ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն ապրիլի 24-ին ընդունել է Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողների խմբին: Ըստ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին հաղորդագրության՝ Արմեն Գևորգյանն ուշագրավ է համարել, որ լրագրողները Հայաստան են այցելել այն օրերին, երբ հայ ժողովուրդը նշում է Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը:Կարևորելով ճանաչողական բնույթի այցերը` Ա. Գևորգյանը նկատել է, որ լրագրողները լավ հնարավորություն ունեն ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը:Այնուհետև փոխվարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հայաստանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության հարաբերություններին, երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի երկրների հետ փոխհարաբերություններին։
Նախարարը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձևավորված բարեկամական կապերը և հատկապես զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները:
Արմեն Գևորգյանը նաև հույս է հայտնել, որ Եգիպտոսում առաջիկա նախագահական ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կակտիվանան: Նրա խոսքով` փոխգործակցության հատկապես մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում:
Լրագրողների խնդրանքով փոխվարչապետն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, մայիսի 6 -ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: