ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՇՈՒՐՋ 120 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու համար հարուցված քրեական գործը լուրջ ընթացք է ստացել: Նշենք, որ սույն թվականի հունվարին ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի հատկանիշներով (ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը) քրեական գործ էր հարուցվել ՀՀ բնապահպանության նախարարության դեմ: Իսկ այժմ ստուգումներ են իրականացվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա խնամուն` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող ձկնաբուծարաններում: Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
-Պարոն Կոստանյան, ՀՀ բնապահպանության նախարարության դեմ հարուցված քրեական գործը` կապված ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու հետ, այժմ ինչ ընթացքում է, ինչպիսի կոնկրետ բացահայտումներ կան:
-Հարուցված է քրեական երկու գործ՝ մեկը Արարատի մարզում, մյուսը Արմավիրի, դա վերաբերում է հենց ջրօգտագործման ծավալների՝ չափից ավելի օգտագործմանը: Քրեական գործի շրջանակներում արդեն կպարզվի, թե դա ջրօգտագործողների կողմից չարաշահումների՞ արդյունք է, թե՞ այլ հիմքեր ունի:
-Իսկ այժմ կատարվող գործողությունները ո՞ր փուլում են գտնվում: Խնդրում եմ նշեք, թե այս ընթացքում ինչ է բացահայտվել:
-Դեռեւս նախաքննության փուլում է գտնվում գործը:
-Տեղեկություններ կան, որ Արարատի մարզի ձկնաբուծարաններում այժմ լուրջ ստուգումներ են իրականացվում: Նշվում է նաեւ, որ այդ ձկնաբուծարանները պատկանում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա խնամուն՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
-Բոլոր, բոլոր կազմակերպություններում, անխտիր բոլոր տեղերում՝ դա կլինի ձկնաբուծարան, կլինի գործարան, որն այլ տնտեսական գործունեություն է իրականացնում, կլինի խոշոր ջրօգտագործող` անկախ գործունեության տեսակից… ցանկացած գործունեության տեսակ, որն իր հիմքում ունի ջրօգտագործման մեծ ծավալներ, այս քրեական գործի շրջանակներում քննվելու է: Գործը հարուցվել է մոտ երկուսուկես ամիս առաջ, որի մասին շատ հրապարակումներ են եղել: Եվ այդ ստուգումները նոր չեն սկսվել, դրանք սկսվել են քրեական գործի հարուցումից անմիջապես հետո, այնպես որ` պետք չէ զարմանալ: Ուսումնասիրությունների ժամանակ արձանագրվել է, որ Արարատյան դաշտավայրում ջրառի ծավալները՝ օրենքով նախատեսվածից ավելին են եղել: Ջրօգտագործողների կողմից օգտագործվել է ավելի շատ չափաքանակ, իսկ քանի որ դա վնաս է պատճառել բնությանը, այդ փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Արդեն նշեցի, որ մեկը Արարատի, մյուսը Արմավիրի մարզում է: Քրեական գործի շրջանակներում իրականացվել ու այժմ էլ իրականացվում են մի շարք քննչական գործողությություններ՝ երկու մարզերում զուգահեռաբար: Քննչական գործողություններն իրականացվում են հատկապես տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում, որոնց թիվը երկու մարզերում հասնում է շուրջ 120-ի: Այդ քննչական գործողություններն իրականացվում են նաեւ «Արարատցեմենտ» գործարանում: Քննարկման առարկա է դառնում երեք կարեւոր ուղղություն` խորքային հորերի ապօրինի առկայությունը, շահագործումն առանց ջրօգտագործման թույլտվությունների, եւ ժամկետանց ջրօգտագործման պայմանագրերի առկայության պայմաններում ջրօգտագործման փաստերը: Ու կրկնվեմ՝ ավելի քան 120 տնտեսվարող սուբյեկտներ՝ կլինի դա ձկնաբուծական տնտեսություն, կլինեն այլ տնտեսություններ, որոնց ջրօգտագործման ծավալներն ավելի խոշոր են, այս քրեական գործի շրջանակներում քննվում են:
-Բայց ԲՀԿ-ում նշում են, որ սա քաղաքական հետապնդում է, քանի որ երկու դեպքերում էլ «շոշափվում» է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը եւ հենց նրան պատկանող օբյեկտներն են քննության թիրախ դարձել: Իրականում կա՞ նման բան:
-Ես արդեն նշեցի, թե ինչով են պայմավորված ստուգումները ու նշեցի, որ այդ քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ պետք է իրականացվեն տնտեսական գործողություն իրականացնող բոլոր կազմակերպություններում: Եթե չիրականացվեն այլ տնտեսական կազմակերպություններում, դա անընդունելի է: Ես կրկնում եմ, որ այդ քննչական գործողությունները կատարվել են ու կատարվելու են: Այսքանից հետո չեմ կարծում, թե կնշվի, որ որեւէ քաղաքական ուղղորդում կա կամ որեւէ խտրականություն: Այդ խտրականության մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ մենք այդ քննչական գործողությունն իրականացնենք բոլոր տեղերում եւ կոնկրետ մի տեղում այդ գործողությունը չիրականացնենք: Կարծում եմ՝ այդ դեպքում կարելի էր ասել, որ խտրականություն գոյություն ունի:
-Քրեական գործի շրջանակներում արդեն մեղադրյալներ կա՞ն:
-Ոչ, դեռեւս չկան:
«ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆՔԻՆԵՐԸ ՍՈՎԱԾ ՕՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ»
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե միայն ՀՀ կառավարության փոփոխության դեպքում կարող է Հայաստանում իրավիճակ փոխվել:
-Պարոն Գասպարյան, փետրվարի 15-ին կայացավ ԲՀԿ համագումարը, Ձեզ այն ինչ տվեց , արդյոք ստացա՞ք այն հարցերի պատասխանները, որոնք ակնկալում էիք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից:
-Համագումարում ասվեց այն, ինչ կա այսօր այս երկրում, այսինքն՝ խոսվեց երկրում տիրող իրավիճակի մասին: Գլխավոր խնդիրն այն է, որ այս կառավարությունը պետք է փոխվի:
-Միայն ՀՀ կառավարության փոփոխությամբ բոլոր հարցերը կլուծվե՞ն, գուցե ավելի խորքային հարցե՞ր կան, որոնք…
-Եթե կառավարություն փոխվի, նորմալ կառավարություն գա, աշխատի նորմալ, չթալանի, մտածի այս ժողովրդի մասին, ապա հարցը կլուծվի: Պարոն Ծառուկյանն ասաց՝ այսօրվա ժողովրդի վիճակն ինչպիսին է, ասաց այսօրվա ապրելակերպն ու պայմանները, ասաց, որ այսօր կա հնարավորություն այս երկիրը սարքելու, բայց չկա երաշխիք, իսկ այդ երաշխիքին հասնելու համար պետք է կառավարությունը փոխվի:
-Համագումարի ժամանակ Գ. Ծառուկյանը նաեւ հայտարարեց, որ Դուք՝ ԲՀԿ-ականներով, չպետք է մնաք Ձեր աշխատասենյակներում, այլ պետք է դուրս գաք փողոց ու հասկանաք, թե ինչ խնդիրներ ունի հասարակությունը: Դուք հետեւո՞ւմ եք ԲՀԿ առաջնորդի կոչին:
-Ճիշտ եք ասում, ԲՀԿ առաջնորդը նման կոչ է արել ու մենք էլ հետեւում ենք այդ կոչին:
-Խնդրում եմ կոնկրետ նշեք, թե ինչ եք արել այդ ուղղությամբ:
-Բնականաբար մեր մարզում, բնականաբար այնտեղ, որտեղ հասարակությունը խնդիրներ ունի… այսօր շատ լուրջ խնդիրներ ունեն ազատամարտիկները, որը եւս երկրում տիրող իրավիճակի հետեւանք է: Ցավալի է, ամոթ է, որ այսօր ազատամարտիկները, զոհվածների ընտանիքները սոված են իրենց օրն անցկացնում:
-Դուք ինչ եք անում այդ խնդիրների լուծման համար:
-Արդեն ասացի, որ պետք է կառավարությունը փոխվի, պետք է գան մարդիկ, որոնք ոչ թե տոնից տոն կհիշեն տղաներին, տոներին կգնան ծաղիկ կդնեն նրանց շիրիմներին, գլուխ կխոնարհեն, բայց երբ այդ զոհվածի ծնողը մտնի իրենց մոտ, ինչ-որ մի աջակցություն խնդրելու համար, քացով դուրս կհանեն, այլ` լինեն մարդիկ, որոնք կհասկանան այս երկրի գինն ու գնահատականը, կիմանան այդ տղաների գինը: Ոչ թե փախած մարդիկ լինեն, որոնք այդ տարիների ընթացքում փախած են եղել Ռուսաստան, փողեր են դիզել ու այսօր եկել պաշտոն են ստացել, ղեկավարում են:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԱՆԳՈՐԾ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ՕԵԿ եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանի՝ Քույրիկ Լեւոնի ներկայացրած հայցի հիման վրա նախնական դատական նիստը: Սակայն, մեր ներկայացուցիչը, հասնելով դատարան տեղեկացել է` նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: Պատճառը եղել է այն, որ դատավոր Սամվել Թադեւոսյանը, ում վարույթում գտնվում էին մեր թերթի դեմ ներկայացված հայցադիմումները, Սերժ Սարգսյանի` փետրվարի 13-ի հրամանով նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի դատավոր: Իսկ թերթի դեմ ներկայացված հայցի քննությունը հանձնվել է ուրիշ դատավորի` Կարինե Պետրոսյանին, որն էլ դեռ դատական նիստ չի նշանակել: Սակայն դատարանը, որ մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել փետրվարի 27-ին նշանակված նախնական դատական նիստի մասին, հարկ չէր համարել տեղյակ պահել պատասխանող կողմին, որ դատավորի փոփոխության պատճառով նիստը տեղի չի ունենա:
«ԷՐԵԲՈՒՆԻ» ՔԿՀ-Ն ՓԱԿՎՈ՞ՒՄ Է
«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ մի շարք ՔԿՀ-ներում դատապարտյալների ակտիվ տեղափոխություններ են սկսվել: Մեզ հայտնի դարձավ, որ շուտով կդադարի գործել «Էրեբունի» ՔԿՀ-ն: Այնտեղ երեկվա դրությամբ մոտ 30 դատապարտյալներ կային: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից պարզել, թե ինչով է պայմանավորված ՔԿՀ-ն փակելու որոշումը: Ղլեչյանը, սակայն, ասաց, թե նման բան չկա:
ՀՔԾ ՊԵՏԸ՝ ՓԱԽՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ
Երեկ «Ժողովուրդ»-ը հերթական անգամ նկատել է, թե ինչպես է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը կառավարության նիստի ավարտից հետո հեռանում հետնամուտքից: Այս անգամ «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ ՀՔԾ պետից հետաքրքրվել, թե ինչով է պայմանավորված իր ներկայությունը կառավարության նիստերին եւ, առհասարակ, ինչու է հետնամուտքից հեռանում՝ խուսափելով հանդիպել Կառավարության գլխավոր մուտքի մոտ հավաքված քաղաքացիների հետ: Վահրամ Շահինյանի պարզաբանմամբ՝ կառավարության նիստերին մասնակցում է աշխատանքի բերումով: Իսկ հետնամուտքով հեռանալու իր քայլն այսպես պատճառաբանեց. «Սա հետնամուտք չէ, սա կենտրոնական մուտք է եւ հետո այստեղից ավելի հագիստ է»: