Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը` ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
Գերությունից վերադառնալուց հետո վերջինիս մոտ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը: Նշանակված համապատասխան բուժումն ու դեղորայքի օգտագործումն Արսեն Խոջոյանը կշարունակի տանը: Հետագայում ևս, ըստ անհրաժեշտության, Արսեն Խոջոյանին կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն:
Արսենի մայրը` Սվետլանան, Armlur.am-ին հայտնեց, որ որդու վիճակը համեմատաբար կայուն է, բայց լիովին չի առողջացել:
«Ճիշտ է` Արսենի վիճակը հիմա լավ է, բայց այդ լավը կայուն չէ. դեմքի ցանն ամբողջությամբ չի անցել: Դե ստացիոնար բուժում ստացել է, դեղորայքի համապատասխան չափաբաժինն ընդունել է, համապատասխան քսուքներով դեմքի ցանը մշակվել է, բայց որդիս դեռ ամբողջությամբ չի ապաքինվել: Հիմա մնում է սպասենք, որ քիչ-քիչ վերադառնա բնականոն կյանքին, աշխատի ու կարողանա գլուխը պահել»,- նշեց Արսենի մայրը:
Վերջինս հավելեց նաև, որ դեղերի որոշակի չափաքանակ էլ դեռ պետք է ընդունի Արսենը, իսկ այդ դեղերը հատկացվել են Առողջապահության նախարարության կողմից: