«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 7 տարի առաջ սպանություն կատարած Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանի եղբորորդին` Սմբատը, ոստիկանության աշխատակիցների կողմից երեկ երեկոյան հայտնաբերվել և կալանավորվել է:
Կապ հաստատելով Կամո Գրիգորյանի հետ` վերջինս պատրաստակամորեն պատասխանեց Armlur.am-ի հեռախոսազանգին, ապա, իմանալով, որ զրուցում է լրագրողի հետ, միանգամից հերքեց, որ ինքը գյուղապետն է: «Ես ընդհանրապես առանձին մարդ եմ»,- ասաց մեր զրուցակիցը:
Թե հետագայում ինչպես կբացատրի մարդասպան եղբորորդուն թաքցնելու փաստը, դժվար չէ կանխատեսել, սակայն փաստն այն է, որ Գրիգորյան եղբայրները հրաժարվում էին իրենց որդուց:
Ի դեպ, մեր տեղեկություններով` Կամո Գրիգորյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականն է: Նա երկու անգամ անընդմեջ վերընտրվել է իր պաշտոնում:
Հիշեցնենք, որ Սմբատ Գրիգորյանը 2007 թվականի փետրվարի 18-ին Բալահովիտի 20-ամյա բնակիչ Սերյոժա Մկրտչյանին դանակի 5 հարվածով սպանել էր և հորեղբոր միջնորդությամբ փախել երկրից:
Իսկ Սմբատի հայրը` Կորյուն Գրիգորյանը, ավելի վաղ Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, թե նման որդի չունի, իր միակ որդին ամուսնացած է և ապրում է Աբովյանում:
Մինչդեռ սպանվածի հարազատները շարունակում էին պնդել, որ հենց գյուղապետի եղբորորդին է եղել դանակահարողը, ում նկատմամբ անգամ հետախուզում չէր հայտարարվում:
«Կամոն գյուղապետ էր: Ձեռքը խփում դրա ուսին ու ասում` չվախենաս, ձեռքդ ոնց ուզումա կտրի, ես տեր եմ: Դրանից առաջ էլ մի 7-8 անգամ մարդկանց դանակահարել էր, ու տենց էլ գործը փակվեց: Ի՞նչ օրենք է, ի՞նչ արդարություն: Մարդասպան թաքցնողը երկրորդ անգամ նորից գյուղապետ դարձավ»,- Armlur.am-ին ասել էր սպանված Սերյոժայի հայրը` Վահան Մկրտչյանը` հավելելով, որ երկար բողոքելուց հետո միայն այս տարվա մարտի 8-ին Սմբատի նկատմամբ հետախուզում հայտարարվեց: