ՍԱՀՈՒՆ ԱՆՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քարոզարշավի անցած երկու շաբաթների  ընթացքում ակնհայտ դարձավ, որ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի  ուշադրության առանցքում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  դիրքորոշումն է: Անկախ այն հանգամանքից, որ վերջերս որոշ օտարերկրյա սոցիոլոգիական կենտրոնների անցկացրած հարցումներով ԲՀԿ-ն զբաղեցնում է ընդամենը երկրորդ տեղը, դժվար է չնկատել, որ առանց բացառության բոլոր մրցակից ուժերի համար կարեւորագույն նշանակություն ունի, թե այս կամ այն հարցում ինչ կեցվածք է որդեգրում «Բարգավաճ Հայաստան»-ը: Ընդ որում, եթե դիտարկենք ԲՀԿ-ի հանդեպ  ներքաղաքական երեք կենտրոնների վերջին ամիսների գործելաոճը, ապա կտեսնենք, որ այդ ընթացքում նրանցից յուրաքանչյուրը փորձել է իրենով անել ԲՀԿ-ն` դրա համար գործադրելով տեսանելի ջանքեր: (Երեք կենտրոններ ասելով` նկատի ունենք Հայաստանի Հանրապետության երեք նախագահներին եւ նրանց շուրջ ձեւավորված քաղաքական թիմերին): Թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր համագործակցության «քաղաքագիտական» առաջարկով, թե՛ Սերժ Սարգսյանը ԲՀԿ համագումարին իր երկարատեւ մասնակցությամբ եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանն իր «ծանրքաշային» զինակցի` Վարդան Օսկանյանի ԲՀԿ գործուղմամբ, կամա, թե ակամա էլ ավելի մեծացրին «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական կշիռը: Իսկ ո՞րն էր դրա նպատակը: Բացի այլ մարտավարական հարցերից, առկա է շատ կարեւոր մի խնդիր. որն է` ընտրությունների արդյունքները ԲՀԿ-ի կողմից ճանաչելը: Ակնհայտ է, որ եթե մայիսի 7-ին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայիս ունեցած ձայներին համարժեք  արդյունքները ԲՀԿ-ն ճանաչի, ապա հարցը կարելի է փակված համարել: Մյուս կողմից էլ, եթե ԲՀԿ-ն չճանաչի ընտրությունների արդյունքները` դրանք հայտարարելով կեղծված, ապա դա կարող է լրջագույն գլխացավանքներ ստեղծել ՀՀԿ-ի եւ նոր ասպարեզ բացել ՀԱԿ-ի համար: Ինչ մնում է ՀՅԴ-ին, ապա այդ ուժը, վերլուծելով իրավիճակը, կմիանա նժարի առավել ծանր կողմին` «կողմ ըլլալով դեմ ենք» հարյուրամյա կարգախոսի համաձայն: Միասնական շտաբի ձեւավորման գաղափարն ի սկզբանե հենց այդ նպատակն էր հետապնդում:  
Ուստի եթե  նախկինում ԲՀԿ-ն ինքն էր առավել շահագրգիռ  քաղաքական  ճիշտ դաշնակցի ընտրության հարցում, ապա այսօր իրավիճակը հակառակն է` այսօր ԲՀԿ-ի նման հզոր դաշնակիցն է ավելի շատ պետք  ՀԱԿ-ին եւ ՀՀԿ-ին: Ու որպեսզի այն  պակաս գրավիչ դառնա մրցակից քաղաքական ուժի համար, թե՛ ՀԱԿ-ի եւ թե՛ ՀՀԿ-ի կողմից  արդեն իսկ արվում են ԲՀԿ վարկանիշի աճը չափավորելուն ուղղված քայլեր, եւ այդ հարցում Գագիկ Ծառուկյանի զենքի պատմությունն ուղղակի նվեր էր: Ըստ ամենայնի, քարոզարշավի առաջիկա օրերին ԲՀԿ-ին վարկաբեկելու այս միտումը էլ ավելի կխորանա, եւ դրա համար գործի կդրվեն հնարավոր ու անհնար բոլոր լծակներն ու միջոցները` ընդհուպ մինչեւ Ծառուկյանի կողքից «թնդանոթ» կախելը, ինչի արդյունքում ԲՀԿ առաջնորդը ստիպված կլինի հետեւել Արթուր Բաղդասարյանի օրինակին` կանգնելով Ս.Սարգսյանի կողքին:




Լրահոս