Թատրոնը միայն ժամանցի վայր չէ. Երվանդ Մանարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակութային կյանքը՝ իր զանազան դրսևորումներով, մարդկային արժեհամակարգի ձևավորման վրա թողնում է իր անմիջական ազդեցությունը: Թատրոնը՝որպես մշակութային օրրան, հասարակության զարգացվածության աստիճանի ուղղորդիչներից մեկը կարող է հանդիսանալ: Սակայն, ցավոք, այսօր Հայաստանում գործող թատրոնների մեծ մասում ներկայացումներն ընթանում են կիսադատարկ դահլիճներում:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանի հետ` թատրոնի մերօրյա դերակատարության շուրջ:

– Պարոն Մանարյան, Դուք, արվեստի վաստակավոր գործիչ լինելով, ինչպե՞ս կգնահատեք մերօրյա թատրոնի գործունեությունն ու գործառույթը:

– Ցավալի թեմա է: Պետք է ասեմ, որ թատրոնի գործառույթը մեր օրերում լավ չի կատարվում: Թատրոնը կոչված է մարդկանց հավաքելու, ուղղություն տալու, օգնելու… Բացի գեղագիտական գործառույթ կատարելուց, թատրոնը պիտի կարողանա քաղաքացիական լուրջ հարցեր բարձրացնել, ժամանակի ցավոտ թեմաներ արծարծել: Երբեմն թատրոնի գեղագիտական մոտեցումը չափից ավելի է լինում, այնքան ավելի, որ պարզապես վերածվում է այլ գործառույթ կատարող երևույթի:

– Մեր օրերում մարդիկ սկսել են ավելի շատ կարևորել ձևը, քան բովանդակությունը:

Միգուցե մի փոքր տարօրինակ է ասածս, բայց քիչ չեն նաև այնպիսի դեպքերը, երբ մարդիկ զուտ ձևական կողմն ապահովելու համար են հաճախում թատրոն, քանի որ դա բարեկրթության նշան է:

– Հենց դա է պատճառը: Թատրոնի գործառույթը մասամբ արժեզրկվել է, ցավալի է, բայց դա փաստ է: Պետք է ասեմ, որ նույնիսկ խորհրդային տարիներին էր այդպիսի միտում նկատվում: Այսինքն` չի կարելի ասել, որ միայն մեր ժամանակներում են թատրոնի գործառույթները մասամբ կատարվում: Խորհրդային իշխանության օրոք դերասանները, երբեմն ստիպված, տվյալ ժամանակի թելադրանքով կատարում էին այնպիսի աշխատանք, որը հարիր չէր թատրոնի դերասանին: Ավելի ճիշտ, ոչ ամբողջությամբ էր կատարվում թատրոնի բուն ֆունկցիան: Թատրոնը պետք է ոչ միայն ժամանց ապահովի, մարդկանց գեղագիտական քաղցը բավարարի, այլև պատրաստակամ լինի տվյալ ժամանակի խնդիրների լուծումներն առաջադրել:

– Դեռևս խորհրդային հասարակարգից առաջ էլ Հայաստանում դրամատուրգիան զարգացած էր: Թատրոնը, դերասանական կյանքը բուռն ընթացքի մեջ էր: Այդ ամենի տրամաբանական շարունակությունը պահպանվե՞ց:

– Շիրվանզադեի «Պատվի համար»-ը դրա վառ օրինակն է, այդ գործում բավականին լուրջ անդրադարձեր են արվում: Վեր են հանվում կյանքի լուրջ գաղափարներ, մարդկանց հուզող, անհանգստացնող թեմաների շուրջ բավականին ծանրակշիռ դատողություններ է պարունակում այս ստեղծագործությունը: Այ դա բացակայում է հիմա: Ես իհարկե չեմ ժխտում, որ շնորհալիները մեր օրերում էլ քիչ չեն, բայց թատրոնը, դերասանական խաղը ժամանցով, գեղագիտական գործունեությամբ գերհագեցնելն էլ ճիշտ չէ: Հեռուստատեսությունը և թատրոնը կարող են և պետք է շատ լուրջ ուսուցողական առաքելություն կատարեն: Քաղաքացիական գաղափարներ, լուրջ երևույթներ, որոնք կյանքի կարևորագույն հարցերից են … Այսպիսի երևույթների մասին տեղեկացնողի գործառույթը պատկանում է հենց թատրոնին ու հեռուստատեսությանը: Այսօր դա այդպես չէ, կամ էլ կիսով չափ է այդպես:

– Իսկ այսօրվա երիտասարդ դերասանների վարպետության մակարդակը ինչպե՞ս կգնահատեք:

Եւ դրական կողմեր կան, եւ բացասական: Երկուսն էլ շատ են: Միայն թատերական աշխարհում չէ այդպես, ամենուրեք նույն վիճակն է: Կան շնորհալիները, բայց կան նաև այնպիսիք, ովքեր չեն հասկանում իրենց իրական առաքելությունը: Այ դա ցավալի է: Ամեն մարդ պետք է հասկանա իր դերն ու նշանակությունը այս կյանքում: Բայց ես լիահույս եմ` ամեն ինչ չէ, որ կորած է:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս