ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՑԻ՞Կ, ԹԵ՞ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում հյուրընկալվեցին ԱԺ պատգամավոր, թիվ 7 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանն (Լֆիկ Սամո) ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը: Թիվ 190 ավագ դպրոցի տնօրինության կողմից միջոցառում էր կազմակերվել նրանց պատվին. դպրոցականները հայրենասիրական թեմաներով երգեցին եւ պարեցին: Դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ ուսուցիչները գոհ էին եւ հպարտ: «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչը եւս այնտեղ էր` որպես աշակերտներից մեկի ծնող:
Միջոցառումը, բնականաբար, քարոզարշավի այս օրերին ավելի շատ վերածվեց  նախընտրական արշավի: Թեեւ բոլորն ասում էին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը միշտ այցելել է իրենց, բայց տպավորությունն այնպիսին էր, որ այս անգամ պատգամավորի ու թաղապետի եւ նրանց միացած դպրոցի տնօրենի այցի նպատակն ընտրությունների օրը հասարակությանը կողմնորոշելն էր:
«Ես ցանկանում եմ, որ բոլորիդ տրամադրությունը միշտ այսպես բարձր լինի: Եւ թող այս սիրով եւ այս հաղթական տրամադրությամբ էլ բոլորս միասին մասնակցենք մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին եւ քվեարկենք Հայաստանի հանրապետական կուսակցության եւ մեր շատ սիրելի պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի օգտին»,-կոչ արեց թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը: Նրա տրամադրությունն ավելի բարձրացավ, երբ Դավիթ Օհանյանը ծրարով 700 հազար դրամ հանձնեց: Դպրոցի տնօրենը շտապեց դահլիճին տեղեկացնել, որ գումարը որպես ընտրակաշառք չընկալեն. «Այն տրվել է ի շահ դպրոցի եւ աշակերտների: Այս գումարը ծախսվելու է «Փառքի սրահ»-ի կառուցման համար»:
 Տիկին Զատիկյանի ակտիվ քարոզչությունից հետո ելույթ ունեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը: Նա իր խոսքում ասաց, որ շնորհիվ Սամվել Ալեքսանյանի` արդեն 1500 հիվանդ մարդ անվճար բուժվել է. «Կարող եք ձեր բարեկամների կամ ծանոթների հետ նույնպես դիմել ու կհամոզվեք դրանում»: Իր ելույթից հետո Դավիթ Օհանյանն իրենց պատվին ելույթ ունեցած ե՛ւ աշակերտներին, ե՛ւ ուսուցիչներին ծրարներ հանձնեց: Իսկ դպրոցի ուսուցիչները հետեւում էին, որպեսզի ծնողները ծափահարեին եւ չլքեին դահլիճը: Նվերները հանձնելուց հետո Դ. Օհանյանը դիմեց դալիճին. «Խցիկում դուք լինելու եք մենակ, բայց գոնե այդ ժամանակ ձեր հոգու հանգստության համար կատարե՛ք ճիշտ քայլ` քվեարկելով Սամվել Ալեքսանյանի եւ ՀՀԿ-ի օգտին: Մենք խնդրում ենք ձեր քվեն: Մի՛շտ իմացեք, որ իմ դռները ձեզ համար բաց են, իսկ Սամվել Ալեքսանյանը` հասանելի»: Ելույթի վերջում թաղապետը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենին, որ նման հանդիպում էր կազմակերպել ծնողների հետ:
Օհանյանից հետո ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, թիվ 7 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանը: «Ժողովո՛ւրդ, ի՞նչ հարցեր ունեք»,-սկզբում հետաքրքրվեց պատգամավորի թեկնածուն, ապա տեսնելով, որ ոչ ոք չի արձագանքում, շարունակեց. «Ժողովո՛ւրդ ջան, էդ վերջի զանգի համար հանկարծ փող-մող չհավաքեք: Էրեխեքը «Փարվանա»-ում կնշեն»: Դալիճից մեկը հետաքրքրվեց, թե այդ հայտարարությունը վերաբերվում է 9-րդ դասարանի աշակերտներին, թե այս տարվա շրջանավարտներին. «Մի՛ անհանգստացեք, մյուս տարի էլ իրանք կանեն «Փարվանա»-ում: Ամեն տարի էլ անում ենք: Էդ նորություն չի»:
Միջոցառման ավարտին աշակերտներից ոմանք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ ծրարում 100 ամերիկյան դոլար է եղել: Մենք փորձեցինք հետաքրքրվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանից` արդյոք տրված գումարներն ընտրակաշառք չեն. «Մենք ամեն տարի նման միջոցառումներ կազմակերպում ենք: Ու այդ ծրարների մեջ եղել են ընդամենը շնորհավորական բացիկներ: Մենք մեր համայնքի պատգամավորի հետ ամեն տարի էլ նման միջոցառումներ կազմակերպում ենք: Նորություն չէ: Բացիկը ո՞նց կարա կաշառք լինի»:
Ահա այսպես ավարտվեց թիվ 190 դպրոցում «հյուրերի պատվին» կազմակերպված միջոցառումը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս