«Պատվեր էր, պիտի կատարվեր». ֆինանսական բուրգի գործը նոր երանգներ է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մայրը` Փառանձեմ Անդրեասյանը, մեծ փոփոխություն չի համարում որդուն առաջադրված մեղադրանքի մեղմացումը: Armlur.am-ի հետ զրույցում Փառանձեմ Անդրեասյանը նշեց, որ իր և շատերի համար ակնհայտ է, որ որդու հետ կապված ողջ պատմությունը միայն մի նպատակ է հետապնդել, և այդ նպատակն արդեն իսկ իրականացվել է. «Էս ամեն ինչը պատվեր էր, պիտի կատարվեր: Ուզում էին Նազարյաններին հողին հավասարեցնել, հասան իրենց նպատակին: Մեղադրանքի մեղմացում, մեծ հաշվով, չի էլ եղել: Հիմա էլ նոր հոդվածն են առաջ քաշել: Դատավորն էլ զարմացավ: Դատախազին ասեց` միանգամից 20 տարի տայիր էլի, ինչո՞ւ 14 տվիր»:

Նշենք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվել է Ֆինանսական բուրգի գործով դատական քննությունը: Մեղադրող դատախազ Արթուր Երիցյանը հայտարարել է, որ Արթուր Անդրեասյանին առաջադրված մեղադրանքը պետք է մեղմացվի, քանի որ ըստ դատաքննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների՝ նա ոչ թե խարդախությամբ է տուժող Արտակ Գալստյանից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել, այլ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով։

Դատախազի խոսքով, Արտակ Գալստյանին հասցված վնասի մասով առանձնացված դրվագով պարզվել է, որ Արթուր Անդրեասյանը նրան հասցրել է 1,5 մլն. դրամով պակաս վնաս, ընդհանուր՝  14մլն 367 հազար 500 ՀՀ դրամին համարժեք 35 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։

Նախորդ դատական նիստին մեղադրող Արթուր Երիցյանը պահանջել էր 14 տարվա ազատազրկման ենթարկել Արթուր Անդրեսյանին՝ անձնական գույքի բռնագրավմամբ` բայց ոչ ավելի, քան յոթ տուժողներին պատճառված վնասը՝ 422 միլիոն 252 հազար 210 դրամ։

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։




Լրահոս