Գլխավոր դատախազության հանձնարարականը՝ ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամրազյանը հանձնարարել է ոստիկանությանը՝ սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ քայլերը ընտրախախտումները հայտնաբերելու համար, տեղեկացնում են գլխավոր դատախազի լրատվական ծառայությունից: Թամրազյանի հանձնարարականն ուղղված է Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին: Դրանում մասնավորապես ասվում է. 
“Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում կարևորելով մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և նպատակ ունենալով նախականխել ընտրական իրավունքի հնարավոր խախտումները, մասնավորապես ընտրակաշառքների ու ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն ուղղված այլ գործողությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով,
Հանձնարարում եմ
1. Սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ընտրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը հայտնաբերելու, բացահայտելու, կանխելու և խափանելու ուղղությամբ, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ընտրակաշառք տալու դեպքերին ու դրանց վերաբերյալ հաղորդումներին և զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումներին:
2. Նման բնույթի հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով ձեռնարկել հնարավոր բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցագործությունը նախապատրաuտող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
3. Ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բնակչության հետ բացատրական աշխատանքների միջոցով իրազեկել ընտրակաշառք ստացած անձանց` կամովին ներկայանալու և հանցագործությունը բացահատելուն աջակցելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու քրեադատավարական հնարավորության մասին:
4. Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացնելիս խստորեն առաջնորդվել oրինականության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների և oրինական շահերի պաշտպանության և գերակայության, ինչպես նաև oպերատիվ-հետախուզական գործունեության բազմակողմանիության, լրիվության և oբյեկտիվության սկզբունքներով”:




Լրահոս