Դիմակավորված ու զինված ավազակային խմբի անդամների ինքնությունը պարզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Ինչպես Վայոց Ձորի մարզից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր առավոտյան Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության համակարգված աշխատանքների արդյունքում 4 երիտասարդների վնասազերծման դեպքի կապակցությամբ։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ նշված երիտասարդներն են Երևանի Նոր Արեշ 14 փողոցի բնակիչ 48–ամյա Արմեն Առաքելյանը, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ 25-ամյա Արեգ Ղազարյանը, նախկինում դատված, Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բնակիչ 28–ամյա Ասատուր Հակոբյանը և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ 44-ամյա Բախշի Դավթյանը։ Քննիչի որոշմամբ նշված անձինք ձերբակալվել են։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ գիշերը 4 հոգի դիմակավորված և ավտոմատով զինված մտել են Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղի տներից մեկը և զենքի սպառնալիքի տակ տան անդամներին՝ ամուսիններին, ծեծի ենթարկել և հափշտակել 1 մլն 700 հազ դրամ, խոշոր չափի ոսկյա և արծաթե զարդեր, այնուհետև իրենց “Լեքսուս” մակնիշի 32 ՍՍ 017 համարանիշի մեքենայով հեռացել հանցանքի վայրից։ Գ. Շամշյանը հայտնում է, որ հափշտակված ոսկյա և արծաթյա զարդերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 4 մլն դրամ։ Զինված հանցագործները վնասազերծվել են Ոստիկանության Արարատի մարզային վարչության Վեդիի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների ուժերով։




Լրահոս