ՀՀ Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի տարածաշրջանի 15 համայնքների բնակիչներ ոռոգման ջուր չունենալու պատճառով հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ Ախուրյանի ջրամբարն այս տարի իր տարողունակության կեսի չափով է լցվել, ինչի պատճառով էլ այս ջրամբարից սնվող գյուղերը ներկայում կանգնել են փաստի առաջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն խնդրի առաջ էր կանգնել նաեւ Արարատի մարզը, որի մեկ տասնյակից ավելի համայնքներ տեւական ժամանակ ջուր չունեին:
Արմավիրի մարզի Վանանդ համայնքի ղեկավար Ջիվան Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս մի քանի ամիսներին ջուրը գյուղացիներին գրաֆիկով են տալիս: «Երեք կամ չորս օրը մեկ են տալիս: Սակավաջուր է այս տարի: Նախորդ տարիներին մենք նման խնդիր չենք ունեցել: Այս տարի Ախուրյանի ջրամբարը նախորդ տարվանից հիսուն տոկոսի չափով պակաս է լցված եղել: Ինչպես եք պատկերացնում այս դեպքում, չպե՞տք է նման խնդիր ունենայինք: Անձրեւ, ձյուն չի եկել, դրա համար էլ չի լցվել ջրամբարը, այստեղ ոչ վարչապետն է մեղավոր, ոչ էլ` պրեզիդենտը»- շտապեց իշխանություններին արդարացնել գյուղապետը:
Նրա խոսքով, ստեղծված խնդիրը լուծելու նպատակով ՀՀ կառավարությունից միջոցներ են հատկացվել, որպեսզի գյուղերում քսան տարի չօգտագործված արտեզյան հորերը վերագործարկվեն: «Ճիշտ է, մեծ ծախս է, բայց դե ամեն բան արվում է, որպեսզի ապահովվի ջրի քանակությունը: Բնական է, բոլորս էլ հասկանում ենք, որ մի արտեզյան հորը 40 լիտր ջուր է տալիս, բայց դա է միակ ելքը, չեն կարող անձրեւ կամ ձյուն բերել»,- նշեց Մանուկյանը:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը եւս «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ մարդկանց ջրով ապահովելու նպատակով աշխատանքներ են տարվում: «Իհարկե վնասներ լինում են, բայց աշխատում ենք դրանք մինիմալի հասցնել»,- փոխանցեց Այվազյանը:
Իսկ ահա «Արաքս» ՋՕԸ տնօրեն Աշոտ Գեւորգյանը բացատրեց, որ այս տարի ջրի պաշարները քիչ են. այս պատճառով էլ ոռոգումը լիարժեք կազմակերպելու եւ բոլորին ջուր հասցնելու համար կատարվում է ջրաշրջանառություն: «Այսինքն` մարդիկ երեք օր ջուր չեն ունենում, հետո` երեք օր ունենում են: Սա իրականացվում է դեռեւս հուլիս ամսից: Մշակաբույսերի ընդհանուր ոռոգման ռեժիմի հետ կապված ջրաշրջանառության գրաֆիկով մենք հուլիսին երեք օր կտրել ենք, չորս օր տվել ենք: Բնականաբար, բոլոր մշակաբույսերն իրենց վեգետացիոն շրջանն ավարտել են»,- նշեց Գեւորգյանը:
ՋՕԸ տնօրենը եւս փաստեց, որ Ախուրյանի ջրամբարը 2014 թվականին լցվել է իր տարողունակության կիսով չափ: «Իհարկե մենք ունենք նաեւ խորքային հորեր, որոնք նույնպես ջրով սպասարկում են: Այն խորքային հորերը, որոնք հնարավոր է վերագործարկել, դրանց էլեկտրաէներգիայի գումարը տվեց կառավարությունը: Նախորդ տարի աշխատացրել ենք 8, իսկ այս տարի` արդեն իսկ 42 խորքային հոր: Այս տարի մեր բոլոր ջրավազաններում ջրի պաշարները պակաս են եղել, որոնք անձրեւի, ձյան քիչ լինելու պատճառով ամբողջովին չեն լցվել»,- հայտարարեց «Արաքս» ՋՕԸ տնօրենը:
«Ժողովուրդ»-ի հարցին` արդյոք այս ընթացքում ոռոգման ջորի սակավության պատճառով գյուղացիների մշակաբույսերը չորացե՞լ են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մասնավոր դեպքեր կան, որտեղ թերի են ոռոգել իրենց հողերը: Բայց հիմնականում ամեն բան արել ենք, որպեսզի մարդիկ նեղություն չքաշեն: Ամեն դեպքում, մեր տարածաշրջանում այնպիսի վիճակ չէ, որ մեծ աղմուկով ներկայացնում են»:
Նկատենք, որ նման հայտարարություն անող պաշտոնյայի համակարգման տակ գտնվող 15 համայնքներում ոռոգման ջուրը մարդիկ ստանում են երեք օրը մեկ: Եվ շատ մեծ երեւակայություն պետք չէ պատկերացնելու, թե ջրի ինչպիսի հերթեր են գոյանում, որոնց արդյունքում ոչ թե «մասնավոր դեպքերում», այլեւ համատարած` մարդիկ չեն կարողանում նորմալ ոռոգել իրենց մշակաբույսերը: Մինչդեռ վարկային մեծ պարտավորություններ ունեցող գյուղացիները մտահոգված են, քանի որ վարկերը մարելու ժամանակն է եկել:
Առհասարակ` վերջին երեք տարում Արմավիրի մարզում գյուղացին, կարելի է ասել, գրեթե եկամուտ չի ստանում, քանի որ տարերային աղետները` կարկուտը եւ ուժգին քամին, խոշոր չափի վնաս են հասցնում բերքին: Եվ սակավաջրության խնդրի հետ մեկտեղ` ստեղծվում է մի վիճակ, երբ չկարողանալով այլեւս հողագործությամբ ապահովել իրենց գոյությունը, մարդիկ արտագաղթում են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ