«ԵՍ ԶԵՆՔ ՉԵՄ ԿՐՈՒՄ, ՉՆԱՅԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Կոտայքի մարզում, որտեղ ինքն է աշխատանքները կոորդինացնում, ՕԵԿ-ը ձայներ ունենալու է, բայց թե որքան, չկարողացավ ասել:
-Տեղեկություններ կան, որ ՕԵԿ-ը Ձեզ է հանձնարարել Կոտայքի մարզում աշխատանքների համակարգումը, քանի որ  Դուք, լինելով նախկին ոստիկան եւ աշխատելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, այդ մարզում կարող եք արդյունավետ գործել:
-Չէ՛, դա ընդհանրապես կապ չունի, դրանք սուտ տեղեկություններ են, ես Ծառուկյան Գագոյի հետ չեմ աշխատել:
-Իսկ ինչո՞ւ հենց Կոտայքի մարզը:
-Եթե լիներ Արագածոտն, կասեիք` իսկ ինչո՞ւ այդ մարզը: Չգիտեմ, այդպես է որոշվել, բաժանել ենք միմյանց միջեւ: Դա մոտ է ինձ, ես այդտեղ ավելի շատ շրջապատ ունեմ, եւ ընդամենը դա է եղել պատճառը:
-Ձեր գնահատմամբ կարողանալո՞ւ եք ՕԵԿ-ի համար ակնկալված չափով ձայներ հավաքել:
-Ինձ թվում է` այո՛, ձայներ կունենանք, բայց թե ինչքան կլինի, դժվար է ասել:
-Լուրեր են շրջանառվում, որ Հրազդանի ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած ՕԵԿ-ական ՏԿ նախարար Մանուկ Վարդանյանն ինքնաբացարկ է հայտարարելու:
-Տեղյակ չեմ, ճիշտն ասած, նման ինֆորմացիա ես չունեմ, կենտրոնական գրասենյակի՛ց տեղեկացեք:
-Որոշ ՕԵԿ-ականներ նշում են, որ կուսակցության նկատմամբ հետապնդումները շարունակվում են` փորձելով հեղինակազրկել ՕԵԿ-ին: Դուք ե՞ւս նման միտում եք նկատում:
-Չէ՛, չեմ կարծում, լավ ասողն էլ կա, վատ ասողն էլ, տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունեն, դրանք անհեթեթ խոսակցություններ են, մենք մեր առջեւ դրված խնդիրները կատարել ենք:
-Սակայն Արթուր Բաղդասարյանն անընդհատ հայտարարում է, որ ինչ-որ ուժեր փորձում են սեւ PR անել, ի վերջո, ո՞վ է Ձեր թշնամին:
-Ես թշնամի չունեմ, բոլորն էլ մեր բարեկամներն են, բոլորի մեջ էլ պետք է բարեկամ գտնել, լավ մարդ գտնել:
-«Հայասի գրուպ»-ը հայտարարեց, որ իրենց բաժանած ջեմերը եւ մուրաբաները ժամկետանց չեն եղել, այսինքն` հաստատեց, որ ՕԵԿ-ը դրանք բաժանել է:
-Ես դրանց մասին ընդհանրապես տեղեկություն չունեմ:
-Որպես օպերատիվ աշխատող` կասե՞ք` ի վերջո, ինչ էր Գագիկ Ծառուկյանի մեջքին` զե՞նք, թե՞ հեռախոս:
-Չեմ նայել, ինձ չի հետաքրքրում` զինված է, թե ոչ, ես զենք չեմ կրում, չնայած օրինական ունեմ, չեմ սիրում կրել: Ես չեմ նայել, լսել եմ, որ ինչ-որ տենց բան կա` զենք, «Վերտու», նման խոսակցություններ եմ լսել:
-Սերժ Սարգսյանն իր քարոզարշավների ժամանակ կոչ է անում սատարել այս կամ այն մեծամասնական թեկնածուին, այդ թվում` ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական, մինչդեռ ՕԵԿ-ի ներկայացուցիչներին սատարելու մասին խոսք չկա, ինչո՞ւ:
-Ես չեմ կարող ասել, ինֆորմացիա չունեմ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս