ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ԺԼԱՏ ԵՆ
Հայազգի հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը ARTN-SHANT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սփյուռքահայերը զլանում են Հայաստանին օգնելու հարցում: «Սփյուռքի հարցը շատ լուրջ է: Հայերը ձեռքները գրպանը չեն տանում: Ես չեմ կարող ողջ կյանքս աշխատել ու փողերը տալ: Երբ ես մեռնեմ, ո՞վ է փող տալու: Ո՞վ է տներ, դպրոցներ կառուցելու: Դա շատ դժվար է: Հայերը պետք է ամեն տարի, ամեն ամիս գումար հատկացնեն: Նրանք դա չեն անում: Նրանք ժլատ են: Ուրիշներն անում են, իսկ իրենք ուրախանում են: Դա սխալ է: Մենք պետք է աշխատենք հայերի ու Հայաստանի համար»,-ընդգծել է Ազնավուրը:
ԿՈՄՈՒՆԻՍՏԸ «ԳՑԵ՞Լ» Է
Երեկ Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանի ասուլիսի ընթացքում ներս է խուժել Մյասնիկ Պատվականյան անուն-ազգանվամբ մի քաղաքացի, որը, ընդմիջելով Կոմկուսի առաջնորդի խոսքը, հայտարարել է, թե Ռուբեն Թովմասյանը զբաղված է խաբեությամբ եւ իր բարեկամ թափթփուկներին բերել-լցրել է Կոմկուս ու զբաղվում է հակաքարոզչությամբ: Կոմկուսի անդամները, քաղաքացուն հրելով ու գրեթե ծեծելով, դուրս են արել դահլիճից: Արդեն դրսում քաղաքացին լրագրողներին ասել է, թե Ռուբեն Թովմասյանն իրեն խաբել է՝ խոսք է տվել ընդգրկել Կոմկուսի համամասնական ցուցակում, սակայն չի արել:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ` երեկոյան, Չարենցավան քաղաքում կախվել է 15-ամյա մի աղջիկ: 9-րդ դասարանում սովորող աղջկա դիակը տանը գտել են նրա ծնողները: Այս մասին armlur.am-ին տեղեկացրել են Չարենցավանի քաղաքապետարանից, որտեղ աշխատում է ինքնասպան եղած աղջկա մորաքույրը:
ՀԱՅԻ ԲԱԽՏ
«Ռիա Նովոստի»-ի տեղեկացմամբ ապրիլի 22-ի գիշերը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում 2 անծանոթ տղամարդ, ներխուժելով քաղաքի սրճարաններից մեկը, կրակ են բացել այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ինչի արդյունքում 1 հայ է զոհվել, եւս 4-ը վնասվածք են ստացել: Զոհվածը 26-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն է: Հանցագործների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ԱՅՑԵԼԵԼ Է
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ նախընտրական հանդիպում է ունեցել սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայր Արարատ գյուղում, այնուհետեւ այցելել նաեւ Վազգեն Սարգսյանի թանգարան: Ծառուկյանին դիմավորել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:
ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿՈՎ
ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը Վանաձորում` ընտրողների հետ հանդիպման ժամանակ, կարծիք է հայտնել, թե միայն բանակով տարածք չենք կարող պահել. «Այսօրվա ժամանակակից աշխարհում միայն բանակով տարածք չես կարող պահել: Հայաստանը պիտի կարողանա ապահովել իր պաշտպանությունը եւ դրանով մեկտեղ այնքան հզոր լինի, որ մեր հարեւանն ախորժակ չպահի մեր տարածքների ուղղությամբ»:
ՄԵՐԺԵԼ
Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանն ապրիլի 22-ին դիմել են թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով, քանի որ նա Երեւանի թիվ 190 դպրոցում ընտրողներին դրամ է բաժանել եւ տվել վերջին զանգի արարողությունն անվճար կազմակերպելու խոստում: «Այս փաստն ապացուցող հրապարակումներ կան «Ժողովուրդ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի ապրիլի 20-ի համարում»,-նշված է դիմումում: