ՏԱՏԻԿԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՂԻՆ` 5,5 ՏԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե 27-ամյա Արենը երեք ժամ եղել է 84-ամյա տատիկ Արփենիկի տանը, նրան ծեծել, հետո բռնաբարել` առանց որեւէ բան գողանալու, ենթադրվում է, որ Արենը լավ խմած է եղել: Եթե մեղադրանքը «թարգմանենք», ապա հասարակ լեզվով ասած` նշանակում է, որ Արեն Սարուխանյանը, սպանելու սպառնալիքներ տալով, խախտել է Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Արփենիկ տատիկի սեռական եւ բնակարանի անձեռնմխելիությունը: Նշված հանցագործությունների (ՀՀ քր.օրի 137, 138, 147 հոդվածներ) համար Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ Ռաֆիկ Մելքոնյանի, արագացված դատաքննությամբ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Արեն Սարուխանյանին դատապարտեց 5 տարի 5 ամիս ազատազրկման:     
Հիշեցնենք, որ այս պատմությունը մեծ զարմանք առաջացրեց հանրության շրջանում եւ մեծ արձագանք գտավ նաեւ լրատվամիջոցներում: Ըստ քրեական գործի նյութերի` Արեն Սարուխանյանը 2011թ. հոկտեմբերի 16-ին` ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցություն տակ, հրել եւ բացել է համագյուղացի, միայնակ ապրող 84-ամյա Արփենիկ Անանյանի տան պատուհանը եւ ապօրինաբար ներխուժել տան երկրորդ հարկի հյուրասենյակ: Նախաքննական մարմնի ներկայացմամբ` Արենի նպատակը տատիկին բռնաբարելն է եղել: Նա երեք ժամ շարունակ` մինչեւ 17.10.2011թ. ժամը 02:00-ի սահմանները, տատիկին ճնշել է. ձեռքով, այնուհետեւ բարձով բերանը փակելով եւ սպանության սպառնալիքներ տալով, բռունցքներով դեմքին եւ մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով` ծեծել ու մարմնական վնասվածքներ է պատճառել, հետո բռնությամբ մերկացրել ու անկողնու մեջ, Արփենիկ տատիկի կամքին հակառակ, սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Դատաքննության ընթացքում Արեն Սարուխանյանն ընդունել է մեղքը եւ միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել. դատարանն էլ գտել է, որ նախաքննական մարմինն Արենի արարքները ճիշտ է որակել, եւ ընդունել է միջնորդությունը: Պատիժ նշանակելիս դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ձեռք չի բերել: Իսկ որպես ծանրացնող հանգամանք` դատարանը հաշվի է առել հանցագործությունների վտանգավոր «ռեցիդիվը», այսինքն` նախկինում ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտվելուց հետո կրկին ծանր հանցանք կատարելու փաստը: Մասնավորապես` ամբաստանյալը 2009թ. նոյեմբերի 26-ին բռնաբարության փորձի եւ ուրիշի տուն ապօրինի մուտք գործելու համար դատապարտվել էր երեք տարի տասնհինգ օր ժամկետով ազատազրկման եւ 2011թ. համաներմամբ ազատվել պատժի հետագա կրումից: Սակայն դատվածությունը դեռ չմարված` կրկին նմանատիպ հանցագործություն է կատարել: Ու թեեւ մեղադրանքի հետ Արեն Սարուխանյանը համաձայն է, սակայն կարծում է, որ հինգուկես տարին խիստ պատիժ է իր համար: Նա բողոքարկել է դատավճիռը վերաքննիչ դատարան եւ ավելի մեղմ պատիժ է ակնկալում:  

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս