ՀՀԿ ներսում լուրջ խմորումներ են սկսվել. անվստահության մթնոլորտ է ձեւավորվել ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի դեմ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ շտաբի պետ նշանակելու հիմնական պատճառը եղել է նրա խնամիական կապը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Ըստ նախատեսվածի՝ պետք է Աբրահամյանը կամուրջ լիներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, այդպես նաեւ վերահսկելով ԲՀԿ-ին, որպեսզի նա չգնար ինքնուրույն քայլերի, այլ ՕԵԿ-ի նման գործեր ՀՀԿ վերահսկողության տակ: Առավել եւս, որ 2007թ. ԱԺ ընտրություններում Աբրահամյանին բավական լավ է հաջողվել իրականացնել այդ առաքելությունը: Մինչդեռ այս անգամ նա կարծես թե ձախողումներ է գրանցում:
Սակայն ԲՀԿ-ն օր օրի ոչ միայն չի ենթարկվում ՀՀԿ-ին, այլեւ սկսել է գործել ինքնուրույն, երբ լինելով կոալիցիայի անդամ՝ համագործակցում է անգամ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ Հայ ազգային կոնգրեսի ու ՀՅԴ-ի՝ միասին ստորագրելով ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի ստեղծման հռչակագրի տակ: Սրան զուգահեռ, ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն է պարբերաբար կոշտ քննադատություններ հնչեցնում իշխանությունների հասցեին: Ճիշտ է, իրավիճակը մեղմելու համար ԲՀԿ-ականները հետո հայտարարում են, թե դա Վարդան Օսկանյանի անձնական տեսակետն է: Սակայն հասկանալի է, որ լինելով ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդը՝ Օսկանյանն առանց Ծառուկյանի գիտության ինքնագլուխ կերպով երբեք նման քայլերի չի գնա, այն էլ՝ նման պարբերականությամբ: ՀՀԿ-ում համոզմունք կա, որ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն չկարողացավ հնազանդեցնել ԲՀԿ-ին, այլեւ թույլ տվեց, որ այնտեղ ուժային կենտրոն դառնա Օսկանյանը, դեռ ավելին, հիմա էլ թաքուն կերպով սատարում է նրանց:
Ինչպես պնդում են մեր աղբյուրները, այս համատեքստում Աբրահամյանի անվան հետ եւս մեկ ուշագրավ պատմություն է կապվում. ՀՀԿ մարզային շտաբների պատասխանատուների հետ հանդիպումներում պնդել է, որ անկախ ամեն ինչից՝ նրանք պետք է ապահովեն ՀՀԿ-ին մոտ 15, ԲՀԿ-ին՝ 14, ՀՅԴ-ին՝ 6, ՕԵԿ-ին՝ 3 տոկոս ձայն, որոնց կգումարվի նաեւ արդեն հասարակության քվեարկությունը: Ու քանի որ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին ՀՀԿ-ում, այնուամենայնիվ, համարում են պրոքոչարյանական կուսակցություններ, ՀՀԿ-ում կարծում են՝ այդպես Հովիկ Աբրահամյանն աշխատում է Քոչարյանի համար՝ նրա հենարանների համար փորձելով ապահովել շատ ավելի ձայն, քան Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ին ու նրա կցորդ ՕԵԿ-ն միասին վերցրած: Երբ պարզվել են այս թվաբանական հաշվարկի նրբությունները, Հովիկ Աբրահամյանը կրկին հայտնվել է ոչ հաճելի իրավիճակում: Ճիշտ է, ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքեց այս լուրերը՝ ասելով, որ դրանք պրովոկացիաներ են՝ հորինված ցայտնոտի մեջ ընկած ուժերի կողմից: «ԲՀԿ-ի հետ կամուրջներ կապելու կարիք չկա, որովհետեւ ԲՀԿ-ի հետ համաձայնություն արդեն իսկ եղել է ի լուր ամենքի. դեռ մեկ տարի առաջ՝ փետրվարին, ստորագրվել է կոալիցիոն հայտնի փաստաթուղթը, որը ուժի մեջ է»,- ասաց պարոն Սահակյանը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանն էլ ասաց, թե տոկոսների վերաբերյալ խոսակցությունները բուլվարային են: Ըստ նրա՝ որեւէ մեկը չի կարող բազկաթոռի մեջ նստել, երեւակայել ու տոկոսներ բաժանել: «Ժողովուրդն իր քվեարկությամբ է որոշում՝ որ կուսակցությանը քանի տոկոս տա: Մնացածը բուլվարային խոսակցություններ են,-ասաց Խաչիկ Գալստյանը՝ հավելելով,-«ԲՀԿ-ում ամեն մեկն ունի իր գործառույթն ու դերակատարությունը: Ոչ ոք չի կարող իր կողմը քաշել Ծառուկյանին, ընդհակառակը՝ ԲՀԿ-ում բոլորը համախմբված են Գագիկ Ծառուկյանի շուրջ»:
Մինչ ՀՀԿ ներսում բավական լուրջ խմորումներ են ընթանում, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, այդ կուսակցության ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը հետաքրքիր դեգերումների մեջ է հայտնվել: Բանն այն է, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմինը ուղերձ է հղել կուսակցության անդամներին՝ ներկայացնելով ընտրությունների մասնակցության կանոններ: Այստեղ էլ շարադրված են ընտրական գործընթացի մասնակիցների պարտականությունները՝ պահվածքն ու խոսքը, քարոզարշավի անցկացման կարգը, քաղաքական կոռուպցիայի անթույլատրելիությունը, քաղաքական շփումները եւ այլն: Այս փաստաթուղթն ուշագրավ է այն առումով, որ Դ.Հարությունյանը վերջերս նմանատիպ փաստաթուղթ էր առաջարկում ստորագրել ԱԺ ընտրություններին մասնակից կուսակցություններին՝ ճիշտ նույն ձեւակերպումներով, նույն գլուխներով ու ենթագլուխներով: Միայն թե ՀՀԿ-ականներին իջեցված շրջաբերականը մի փոքր ավելի ծավալուն է. մի քանի լրացում է արված: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Դ.Հարությունյանի փաստաթուղթը կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները կազմել էին դեռեւս ամռանը՝ Կոնգրեսի հետ երկխոսության ժամանակ: Բայց քանի որ այդ փաստաթուղթը ո՛չ ամռանը ստորագրվեց, ո՛չ էլ այս օրերին՝ ընտրություններին մասնակից կուսակցությունների կողմից, ստիպված այն լրամշակելուց հետո հրամցրել է ՀՀԿ-ականներին, որ տաշած քարը գետնին չմնա: Ու ոչինչ, որ այդ շրջաբերականին զուգահեռ՝ ՀՀԿ-ականները խախտում են այնտեղ գրված գրեթե բոլոր կետերն անխտիր: Կարեւորը՝ Դավիթ Հարությունյանի փաստաթուղթը գոնե սեփական կուսակցությունը վերջապես բանի տեղ դրեց: