ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԱԲԿԻՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՎԱՐԱՅՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հարցերին է պատասխանում «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանը:
 -Քարոզարշավի ժամանակահատվածի կեսն արդեն անցել է, Դուք նաեւ հանդիպումներ եք ունենում ընտրողների հետ: Ի՞նչ տրամադրություններ ունեն մարդիկ:
-Մարդիկ հոգնած են, ծայրաստիճան հուսահատված, լքված: Նրանք շատ լավ են պատկերացնում իրավիճակը, ամեն ինչ լավ հասկանում են: Ընդ որում, մարդիկ իրենց խաբված են զգում հավասարապես բոլոր ուժերից` ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից: Դա ես զգում եմ ընտրողների հետ իմ հանդիպումների ընթացքում. մարդկանց զգալի մասը ոգեւորվում է, երբ տեղեկանում է, որ անկուսակցական եմ: Հայաստանում, ցավոք, կուսակցությունները հեղինակազրկվել են, ինչն այս ընտրություններին կարծես ավելի ակնհայտ է դառնում: Բացի այն, որ կուսակցությունները դարձել են սահմանափակ թվով անձանց շահերի սպասարկման միավորներ, հիմա քաղաքական ուժերը վերածվել են նաեւ յուրօրինակ ուժային կառույցների, որոնք, պետական կառույցներից հետ չմնալով, ճնշում են իրենց անդամներին: Դա է պատճառը, որ շատերը, հույս չկապելով որեւէ կուսակցության հետ, միաժամանակ մի քանի կուսակցությունների են անդամակցում, սակայն հավասարապես չեն վստահում նրանցից ոչ մեկին: Նախընտրական քարոզարշավն ավելի տեսանելի դարձրեց դա. բոլոր ուժերը, իրար հերթ չտալով, անիրականանալի խոստումներ են տալիս` մեկն ուզում է փոխել երկիրը, մի ուրիշը` բարգավաճ երկիր է կառուցում, մյուսը` Նոր Հայաստան… Սակայն ընտրողներն արդեն շատ ավելի պրագմատիկ են դարձել եւ նման խոստումների չեն հավատում: Իմ բոլոր հանդիպումների ժամանակ ընտրողների ամենաանկեղծ դրական արձագանքը ստանում եմ այն ժամանակ, երբ ասում եմ, որ որեւէ խոստում չեմ տալիս, բացի Սահմանադրությամբ պատգամավորին հատկացված լիազորությունների շրջանակներում ընտրողների իրավունքներն իրացնելը ու այդ իրավունքների պաշտպանման պահանջատեր լինելը: Շատ-շատերն ուղիղ ասում են, որ ինձ են ընտրելու` ազնիվ լինելու, կեղծ խոստումներ չտալու համար:
Հայաստանում այսօր ամենաարժեզրկվածը խոսքն է, որը բոլորը չարաշահում են, սակայն պատասխանատվություն չեն կրում խոսքի, արտասանած բառի համար: Ի դեպ, շատ տղամարդիկ նույնիսկ չեն էլ տեսնում կամ չեն ուզում տեսնել, որ մեր ժողովրդի կողմից արժանապատվության արտահայտիչ համարվող «տղամարդու խոսք» արտահայտությունն այլեւս կենսունակ չէ, քանի որ ամենաշատը խոսքն արժեզրկում են հենց տղամարդիկ` քաղաքական գործիչները, պատգամավորներն ու գործարարները: Նկատում եմ, որ շատերը հակված են ընտրելու կնոջը, եւ դրա մեջ ես տեսնում եմ նաեւ տղամարդկային կեցվածքի, տղամարդկային անարժանապատվությանը պատասխանելու մարդկանց ցանկությունը: Հիասթափությունից բացի, շատերն այսօր ապրում են նաեւ վախի մթնոլորտում: Անցած ընտրությունների փորձից ելնելով` մարդիկ մտածում են, որ այս անգամ էլ իրենց ձայնը տալու են մի թեկնածուի, բայց իշխանություններն անցկացնելու են բոլորովին այլ թեկնածուի: Իմ քարոզարշավի, հանդիպումների  ընթացքում ես մարդկանց կոչ եմ անում, համոզում եմ, խնդրում եմ ընդամենը մասնակցել ընտրություններին եւ չվախենալ, քանի որ պետական մեքենան, փողն ու այլ լծակներն այնքան զորեղ չեն, որքան թվում է իշխանություններին: Թեեւ իշխանությունն ամեն ինչ անում է հակառակն ապացուցելու համար: Իմ յուրաքանչյուր հանդիպումից հետո տարբեր մեթոդներով փորձում են ճնշումներ գործադրել հանդիպման մասնակիցների, հատկապես ակտիվ քաղաքացիների նկատմամբ: Ամենաթարմ օրինակը ԵԿՄ Արաբկիրի տարածքային կազմակերպության անդամների հետ կատարվածն էր, երբ ազատամարտիկ տղաներին ճնշելով` ստիպում էին փոխել իրենց կարծիքը, որոշումը:
-Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում բավական թեժ պայքար է սպասվում, դա Ձեզ չի՞ մտահոգում կամ վախեցնում:
-Մտահոգում է, սակայն չի վախեցնում: Բոլորովին: Կարծում եմ, վախենում են այն մարդիկ, այն թեկնածուները, որոնք շրջում են թիկնապահներով… Այս ընտրատարածքը, որքան հասկանում եմ, բոլորի ուշադրության կենտրոնում է, եւ կարծես իշխանության համար Արաբկիրը դարձել է Ավարայր: Նախ` առաջադրվել են վեց թեկնածուներ, որոնցից երկուսին ծանոթ չեմ, նրանց առաջադրման մղումներն ինձ հայտնի չեն: Սակայն նրանցից մեկը, իմ տեղեկություններով, ներդրվել է իշխանական` Հանրապետական կուսակցության թեկնածուի կողմից` ընտրական մանիպուլիացիաներ անելու նպատակով: Ի դեպ, իմ տեղեկություններով, նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է: Ինչ վերաբերում է ՀԱԿ թեկնածու Արամ Մանուկյանին եւ «Ժառանգություն»-ից  Զարուհի Փոստանջյանին, ապա նրանք երկուսն էլ իրենց ներկայացրած քաղաքական ուժերի համամասնական ցուցակների առաջնային հորիզոնականներում են եւ գուցե նաեւ այդ պատճառով ավելի շատ զբաղված են այդ ուժերի քարոզարշավով: Չնայած այդ հանգամանքին, ես, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, հենց այս երկու թեկնածուների հետ եմ տեսնում քաղաքական, քաղաքակիրթ պայքար: Մյուս թեկնածուի` ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արտակ Սարգսյանի դեպքում քաղաքական պայքար ի սկզբանե չեմ սպասել: Նրա ամբողջ հույսն իշխանական լծակներն են, վարչական ողջ ռեսուրսը, ընտրակեղծիքները եւ փողը: Այդ մարդը կարծես առաջնորդվում է առեւտրականի, խանութպանի հոգեբանությամբ եւ ընտրողների ձայներին վերաբերվում է որպես որեւէ ապրանքի խմբաքանակի, որը կարելի է գնել, եթե վճարում է: Ինձ, սակայն, զարմացնում է ոչ այնքան այդ թեկնածուի վարքագիծը, որքան այն, որ փոփոխությունների, ամենաարդար ընտրությունների մասին հայտարարող իշխանությունն է լծվել նրան պատգամավոր դարձնելու գործին, եւ իշխանության թողտվությամբ է նաեւ այդ թեկնածուն անկաշկանդ գումարներ բաժանում: Տարբեր տեղեկություններ են ստացվում, ու Արտակ Սարգսյանն արդեն մոտ 1-1,5 մլն դոլար է ծախսել: Խնդիրը տվյալ դեպքում ոչ այնքան գումարի ծավալն է, որքան այդ երեւույթն ինքնին: Այսինքն` եթե որեւէ փողատեր կարող է, ինչ-որ գումար ծախսելով, պատգամավորական մանդատ գնել, ապա կարելի է ենթադրել, որ այդ գումարի 131-ապատիկն ունեցողը կարող է գնել ՀՀ ողջ Ազգային Ժողովը: Կամ 200-ապատիկ ունեցողը կարո՞ղ է դառնալ նաեւ վարչապետ: Այսինքն` սա առանձին վերցրած մեկ ընտրատարածքի կամ իմ ընտրվել-չընտրվելու հարցը չէ, սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է, որը կարծես բոլորն էլ, այդ թվում` շատ ընդդիմադիրներ, անտեսում են: Գուցե նաեւ այն պատճառով, որ իրենք էլ են գործում այդ խաղի կանոններով:
-Ի դեպ, մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ «Ժառանգություն»-ը 50 տեղամասերում հանձնաժողովի անդամների իր տեղերը տրամադրել է ՀՀԿ-ին: Տեղեկություններ կան նաեւ, որ ՀՀԿ-«Ժառանգություն» համագործակցության շրջանակներում է Զարուհի Փոստանջյանն առաջադրվել:
-Ձեր հարցը կարող եք ուղղել իրենց` Փոստանջյանին կամ Սարգսյանին: Իմ նախընտրական շտաբին եւս շատ տեղեկություններ են հասնում. մենք ամբողջությամբ տիրապետում ենք թե՛ թիվ  4 ընտրատարածքի իրավիճակին, թե՛ այս ընտրատարածքով շահագրգիռ քաղաքական ուժերի ոչ հրապարակային գործունեության մասին տեղեկություններին: Այն, որ Ձեր նշած ուժը բազմաթիվ տեղամասերում  հանձնաժողովի անդամների տեղերը տրամադրել է ՀՀԿ-ին, մեզ նույնպես հայտնի է: Ի վերջո, ընտրություններին մնացել է երկու շաբաթ ժամանակ, եւ վստահ եմ` ամեն ինչ պարզվելու է: Այսօր կա հստակ պայքար իշխանության թեկնածուի` փողի, վարչական լծակների, ընտրակաշառքների դեմ: Ես արդեն երկու շաբաթ` ամեն օր, պայքարում եմ դրա դեմ եւ շարունակելու եմ պայքարել: Եւ եթե ոմանք ոչ թե պայքարում, այլ պայքարի իմիտացիա են ստեղծում` ընդհանուր բնույթի հայտարարություններով, ապա դա իրենց խնդիրն է: Իշխանության թեկնածուի ամբողջ հույսը իշխանական լծակներն են, ադմինիստրատիվ ողջ ռեսուրսը, ընտրակեղծիքները եւ փողը: Առեւտրականի մտածողություն. կարծում է` 5-10.000 դրամով կարող է գնել մարդկանց ձայները: Նա մարդուն այդպես է գնահատում: Ի դեպ, եթե հիշում եք, 2004թ. նրան մի կերպ պատգամավոր դարձրեցին Եղվարդից: Արդեն քանի տարի նա ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայի պետհամարանիշներով է շրջում հանրապետությունում: Չգիտեմ` դա ինչ բարդույթ է, չեմ կարող հասկանալ: Պետավտոտեսուչների համա՞ր է, թե՞ ուղղակի երազանքներից մեկն էր պատգամավորի պետհամարանիշ ունենալը… չեմ  կարող ասել: Ի դեպ, եթե նա ժամանակին իսկապես լավ պատգամավոր եղած լիներ, Եղվարդում հեղինակություն, վստահություն ունենար կամ որպես պատգամավոր` մարդկանց կողքին եղած լիներ, կրկին կառաջադրվեր նույն տեղում, չէր գա Արաբկիրում ուժերը փորձելու:  
Այս ամենով հանդերձ, վստահեցնում եմ Ձեզ, հասարակությունը, ընտրողները հիմա արդեն ամեն ինչ ու բոլորին շատ լավ տարբերում են: Բոլորիցս էլ իմաստուն են:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս