Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհները տանում են դեպի ԲՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին հայտնվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տրամադրության տակ: Երեկ նա վերջին շրջանում երկրորդ անգամ հյուրընկալվեց ԲՀԿ առաջնորդին: Հարկ է նկատել, որ առաջին նախագահը նման քայլի հարկադրաբար է գնում:

Դեռևս 2008-ի քարոզարշավի ժամանակ Կոտայքի մարզի քաղաքներում նա, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, Գագիկ Ծառուկյանին կոչ էր անում միանալ համաժողովրդական շարժմանը: Արդեն ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ այդ ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել է նաև հայտնի օլիգարխի` Առինջում գտնվող առանձնատանը:

Հետընտրական հանրահավաքներում օլիգարխին մինչ այդ «բոմժ» դարձնել խոստացող Լ. Տեր-Պետրոսյանը, ուրիշ ելք չունենալով, անսպասելիորեն սկսեց ԲՀԿ առաջնորդին գովեստի խոսքերով ներկայացնել:

Առաջին նախագահը դեռ այն ժամանակ էր որոշել, որ բոլոր ճանապարհները տանում են ԲՀԿ:

Իսկ հիմա ժամանակն է ամփոփելու, որ մինչ դեմ առ դեմ հանդիպումների շարքը ՀԱԿ առաջնորդի ճիգերը զրոյական արդյունք են ունեցել: Այսուհանդերձ, ԼՏՊ-ն անհանգստանալու ոչինչ չունի, քանի որ նա կորցնելու որևէ բան նույնպես չունի:

Թեկուզև, ի տարբերություն Գ. Ծառուկյանի, ով հանուն քաղաքական կարիերայի (ինչով նա դեռևս առանձնապես չի ոգևորվում) կարող է բիզնեսները վտանգել: Ավելին, ԲՀԿ-ն հազիվ թե երբևէ ավելի ակտիվ կամ առավել ևս ընդդիմադիր դառնա, քանի որ Գ. Ծառուկյանը նրբանկատորեն պահպանում է այն եզրը, որից այն կողմ նա հատած կլինի վտանգավորության սահմանը:

Ճիշտ է, նա հեշտությամբ, գրեթե առանց ջանքերի է միլիոնատեր դարձել, բայց, բնականաբար, հանուն քաղաքական կարիերայի դժվար է թեկուզ հեշտությամբ ձեռք բերածը վտանգել:

Ինչպես նշեցինք, Ծառուկյանի բիզնեսները Տեր-Պետրոսյանին չեն հետաքրքրում: Ավելին, առաջին նախագահը հաստատ արդեն թաքուն հույսեր է փայփայում, որ հարմար պահին օլիգարխը միջոցներ չի խնայի համատեղ ճոխ քարոզարշավ կազմակերպելու համար: Իսկ մինչ այդ թե՛ նշված զույգի, թե՛ քառյակի հարաբերություններում գերիշխող է լինելու սպասողականությունը: Նրանք ընտրել են ու շարունակելու են ժամանակ ձգելու մարտավարությունը:

Իսկ հանդիպումներն ընդամենը փաստում են, որ քառյակի ճակատագիրը նշված երկու անձանց ձեռքերում է. երբ մեկն իրեն քաղաքական, մյուսը բիզնեսի տիտան է համարում, ու ամենակարողների հանդիպումներն ավարտվում են ջերմ ձեռքսեղմումներով, և յուրաքանչյուրն իր տուն է գնում:

Իրական քաղաքականությամբ զբաղվելու ժամանակը դեռևս չի եկել. խոստացված հանրահավաքը երկարաձգվելու է մինչև նախընտրական ժամանակներ` անգամ վտանգելով քառանկյան կողմերից մեկի ընդվզելու ու հեռանալու հնարավորությունը: Համենայն դեպս, «Դաշնակցությունն» ու «Ժառանգությունը» ինքնուրույն խաղ սկսելու փորձ ու կարողություն ունեն, ու դեռևս անհայտ է, թե նրանք որքան կհանդուրժեն տիտանների կամակորությունները, թեև չհանդուրժելու դեպքում էլ առանձնապես ոչինչ չի փոխվի:

Ակնհայտ է, որ կեսօրին` չորսով, երեկոյան` զույգով հանդիպելու փաստը նրանք ցավագին չեն ընդունում, քանի որ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն էլ չեն շտապում, ու անորոշությունը ձեռնտու է նաև վերջիններիս:

Դավիթ Վանեսյան




Լրահոս