ՍԻՍԻԱՆՈՒՄ ՀՀԿ-Ն ՃՆՇՈՒՄ Է ԲՀԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի` Սիսիան այցելելուց հետո իրավիճակն այնտեղ ավելի է լարվել: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` սիսիանցիները որոշել են բոյկոտել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ չքվեարկել նրա «թեկնածուի»` Հայկ Գրիգորյանի օգտին: Սիսիանցիներն անգամ կոչ են անում թասիբով լինել եւ ձայն տալ իրենց  համաքաղաքացուն` Թաթուլ Հակոբյանին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` այնտեղ մարդկանց  ճնշում են հատկապես գիշերը, որ աղմուկ չլինի: Տեղեկացանք, որ նախորդ գիշեր ՄԱԿ-ի Սիսիանի կառույցի ղեկավար Սեւադա Գասպարյանը հրավիրվել է Սիսիանի ոստիկանություն: Նրա հետ «բանակցել» են Սիսիանի ոստիկանապետն ու ՀՀԿ Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանը, որպեսզի ընտրեն ՀՀԿ թեկնածուին: Սակայն Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ  ոստիկանապետն իր շատ մոտ ընկերն է. «Մենք իրար հետ հանդիպելու ժամանակ նման թեմայի շուրջ չենք խոսում, ինքն իր հայացքներն ունի, ես` իմ»:
Հանրապետականները ծանր վիճակի մեջ են դրել նաեւ իրենց կոալիցիոն գործընկերոջը` ԲՀԿ-ին: Մեր տեղեկություններով` Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը պայմանավորվել է բժշկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանի հետ` նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպում կազմակերպելու համար: Սակայն նշանակված հանդիպումից մեկ ժամ առաջ զանգահարել է գլխավոր բժիշկը եւ հայտնել, թե հանդիպումը չի կայանալու, քանի որ դա օրենքի խախտում է: Նույն պատճառաբանությամբ քաղաքապետին մերժել է նաեւ «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի տնօրեն, հանրապետական Ջիվան Մարգարյանը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Հակոբջանյանը:
«Սկզբից համաձայնության էինք եկել Արտյոմ Թադեւոսյանի հետ հանդիպելու համար, հետո զանգահարեց ինձ ու ասաց, թե գիտեք, օրենքի խախտում է, ես չեմ կարող եւ այլն: Հետո կտրականապես մերժեց ՀՀԿ-ական Ջիվան Մարգարյանը` ասելով, թե չի լինի, առանց պատճառաբանության: Միայն թիվ 1 դպրոցի տնօրեն Գոհար Սարգսյանը համաձայնեց մեզ ընդունել, բայց ես չցանկացա, որպեսզի ավելորդ քաշքշուկների մեջ չգցեմ այդ աղջկան ու հետաձգեցի նախընտրական հանդիպումը»,-նշեց Հակոբջանյանը` տեղեկացնելով, որ սպասում է կառույցների ղեկավարների գրավոր պատասխանին, որպեսզի հասկանա, թե ինչու է արգելվում հանդիպում կազմակերպել:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ ՀՀԿ Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:
Սիսիանի քաղաքական շրջանակներում խոսվում է, որ ՀՀԿ-ին զայրացրել է այն փաստը, որ Սերժ Սարգսյանի հանդիպումները Սյունիքում այնքան էլ լավ չեն անցել: Դրա համար էլ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է ԲՀԿ-ի հանդիպումը ձախողելու համար:
Ըստ մեր տեղեկությունների` իրավիճակի շուրջ Սիսիանի քաղաքապետը հեռախոսազրույց է ունեցել մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Նշվում է, որ Սուրիկ Խաչատրյանը շատ կոշտ է խոսել քաղաքապետի հետ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս