Այսօր լրանում է Չեռնոբիլի աղետի 26-րդ տարելիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետի` Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկի պայթյունի 26-րդ տարելիցը: ԱԷԿ-ը կառուցվել էր Պրիպյատ քաղաքի մոտակայքում, Չեռնոբիլից 18 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110 կմ հեռավորության վրա:1986թ.-ի ապրիլի 26-ին` գիշերը 1.23 րոպեին, Խորհրդային միության խոշորագույն ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում պայթյուն տեղի ունեցավ, որն ամբողջովին ոչնչացրեց ռեակտորը: Պայթյունի հետևանքով մթնոլորտ արտանետվեց 190 տոննա ռադիոակտիվ նյութ: Ռեակտորի 140 տոննա ռադիոակտիվ վառելիքից 8 տոննան հայտնվեց օդում: Փորձագետները նշում են, որ ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումները կազմել են 50 մլն կյուրի, որը հավասարազոր է 1945թ.-ին Հիրոսիմայի վրա նետված միջուկային ռումբի հետևանքների հինգհարյուրապատիկին:Ռադիոակտիվ նուկլիդներն աղտոտեցին Ուկրաինայի, Բելառուսի ու Ռուսաստանի ավելի քան 145 հազ ք/կմ տարածք: Սակայն բնակչությանը վարակման վտանգի մասին հաղորդվեց շատ ուշացումով: Հեռուստատեսությամբ առաջին պաշտոնական հայտարարությունն արվեց միայն ապրիլի 28-ին: Աղետից հետո, ավելի քան 115 հազ մարդ տարհանվեց 30 կմ-ոց գոտուց: Բացի այդ, աղետի հետևանքները վերացնելու գործում ներգրավվեց ավելի քան 600 հազ մարդ: Վթարից զոհվեց 31 մարդ, դրան հետևող 15 տարիների ընթացքում ռադիոկատիվ ճառագայթման զոհ դարձավ 60-80 հազ մարդ: 134 հազ մարդ ծանր ճառագայթային հիվանդությամբ հիվանդացավ:Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջովին փակվեց 2000թ. դեկտեմբերի 15-ին, սակայն 4-րդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագը գնալով քանդվում է: Այդ իսկ պատճառով, որոշում ընդունվեց նոր ծածկույթ կառուցելու մասին: 2011թ.-ի ապրիլի 19-ին Կիևում անցկացվեց Դոնորների համաժողով, որի ժամանակ նոր սարկոֆագի կառուցման համար հավաքվեց մոտ 740 մլն եվրո:Այսօր` աղետի 26-րդ տարելիցի կապակցությամբ, կկայանա նոր ծածկույթի շինարարության մեկնարկի արարողությունը, որին կմասնակցի նաև երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Երկրի Գերագույն ռադան հաստատել է ԱԷԿ-ի շահագործման դադարեցման ծրագիրը: Այն ամբողջությամբ կդադարեցնի աշխատանքները 2065թ.-ին: Առաջին փուլում` 2010-2013 թթ.-ին, միջուկային վառելիքն ԱԷԿ-ից կտեղափոխվի երկարաժամկետ պահեստներ: Իսկ 2013-2022թթ. կանցկացվի ռեակտորային օբյեկտների կոնսերվացում: 2045- 2065 թթ. օբյեկտները կապամոնտաժվեն, իսկ 2065թ.-ին տեղանքը լիովին կմաքրվի:




Լրահոս