մոնոպոլիա, ինչը եւ ՀՀԿ-ն փորձում է անել: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը բավական կոշտ էր. նա հայտարարեց, թե այս ռեժիմը ստեղծել է Ռոբերտ Քոչարյանն ու կտակել Սերժ Սարգսյանին: Ըստ նրա՝ այս իշխանությունների օրոք Հայաստանը 1 միլիոն մարդ է լքել եւ ոչ իր կամքով: «Ժողովրդին դրել են այնպիսի պայմանների մեջ, որ այլընտրանք չեն ունեցել: 37-ին Ստալինն էր քշում Յակուտիա ու Սիբիր, հիմա նրանք ինքնակամ են գնում իրենց պապերի աքսորավայրերը: Սա թուրքի գործ է»,-ասաց Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ռեժիմը դատարկում է ոչ միայն Հայաստանը, այլեւ Ղարաբաղը: Նա նշեց, որ իշխանությունները ժողովրդին թալանելուց, տնից-տեղից զրկելուց, երեխաներին բանակում խաղաղ պայմաններում սպանելուց հետո դեռ համարձակվում են գալ ու ձայն խնդրել: Տեր-Պետրոսյանի խոսքերով՝ ՀՀԿ-ին ձայն տվողը ինքն էլ է դառնում հանցավոր ռեժիմի մաս ու մեղսակից: «Էլ ի՞նչ անենք, ի՞նչ ասենք, էլ բանտեր ընկանք, էլ հրապարակներում քնեցինք… Մի՛ վախեցեք, չեն կարողանալու վերահսկել ընտրությունները: Քվեարկե՛ք սեփական գիտակցությամբ: Եթե գալիս են, ձեր տներում համոզում էլ են, ասեք՝ այո՛, բայց ձայն մի՛ տվեք»,-կոչ արեց նա:
Մեծամորում Կոնգրեսի առաջնորդին դիմավորեցին աղ ու հացով: Այստեղ բավական շատ մարդ էր հավաքվել, ընդ որում, ժողովուրդն ակտիվորեն արձագանքում էր ընդդիմության առաջնորդների ելույթներին: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիշեց, որ Մեծամորի ատոմակայանը վերաբացել է իր կառավարությունը, մինչդեռ իրենից առաջ եղած երեք վարչապետերը վախեցել են գնալ այդ քայլին: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, հնարավորություն է ստեղծվել ու պարտավոր ենք փոխել իրավիճակը: Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ իր օրոք ֆրանսիացիների ու ռուսների հետ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ: Նա պատմեց այդ բանակցությունների ընթացքի մասին եւ հավելեց, որ իր հրաժարականից հետո որեւէ քայլ չարվեց այդ ուղղությամբ, թեեւ մշտապես խոսվել է այդ մասին: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ իշխանությունները միլիարդներ են թալանել ժողովրդից, այդ գումարներով Երեւանի կենտրոնում էլիտար շենքեր կառուցել, բայց այդ երկնաքերերն այսօր գրեթե դատարկ են: «Միայն այդ շենքերի վրա ծախսված գումարը բավական էր Հայաստանում 2 ատոմակայան կառուցելու համար, ի՞նչ կառուցեցին, ո՞ւմ համար կառուցեցին: Եթե այդքան փող ունեին, ուրիշ ներդնելու տեղ չկա՞ր»,-ասաց նա:
ՀԱԿ վերջին կանգառն Արմավիր քաղաքում էր: Տեր-Պետրոսյանը արմավիրցիներին հիշեցրեց, որ Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի շնորհիվ է, որ այսօր կա Հայաստանը: «Սարդարապատում կանգնեցրել եք թուրքին, մի՞թե սրանք թուրքից ուժեղ են: Մայիսի 6-ն էլ մի նոր Սարդարապատ է»,-ասաց նա՝ նշելով, թե մայիսի 6-ին աշխարհի ամենաարժանապատիվ ազգը դառնալու հնարավորություն է ստեղծվել, իսկ դրա համար պարզապես՝ «ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս