Տարածքային կառավարման նախարարությունում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ջրառ և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներին է ներկայացրել ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին, քննարկվել են նաև ոռոգման տարեշրջանի ընթացքի հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ կոմիտեի նորանշանակ ղեկավարն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ համակարգի ընկերությունների հետ համատեղ ուժերով ոլորտում նոր հաջողություններ արձանագրելու համար:
Անդրադառնալով ոռոգման տարեշրջանի ընթացքին՝ փոխվարչապետը նկատել է, որ համակարգի համար տարին չափազանց բարդ ու դժվար էր: Տարեսկզբին արված՝ սակավաջրության վերաբերյալ կանխատեսումներն իրականություն դարձան, և համակարգն ստիպված էր բավականին լարված աշխատել:
«Կցանկանայի արձանագրել, որ, այնուամանայնիվ, գործադրված ջանքերի և կազմակերպված աշխատանքի շնորհիվ հաջողվել է հիմնականում բավարարել ոռոգման ջրի պահանջարկը, ամեն ինչ անել, որպեսզի գյուղացիական տնտեսությունները լուրջ վնասներ չկրեն»,-նշել է փոխվարչապետը:
Ջրի անհրաժեշտ ծավալների ապահովման նպատակով կառավարությունը միայն վերջին 2 ամիսներին լրացուցիչ մոտ 1,5 մլրդ դրամ է հատկացրել պոմպակայանների միջոցով ջուր մղելու նպատակով, սակայն, չնայած դրան, դեֆիցիտ զգացվել է:
Փոխվարչապետը նաև ներկաներին հորդորել է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի ոռոգման տարեշրջանի վերջին օրերին լուրջ խնդիրներ չարձանագրվեն՝ հաշվի առնելով, որ լարված իրավիճակը դեռ պահպանվում է:
Նա կարևորել է տարեվերջին համակարգի աշխատանքները բնութագրող դրական մակրոցուցանիշների ապահովումը, ինչն անհրաժեշտ է հաջորդ տարվա բնականոն աշխատանքի համար: Փոխվարչապետը նաև տեղեկություններ է ներկայացրել ոռոգման համակարգում իրականացվող և իրականացվելիք՝ ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի ընթացքի մասին:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահն իր հերթին տեղեկացրել է, որ առաջիկայում մարզային այցելություններ է նախատեսում համակարգի ընկերություններ՝ տեղերում աշխատանքներին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Այնուհետև ջրառ և ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ վիճակն ու առկա խնդիրները: Փոխվարչապետը հանձնարարել է, որպեսզի կոմիտեի ղեկավարությունը մարզպետարանների և ՋՕԸ-երի պատասխանատուների հետ քննարկի աշնանացանի համար անհրաժեշտ ջրի պահանջարկի ապահովման հետ կապված խնդիրները:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև աշխատանքային և ընթացիկ այլ հարցեր: