Իշխանավորները պետբյուջեի հաշվին մեքենա են նորոգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայրենի Ազգային ժողովն ու ՀՀ նախագահի աշխատակազմը պետական բյուջեից գումար չեն խնայում իրենց մեքենաների նորոգման համար: Բանն այն է, որ միայն օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի աշխատակազմը մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման համար 4 անգամ դիմել է «մասնագետների»: Իսկ ահա ՀՀ ԱԺ-ն մեքենաների եւ սարքավորումների մեկանգամյա ընթացիկ նորոգման համար ծախսել է 2 միլիոն 300 հազար դրամ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է օգտվել հիմնականում «Կարկոմավտո» սերվիսի ծառայություններից: Նշենք, որ այդ ընկերությունը «Արմենիա Լադա» անվամբ հիմնադրել էր Ռաֆայել Շահմուրադյանը: Նրա սպանությունից հետո ընկերությունը, որն այժմ անվավնափոխվել եւ կոչվում է «Կարկոմավտո», ղեկավարում են նրա երկու որդիները` Կարեն և Աշոտ Շահմուրադյանները:

Այս ընկերությունը Հայաստան է ներկրում անգլիական աշխարհահռչակ «Range Rover» ֆրանսիական «Peugeot», «Chevrolet», «Nissan» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները, եւ նկատենք` «Կարկոմավտոյի» մատուցած ծառայությունները շատ թանկ արժեն:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի աշխատակազմին, ապա այստեղ հիմնականում օգտվել են «Տոյոտա Երևան» ընկերության ծառայություններից, որի սեփականատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի որդին է` Սեդրակ Քոչարյանը: ՀՀ նախագահի աշխատակազմը մեկ անգամ էլ օգտվել է «Եվրովագեն» ընկերության ծառայությունից, որի սեփականատերը Մանվել Դարբինյանն է:

Հիշեցնենք, որ Մ. Դարիբինյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հեռանալուց հետո իր հետ տարել է իր հայտնի «Ֆոլցվագեն-Ֆաետոն» մեքենան, որը Մ. Դարբինյանի ընկերության սեփականությունն էր£ Ըստ շրջանառվող տեղեկությունների այդ մեքենան չի գտնվել դատախազության հաշվեկշռում, թեև դրա վրա դրված են եղել պետական համարանիշներ եւ 2005թ.-ից Ա. Հովսեփյանը երթևեկել է հենց այդ մեքենայով:
Նշենք նաեւ, որ մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման համար ՀՀ նախագահի աշխատակազմը նշված ժամանակահատվածում ծախսել է մոտ 2 հազար դոլար:




Լրահոս