Իսպանիայի Վալենսիա քաղաքն արդեն տասը տարուց ավելի է՝ ունի հայկական համայնք, կիրակնօրյա հայկական դպրոց, նաեւ` տպագիր մամուլ՝ շնորհիվ Արարատ Ղուկասյանի, ով, 15 տարի առաջ գաղթելով հայրենիքից, ստեղծել է «Արարատ» հայկական միությունը:
Վալենսիայի հայկական համայնքի նախագահը մի քանի օր է հայրենիքում է: Սեպտեմբերի 18-ին Ա. Ղուկասյանի հարազատ քաղաքում՝ Հրազդանում, տեղի ունեցավ նրա հեղինակած «Փնտրտուքների ճանապարհին» գրքի շնորհանդեսը: Այն ընդգրկում է հեղինակի ավելի քան 40 ստեղծագործություններ, որոնք բավականին մեծ աշխարհագրություն ունեն՝ Հրազդանից մինչեւ Եվրոպա եւ հակառակը:
Ղուկասյանն իր առաջին բանաստեղծությունը՝ «Երազը», գրել է 14 տարեկանում: Հետագա դպրոցական, համալսարանական եւ զինվորական տարիներն անջնջելի հետք են թողել նրա բազմաժանր աշխատությունների վրա: Բանաստեղծի որոնումների ճանապարհի գլխավոր հերոսը ժամանակն է:
Շնորհանդեսի ընթացքում բանաստեղծը մանրամասն ներկայացրեց ժողովածուի լույս տեսնելու պատմությունը՝ նշելով, որ դրանում մեծ դեր է ունեցել գրող Ալեքսանդր Սոսնովսկին:
Նշենք, որ, սեպտեմբերի 17-ին Ա. Ղուկասյանը հյուընկալվել էր ՀՀ Գրողների միությունում, որտեղ ժամանակակից գրողների ներկայությամբ կայացավ գրքի հերթական շնորհանդեսը, իսկ մինչ այդ «Փնտրտուքների ճանապարհին» գրքի առաջին շնորհանդեսը տեղի էր ունեցել Մոսկվայում եւ Վալենսիայում՝ 100-ից ավելի վալենսահայերի ու պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Արեւիկ Հակոբյան