ՀՀ Արարատի մարզում գործող «Ալիշան» պահածոների գործարանի տնօրինության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարաձայնությունները որոշակի ժամանակով դադարեցվել են: Սակայն գործարանի տնօրինությունը շարունակում է «Գազպրոմ Արմենիա»-ից պահանջել 20 մլն դրամի չափով իրեն պատճառված վնասի փոխհատուցումը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանի հետ:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Ալիշան» ընկերությունից պահանջել էր սպառած գազի դիմաց վճարել 3 մլն 600 դրամ, որն, ըստ գործարանի տնօրենի՝ ապօրինի է: Թեեւ ընկերությանը դիմել էր, որ վերանայեն եւ հաշվարկեն գործարանի սպառած գազի իրական ծավալները, սակայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գործարարին զիջելու փոխարեն անջատել էր ընկերության գազամատակարարումը: Արդյունքում «Ալիշան»-ն ավելի քան վեց ամիս չաշխատեց՝ կրելով խոշոր չափերի վնասներ: Եվ առաջիկայում գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը կդիմի դատարան՝ ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի:
-Դուք պետք է դիմեիք դատարան՝ ընդդեմ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի: Պահանջում եք 20 մլն դրամ՝ Ձեր ընկերությանը պատճառած վնասի փոխհատուցում: Ե՞րբ եք դիմելու դատարան:
-Այո, որոշ ժամանակ անց կդիմեմ: Սպասում եմ այս շրջանն անցնի, որ հանկարծ չգան ու նորից վնասեն: Բայց ես իմ նախորդ տարվա բոլոր պարտքերը մարել եմ:
-Դուք պնդում եք, որ ընկերությունը սխալ հաշվարկներ է կատարել: Հիմա նկատո՞ւմ եք նման բան:
-Տարբերությունը մեծ է ու զգալի: Հիմա մարդկային գործոն չկա, այլ համակարգչով են այս բոլոր հաշվարկներն արվում:
-Իսկ ընկերության ներկայացուցիչների հետ այս ընթացքում չե՞ք հանդիպել:
-Ոչ, չենք հանդիպել: Իրենք ասում են՝ գնա դատարան: Իրենց ուժերի վրա վստահ են:
-Ինչ եք մտածում, գոնե դատարանը Ձեր կողքին կլինի՞: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Տեսնենք: Միեւնույն է, պետք է մտնենք դատարան ու պահանջենք մեր կրած վնասի փոխհատուցումը:
-Հիմա գործարանը բնականոն հունով աշխատո՞ւմ է: Ի՞նչ եք մթերում:
-Այո, աշխատում ենք: Հիմնականում բանջարեղեն ենք մթերում. լոլիկ, սմբուկ եւ այլն:
-Ձեր ընկերությունը որքանո՞վ է մթերում լոլիկը, սմբուկը:
-Սմբուկը 80 դրամով ենք մթերում: Բայց նախորդ տարի նույն սմբուկը մթերվել է 50-60 դրամով: Այս տարի գները մի փոքր թանկացել են:
-Իսկ պահածո արտահանո՞ւմ եք:
-Այո, միայն Ռուսաստանի Դաշնություն: Ամեն տարի արտահանել ենք, բայց այս տարի ծավալները մեծացրել ենք:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ