Բնապահպանների ու «Մեգո գոլդ»-ի հակամարտությունը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Oրերս «Մեգո գոլդ» ընկերությունը Թուխմանուկի ոսկու հանքավայրի բացհանքի նախագիծ է ներկայացրել, որի հասարակական քննարկումը կլինի այսօր` Մելիքգյուղի գյուղապետարանում: Բնապահպաններն ահազանգում են, որ այս նախագծում պոչամբարը նշված է արդեն բոլորովին այլ տեղում և մոտ 5 անգամ մեծ է, քան Մելիքգյուղը:

Բնապահպան Գրետա Գաբրիելյանի խոսքով` ներկայում  «Մեգո-Գոլդ»-ը ներկայացրել է բացհանքի նոր նախագիծ, դարձյալ ոչ լրիվ, առանց պոչամբարի ու ֆաբրիկայի: «Միտումնավոր հաշվի չեն առնված դիմումատուի` ՀՀ-ում ունեցած նախկին ընդերքօգտագործման մասին տեղեկությունները, հակառակ դեպքում Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը չէր կարող այսպիսի նախագիծ ընդունել, բայց այն ընդունելով ցանկանում են կոծկել նախկին ապօրինի հանքահանումը»,- պնդում է բնապահպանը:

Բնապահպանի պնդմամբ` այս նախագծում պոչամբարը նշված է արդեն բոլորովին այլ տեղում և մոտ 5 ամգամ մեծ է քան Մելիքգյուղը: Այն նախատեսվում է կառուցել Հալավար գետի հունում, գյուղատնտեսական հողերի վրա, Հալավարի ջրամբարի անմիջապես վերևում: Ըստ բնապահպանի` Մելիքգյուղը, Միրաքը և Ռյա-Թազան մնալու են ֆաբրիկայի և պոչամբարի արանքում: «Պատրա՞ստ են այս գյուղերի տնտեսությունները կորցնել իրենց գյուղատնտեսական հողերը լցակույտերի ու պոչամբարի տակ, կարո՞ղ են ապրել պոչամբարի հարևանությամբ, կորցնել իրենց մաքուր ջրերը, իրենց ավանդական աշխատատեղերը, այն հույսով, որ ինչ-որ հանքագործի աշխատանք է գոյանալու, այն էլ` ժամանակավոր: Դրանից հետո կարողանալո՞ւ են ապրել այդ տարածքում»,- հետաքրքրվում է բնապահպանը:

Իսկ ահա «Մեգո գոլդ» ընկերության տնօրինությունը վստահեցնում է, որ իրականում, ընկերության կողմից ներկայացված և հանրորեն հասանելի փաստաթղթերի համաձայն` պոչամբարի տարածքը կազմում է ընդամենը 1,53 հեկտար, իսկ Մելիքգյուղի վարչական տարածքը` մոտ 2900 հեկտար է. այն է` պոչամբարի տարածքը ոչ թե 5 անգամ մեծ է Մելիքգյուղի տարածքից, այլ 1895 անգամ փոքր է նրանից:
Օրեր առաջ մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից հունիսի 30-ին տրվել է փորձաքննական դրական եզրակացություն «Մեգո գոլդ» ընկերության կողմից ներկայացված` ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի նոր պոչամբարի նախագծին: Սա հիասթափություն և խորը վրդովմունք է առաջացրել ոչ միայն բնապահպանների, այլև Մելիքգյուղի բնակիչների մոտ: Այս առիթով, Մելիքգյուղի մի խումբ երիտասարդներ բաց նամակով դիմել են նախարարին:

Սակայն «Մեգո գոլդ» ընկերության տնօրինությունը «Ժողովուրդ»-ին ներկայացված իր մեկնաբանության մեջ պնդում է, որ այդ նամակը կեղծված է. «Բնապահպանների կողմից կազմակերպվել, համացանցով ու այլ միջոցներով տարածվել է Բաց նամակ բնահապհանության նախարարին» անվամբ մի փաստաթուղթ, որն իբր ստորագրվել էր համայնքի 20 անդամների կողմից` Ընկերության գործունեության դեմ: Նամակում ներառվել են ամպագոռգոռ, սակայն սին արտահայտություններ պետական մակարդակի խարդախության, կոռուպցիայի, համայնքի անդամների սահմանադրական իրավունքների համատարած խախտման, և այլ հրեշավոր արարքների վերաբերյալ` հընթացս գովերգելով կեղծաբան հեղինակների գործունեությունը: Պարզվել է, սակայն, որ նամակի տակ դրված 20 ստորագրություններից 11-ը պարզապես կեղծվել է, իսկ ստորագրողներից ևս 4-ը ընդհանրապես համայնքի անդամ չեն: Այդ կեղծիքին զոհ դարձած համայնքի անդամներն արդեն տեղեկացրել են այդ մասին ընկերությանը և բնապահպանության նախարարին:

«Մեգո գոլդ» ընկերության տնօրինությունը վրդովված է բնապահպանների այն հայտարարություններից, թե ընկերության գործունեության արդյունքում Թուխմանուկին հարակից Մելիքգյուղի համայնքում «երեխաներ չեն ծնվում», «ծնելիությունը գրեթե զրոյական է»: Այս առումով ընկերությունը «Ժողովուրդ»-ին որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացրեց.«Իրականում Մելիքգյուղում նույն ժամանակահատվածում ծնվել էր 32 երեխա, իսկ գյուղում ծնելիության ցուցանիշը մոտ 1.7 անգամ գերազանցում էր Հայաստանում այդ ժամանակահատվածի ծնելիության ցուցանիշը: Նույն անձինք պնդել են, թե իբր «բազմապատիկ անգամ նվազել է հողի բերքատվությունը», «գյուղացիները բերք չեն ստանում», «համայնքի գյուղատնտեսությանը պատճառվել է մեծ ծավալի վնաս», երբ իրականում համայնքը ստացել էր գարու և կարտոֆիլի ռեկորդային բերք, իսկ առվույտի և այլ կուլտուրաների բերքատվությունը նույնպես միջինից բարձր էր»:

Իսկ բնապահպանների այն պնդումները, թե իբր «Թուխմանուկի 3-րդ պոչամբարը 5 անգամ մեծ է լինելու Մելիքգյուղից», «շահագործումից կարճ ժամանակ անց գյուղը ստիպված պետք է տեղափոխել» կամ «պոչամբարը կառուցվում է մի հատվածում, որտեղից 3 գյուղ պետք է տեղափոխվի», ընկերությունում համարում են «զառանցանքային պնդումներ»:

Ավելին, նրանք հայտարարում են, թե նույն բնապահպանները գործում և հրահանգավորվում են Ընկերութան դեմ միջազգային և օտարերկրյա իրավական ատյաններում պարտություն կրած անձանց կողմից, որոնց նպատակն է հասարակությանը հրամցնել Ընկերության գործունեության վերաբերյալ առավելագույնս կեղծ և շինծու պնդումներ: Ի դեպ, ընկերությունը պատրաստ է ներկայացնել վերոնշյալը հաստատող նյութեր:

Թե որքան կշարունակվի բնապահպանների և հանքարդյունահանողների միջև այս պայքարը, և ում ներկայացրած տեղեկատվությունն է առավել հավաստի` դժվար է ասել: Ամեն դեպքում անվիճելի է մեկ բան. որևէ վայրում, անգամ բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ շահագործվող բացհանքը և պոչամբարը չեն կարող չվնասել բնությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս