ՐԱՖՖԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՍԱՐԵՐ ՇԱՐԺԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական քարոզչության շրջանակներում Շիրակի մարզ այցելեցին  «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները: Հասնելով Գյումրի` Րաֆֆի Հովհաննիսյանը մեքենայից իջավ ու ոտքով հասավ Գյումրու Թատերական հրապարակ, ուր սովորաբար տեղի են ունենում հանրահավաքներն ու զանգվածային միջոցառումները: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, պատգամավորության թեկնածուներ Զարուհի Փոստանջյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին դիմավորեցին շուրջ 30 գյումրեցի` չնայած այն բանին, որ տեղական հեռուստաընկերությունների հայտարարություններում մի քանի օր շարունակ իրազեկում էին նախընտրական հանդիպման մասին:
Հանդիպման մարդկանց սակավաթիվ լինելու փաստը պատճառաբանվեց անձրեւային եղանակով: Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը շեշետեց, թե ինչպես այն 30 գյումրեցիները, ինքն էլ պատրաստ է առանց անձրեւանոցի կանգնել ու թրջվել` հրաժարվելով մտնել անձրեւանոցի տակ: «Լինի ծառա, նախագահ, վարչապետ, թե նախարար, այս երկրում պիտի հավասար ապրեն: Ես պատրաստ եմ ապրել դրսում, տնակում, վագոնում, մինչեւ վերջին գյումրեցին ու սպիտակցին տուն ու ծածկ ունենա իր գլխին»: Նա նաեւ նշեց, որ այս անգամ «Ժառանգություն»-ը սարեր է շարժելու:
Ելույթ ունեցավ նաեւ Ալեքսանդր Արզումանյանը` ասելով, թե Գյումրին իրեն հայրաքաղաքի պես չի պահում: «Հո մենակ խոսելո՞վ չէ, վախենում են, վախի մթնոլորտ կա, դրա համար չեն գալիս հանդիպման»,-հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:
Գյումրի այցելած «Ժառանգության» առաջնորդին մեր լրագրողը նաեւ մի քանի հարցեր ուղղեց: Ինչո՞ւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը չի մասնակցում ձեւավորված նախընտրական միասնական շտաբի նիստերին, այդ կերպ բոյկոտո՞ւմ է շտաբի աշխատանքները: Ճիշտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, որ «Ժառանգություն»-ը որոշ պայմանավորվածություններ է ձեռք բերել Հանրապետական կուսակցության հետ ու այժմ համագործակցում է քաղաքական այդ ուժի հետ, քանի որ գտնում է, որ ձեւավորված նախընտրական շտաբի հետեւում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած: Այս խոսակցությունները «Ժառանգության» առաջնորդն ընդունում է որպես մեղադրանք, թեեւ իր խոսքում կտրականապես չի բացառում Հանրապետականի հետ համագործակցության մասին խոսակցությունները: «Եթե քեֆները տալիս է, թող խոսան դրա մասին, ես բան չունեմ ասելու»,-պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ես բոլորին ներել եմ, ինչ ուզում են անեն, եթե դա է իրանց կարծիքը, իրանց տղամարդկությունը, կարող են ինձ մեղադրել: Ես պարզապես ասում եմ, որ եթե մենք ուզում ենք մեր պատմության ընթացքում առաջին անգամ ազատ, արդար ընտրություններ, առաջին դեմքերը պատասխանատվություն վերցնեն իրենց վրա, որպեսզի մայիսի 7-ին ինձանով սկսած Սերժ Սարգսյանով, Լեւոն Տեր-Պետրոսյանով, Գագիկ Ծառուկյանով, Հրանտ Մարգարյանով եւ շարունակած, մենք բոլորս պատասխանատվություն կրենք ընտրությունների համար: Դրա համար իրանք պետք է դուրս գան հատվածապաշտությունից, աթոռակռվի հոգեբանությունից եւ ստվերային պայմանավորվածությունից: Մենք բոլորին բարին ենք մաղթում, բայց այս անգամ չպիտի թույլ տանք, որ իրանք խաղան «Ժառանգության» եւ ժողովրդի քվեի հետ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի




Լրահոս