Կառավարությունը՝ հետևելով մյուս գերատեսչությունների օրինակին, պետբյուջեի հաշվին իր մեքենաներն է վերանորոգում: Ետ չմնալով Ազգային ժողովից ու նախագահի աշխատակազմից՝ նրանք նույնպես մեքենաներ վերանորոգելու վրա ահռելի գումարներ են ծախսում:
Օգոստոսի 12-27-ն ընկած ժամանակահատվածում կառավարությունը ավտոտեխսպասարկման և ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսել է մոտ մեկ մլն դրամ:
Կառավարության աշխատակազմը հիմնականում օգտվել է «Տոյոտա Երևան», «Եվրոմոթորս» և «Կիա Մոթորս» ընկերություններից: Նշենք, որ «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Սեդրակ Քոչարյանը:
Բացի մեքենաների վերանորոգման ծառայություններից, ՀՀ կառավարության աշխատակազմն անվտանգության սարքերի վերանորոգման և պահպանման ծառայությունների համար պետական բյուջեից ծախսել է 120 հազար դրամ և օգտվել «ՍՕՍ Սիսթեմս» ընկերությունից: