Ինչ գին ունեցավ քրոջ «պատիվը պաշտպանելը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանի եղբորորդին` Սմբատը, 7 տարի շարունակ սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվելուց հետո հայտնաբերվել և կալանավորվել է:

Armlur.am-ին ուշագրավ փաստեր են հայտնի դարձել սպանության կատարման և հետագա ընթացքի մասին:

Պարզվում է` գյուղապետի եղբորորդուն բերման են ենթարկել հենց այն պահին, երբ նա պատրաստություններ էր տեսնում քրոջ՝ կայանալիք հարսանիքի կապակցությամբ: «Տարոսիկներ»-ին հասնել, սակայն, նրան չվիճակվեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սմբատ Գրիգորյանի կողմից արձակված կրակոցի զոհ դարձած, բանակից նոր զորացրված, այդ ժամանակ 20-ամյա Սերյոժայի հայրը` Վահան Մկրտչյանը, Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ իր որդուն սպանողն ազատ ելումուտ է արել Բալահովիտում, սակայն ոստիկանությունից իրենց ասել են, թե նա հետախուզման մեջ է:

Ուշագրավ է այն, որ լրատվամիջոցներից մեկը ոստիկանությունից պարզաբանում է ստացել, թե Սմբատ Գրիգորյանը 7 տարի շարունակ չի կալանավորվել, քանի որ ոստիկանությունում չեն իմացել, որ նրա արձակած կրակոցից զոհ է եղել: Ոստիկանության պարզաբանման համաձայն` գյուղապետի եղբորորդու գնդակից տուժել են երկու անձինք` Սերյոժան և նրա ընկերը` Գառնիկը:

Թե որքանով է սա տրամաբանությանը մոտ, դժվար է հասկանալ, սակայն փաստն այն է, որ սպանվածի հայրը բազմիցս դիմել է մի շարք գերատեսչությունների, այդ թվում` հանրապետության նախագահին` խնդրելով օրենքի ողջ խստությամբ պատժել որդու կյանքը խլողին:

Որդեկորույս Վահան Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտնել էր նաև, որ ներկայիս և այն ժամանակվա գյուղապետը եղբորորդու առաջ ոչ մի արգելք չէր դնում: Ավելին, «ձեռքը դնում էր գլխին ու ասում. «ձեռքդ ոնց կտրում է, կտրի՛ր, ես տեր եմ»:

Ի դեպ, Բալահովիտում լուրեր են տարածվել, թե համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանը սպանվածի հորը լռեցնելու համար նրան գումար է առաջարկել, սակայն վերջինս հրաժարվել է այն վերցնել: Բնակիչների խոսքերով` երիտասարդների միջև ընդհարումն ու լարված հարաբերությունները ավելի վաղ պատմություն ունեն:

Ըստ տարածված լուրերի` Սերյոժան սիրահարված է եղել գյուղապետի եղբորորդու դստերը` Սմբատի քրոջը, ինչը վերջինիս պատանի եղբորը, մեղմ ասած, այնքան էլ դուր չի եկել: Վրեժ լուծելու համար մել այլ դրվագով տեղի է ունենում ամենաթողության արդյունքը: Ինչպես մեզ հայտնել էր Սերյոժայի հայրը, սպանության օրը` երեկոյան, Սերյոժան իր ընկերոջ՝ Գառնիկի հետ քայլել է գյուղի փողոցներում: Այդ պահին Սմբատ Գրիգորյանը իր մեքենայով հեռահար լույսեր է արձակել տղաների ուղղությամբ, ինչից Գառնիկի աչքերը կկոցվել են: Սմբատն այդ պահին որոշել է արձագանքել` ասելով, թե «ախպեր, բա խի՞ ես թարս նայում»: Եվ… հետևել է տրամաբանական շարունակությունը. տղաներն իրար չեն հասկացել:

Այդուհանդերձ, չարի վերջը, կարծես թե, իր արդար դատաստանին է մոտենում: Որքանով է մեր լավատեսությունը մոտ իրականությանը, ցույց կտա ժամանակը:

Տաթև Հարությունյան




Լրահոս