Խոշոր պարտք՝ տոկոսի դիմաց, որը կործանել է ընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց «ֆինանսական բուրգի» գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով:

Նախագահողը հիշեցրեց, որ նախքան նախորդ դատական նիստի հետաձգվելը ամբաստանյալը ցանկություն էր հայտնել տուժող Արտակ Գալստյանին հարցեր տալու: Այս նիստին, սակայն, ամբաստանյալը, հազիվ խոսելով, նշեց, որ չի կարողանում խոսել և խնդրեց դատարանին՝ իր հարցերն ուղղի պաշտպան Մնացական Սարգսյանը:

Պաշտպանի հարցին, ինչո՞ւ է որպես գրավ վերցրել Արթուր Անդրեասյանից տարածքները, եթե վստահում էր նրան, տուժողը պատասխանեց, որ որքան էլ ինքը գրավ էր վերցնում, միևնույն է, պարտքերի գոնե մի փոքր մասը դրանից չէր պակասում:

«Երբ ավազահանքը դատարանի որոշմամբ անցել է մեզ, պարզվել է, որ այն ունեցել է 8 մլն դրամի պարտք: Ավազի հանքը արժեր 400 հազար, ես էլ պարտքերը նվազեցրել եմ, բայց ինչքան նվազեցում էին, միևնույն է` թիվը չէր փոքրանում, պարտքերն այնքան շատ էին»,- ասաց տուժողը:

Վերջինս հայտնեց, որ ամեն անգամ, երբ ամբաստանյալն իր տոկոսներից 10 հազար դոլար մարում էր, րոպեներ անց 50 հազար դոլար էր ուզում: Արտակ Գալստյանը նշեց նաև, որ ինքը տվել է նաև առանց տոկոսի գումար, հաճախ էլ` 1.2 տոկոսով:

Հարցաքննվող տուժող Մուշեղ Սաֆարյանը հայտնեց, որ ամբաստանյալի երեխայի կնքահայրն է, միշտ վստահել է Արթուր Անդրեասյանին և մինչ այսօր չի կարողանում հասկանալ, թե ինչպես և ինչու եղավ այս պատմությունը:

«Երբ պատմությունն ինձ համար դյուրամարս կլինի և կկարողանամ այն մարսել, կասեմ` ինչպես Արթուրը չարաշահեց իմ վստահությունը: Կոտայքի մարզի Ջրաբեր ավազի հանքը միասին էինք աշխատացնում` 50-50 բաժնեմասով: Էն ժամանակ, երբ արդեն պիտի օգուտ ունենայինք, էս պատմությունն էղավ: Բաղրամյանի տարածքի մասին գիտեի, որ ամիսը 3000 դոլարի չափով տոկոս պիտի տար Արտակ Գալստյանին` մինչև մայր գումարն ամբողջությամբ կարողանար մարել: Բաղրամյանի տարածքը հենց վերցրեց, անմիջապես խոհանոցի կահույքի գործ սկսեց այնտեղ ծավալել, հետո չաշխատեց, մինուսով աշխատեց: Ես այդ գործի ստացվել-չստացվելուց չէի իրա մասին կարծիք կազմելու, իրան 17 տարի գիտեի, իրա տղու գլխին խաչ եմ պահել: Արտակ Գալստյանը մի օր զանգեց, կանչեց, թե բա գիտես 2 մլն-ի պարտք ունի Արթուրը, մի կոպեկ էլ փող չունի»,- պատմեց գործով տուժողը:

Վերջինս նաև նշեց, որ երբեք չէր կարող պատկերացնել, ոչ Արթուր Անդրեասյանն այնքան ահռելի պարտքեր կարող էր կուտակել` իր ունեցվածքից մի քանի անգամ ավել

«Ես իմ պարտքի մասին մինչև հիմա էլ քաղհայց չեմ ներկայացրել: Ու Արթուրն ինձ ասել էր, որ եթե ինքը կալանավորված չլիներ, մաս-մաս կփակվեր: Արթուրին 50 հազար դոլար պարտքով գումար էի տվել` ամսական 2% մարումով»,- շարունակեց տուժողը` հավելելով, որ ավազի հանքը, որը վերջին հաշվով պատկանում էր իրեն և մյուս տուժողին` Արտակ Գալստյանին, իրենք վաճառել են, և իր իմանալով` հանքն այս պահին լիարժեք չի գործում: Թե ում է պատկանում հանքը, տուժողները չգիտեն:

Ապա պաշտպանը միջնորդեց ընդմիջում հայտարարել` Արթուր Անդրեասյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ, իսկ ընդմիջումից հետո, ինչպես և կարելի էր սպասել, նույն պատճառաբանությամբ նիստը հետաձգվեց:

Պաշտպանը խնդրեց այս անգամ նիստը տևական ժամանակով հետաձգել, քանի որ ինքը պետք է հաջորդ նիտին միջնորդություն ներկայացնի, որին պատրաստվելու համար ժամանակ է հարկավոր:

Հաջորդ նիտը կկայանա հոկտեմբերի 6-ին:

Ի դեպ, նշենք, որ ամբաստանյալի մայրը` Փառանձեմը, Armlur.am-ին հայտնեց, որ սեպտեմբերի 5-ից որդին գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ բուժում է ստանում:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում, հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։




Լրահոս