Բալահովիտի գյուղապետի եղբորորդին երիտասարդի կյանք է խլել ու փախել. ուշագրավ փաստեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ  armlur.am-ը սկսեց հետաքրքրվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բենզալցակայանում մայիսի 22-ին հնչած կրակոցներով, բավականին ուշագրավ մի պատմություն բացահայտվեց:

Պարզվում է` 2007 թվականի փետրվարի 18-ին Բալահովիտի 20-ամյա բնակիչ Սերյոժա Մկրտչյանը գյուղապետ Կամո Գրիգորյանի եղբորորդու` Սմբատի կողմից հասցված դանակի 5 հարվածներից մահացել է: Սակայն գործը չի բացահայտվել:

Իսկ ինչից սկսվեց ամեն ինչ. մեզ հասած տեղեկությունների համաձայն` Բալահովիտի գյուղապետը ևս եղել է նշված օրը հնչած կրակոցների դեպքի վայր հանդիսացող բենզալցակայանում: Ավելի ճիշտ, նա այդ բենզալցակայանի բաժնետերերից է, և մայիսի 22-ին արձակված կրակոցների օրը դեպքի վայր էր հրավիրվել: Սակայն գյուղապետը խուսափում է հաստատել լուրը:

Armlur.am-ի հետ զրույցում գյուղապետ Կամո Գրիգորյանի եղբայրը` Կորյուն Գրիգորյանն, ամբողջությամբ հերքեց, որ իր գյուղապետ եղբայրը կարող է մանրամասներ իմանալ դեպքի մասին: «Մենք բան չգիտենք»,- ասաց նա:

Երբ Կորյուն Գրիգորյանին հիշեցրեցինք իր անչափահաս որդու կատարած հանցանքի մասին, որն այժմ հետախուզման մեջ է գտնվում, դարձյալ հերքեց: Նա ասաց, որ մի տղա ունի, ով այժմ ծառայում է բանակում: Կարելի է ենթադրել, որ գյուղապետը հրաժարվում է իր այն զավակից, ում օգնել է փախչել երկրից և խուսափել պատժից:

Մինչդեռ սպանվածի հարազատները շարունակում են պնդել, որ հենց գյուղապետի եղբորորդին է եղել դանակահարողը:

«Էս ի՞նչ օրենք է, ի՞նչ արդարություն: Մարդասպան թաքցնողը երկրորդ անգամ նորից գյուղապետ դարձավ: Դեպքը լինելու հաջորդ տարին վերընտրվեց»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց սպանված Սերյոժայի հայրը` Վահան Մկրտչյանը:

Որդեկորույս հայրը հայտնեց, որ այդ ժամանակ անչափահաս մարդասպանի նկատմամբ անգամ հետախուզում չի հայտարարվել: Երկար բողոքելուց և բարձրաձայնելուց հետո միայն` մարտի 8-ին, սպանվածի հարազատները կարողացել են հասնել աննշան հաջողության. գոնե հետախուզում է հայտարարվել:

«Կամոն գյուղապետ էր, ձեռքը խփում էր դրա ուսին ու ասում էր` չվախենաս, ձեռքդ ոնց կտրում ա, կտրի, ինչ անես, տեր եմ: Դրանից առաջ էլ մի 7-8 անգամ մարդկանց դանակահարել էր, ու տենց էլ գործը փակվեց»,- պատմեց սպանված երիտասարդի հայրը:

Վերջինս դժգոհեց ճակատագրից, թե ինչպես կարող էր գրեթե չեղած բանի պատճառով իր երեխան զրկվել կյանքից, այն երեխան, ում բոլոր հարազատները մինչ օրս սիրով են հիշում:

Այն, որ տղայական վիճաբանությունը, անպատժելիությունն ու հղփացածությունը կարող է մարդու կյանք խլել, զայրացնում է բալահովիտցուն: Նա համոզված է, որ իր տաղանդաշատ ու խելացի որդու կորուստը դժբախտություն էր ողջ Հայաստանի համար:

«Դեպքի օրը իմ տղան իր ընկերոջ հետ քայլելիս է եղել: Նիվայով հետևից գալուց ա եղել Սմբատը: Հետո դալնի գցած ա (հեռահար լույսերով ազդանշան տալ) եղել: Տղուս ընկերը` Գառնիկը, շրջվելա, լույսն ընկելա աչքերին: Էն էլ, թե` ախպեր բա խի ես թարս նայում, էրեխեն ասելա` մթության մեջ ի՞նչ իմացար թարս եմ նայում: Հետո վիճաբանություն է սկսվել: Տղա են ասենք, սկսումա ծեծկռտուքը, տղուս ընկերոջը էտի դանակով խփում ա, Գառնիկը գոռումա` Սերոժ խփին: Տղես ուզում ա օգնի, թիկունքից հինգ անգամ Սմբատը խփումա տղուս: Ընկերը փրկվումա, իսկ տղուս, տասնութ օր պայքարելուց հետո, չհաջողվեց օգնել»,- մեծ ցավով հիշեց Սերյոժայի հայրը` նշելով, որ մահվան մահճում անգամ իր տղան ցուցմունք չէր տալիս և իրենց էլ արգելում էր ցուցմունք տալ գյուղապետի եղբորորդու դեմ:

«Ամեն տեղ դիմել եմ` նախագահից սկսած: Ասում են` բավարար ապացույցներ չկան: Բայց չեմ հասկանում` երեք հոգու դանակահարել ա, որից մեկը մահացել ա, մյուսն էլ հազիվա փրկվել, դա բավարար ապացույց չի՞: Դրանից ավել ինչ ապացույց են ուզում»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ գյուղապետ Կամո Գրիգորյանի եղբորորդուն «վերևից են պահում»:

«Եթե հիմա իմ էրեխեն արած լիներ, օդերով կհանեին: Անիմաստ վիճաբանությունից իմ էրեխուն սպանեցին: Հանցագործը չպատժվեց, ազատության մեջա, եթե ուզենան, նախագահի մակարդակով դժվար չի գտնելը: 17 տարեկան վիժվածք էր, էդ ժամանակ նա իր միջոցներով հո չէ՞ր կարողանա թաքնվել, նրան օգնե՞լ են, չէ՞, որ թաքնվելա: Անչափահաս էր, իրան ո՞նց կարող են չբռնել: Զարմանալի է, որ գիտեն հանցագործին, գիտեն` նրան ովա թաքցնում, ու չեն բերում: Աբսուրդա էլի»,- շարունակելով խոսքը` ասաց բալահովիտցի որդեկորույս հայրը` հայտնելով, որ ինքը բազմիցս տեղեկություններ է ստացել, որ Սմբատ Գրիգորյանն անկաշկանդ քայլում է փողոցներով, անգամ քրոջ հարսանիքին է մասնակցել:

Նա հայտնեց, որ Գրիգորյանի հարազատների կողմից իր և իր հարազատների հասցեին սպառնալիքներ են հնչել, թե «եթե դիմումդ հետ չվերցնես, աղջկադ տեղն էլ գիտենք, տղայինդ էլ, նայի չվերացնենք»:

Այս առիթով սպանված Սերյոժայի հայրը դիմել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վեցերորդ գլխավոր վարչություն, որտեղ դիմում է ներկայացրել, սակայն գործին հետագայում էլի ընթացք չի տրվել:

«Անմեղ էրեխու կյանք խլեցին ու անպատիժ մնացին: Եթե ես կորցնելու բան չունենայի, ես կգնայի սաղի տունը կվառեի: Համալսարանի երկրորդ կուրսում էր սովորել, բանակում լավագույն զինծառայողն ա եղել, կարող էր մոտիկ տեղ ծառայել, բայց ասեց` չէ, պիտի Ղարաբաղում ծառայեմ: Մարտակերտում ծառայեց, հակաօդային պաշտպանության ստորաբաժանման զինծառայող է եղել: Բոլորի համար սիրված ու ընդունված: Գիտե՞ս` ինչ ապագա կունենար իմ երեխան»,- ասաց հայրը, համոզմունք հայտնելով, որ գյուղապետի եղբորորդու մեջ նախանձն է խոսել, քանի որ Սերյոժան գյուղում շատ սիրված է եղել, իսկ ինքը` ոչ:

Տաթև Հարությունյան




Լրահոս