Ժամանակն է դուրս գալ ողորմության շրջանակից. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգության” միասնական ցուցակի թեկնածուներն ապրիլի 27-ին հանդիպումներ են ունեցել Լոռիի մարզի մի շարք բնակավայրերում՝ Ալավերդիում, Աքորիում, Օձունում, Վանաձորում, Ստեփանավանում Տաշիրում եւ Սպիտակում: Ընտրողներին “Ժառանգության” ծրագիրն ու նպատակները ներկայացրել են այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, տնտեսագետ Արտակ Ղազարյանը, քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, նախկին քաղբանտարկյալ Մասիս Այվազյանը եւ դեղագետ, Վանաձորում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գառնիկ Սահակյանը: Դիմելով վանաձորցիներին՝ “Ժառանգության” առաջնորդը հայտարարել է, որ ժամանակն է “դուրս գալ ողորմության շրջանակից” եւ թույլ չտալ, որ որեւէ մեկը ողորմություն առաջարկի: “Սա մեր երկիրն է, եւ մենք ասում ենք` բյուջեն կլցնենք հարկերով, հալալ մուտքերով, եւ այդ ողորմությունը կվերածվի ձեր իրավունքի, ձեր աշխատավարձի, կենսաթոշակի ու նպաստի: Եվ ոչ մեկը չի գալու ձեր երեխաների եւ թոռների ապագան մի քանի հազար դրամով կամ մուրաբաներով փոխարինելու”,- ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշել է նաեւ, որ հայ մարդու, Հայաստանի ապագան որոշվելու է մայիսի 6-ին: “Մայիսի 6-ին` առանց որեւէ այլեւայլության, անաղմուկ, մենք որոշելու ենք այդ ապագան Աստծո հայացքի տակ, սահմանադրական պահանջով, որոշելու ենք, թե ինչպիսին պետք է լինի վաղվա Վանաձորը: Ուրեմն մայիսի 6-ին եկեք միասին որոշենք”,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Վանաձորցիներին իր խոսքն է ուղղել նաեւ համամասնական ցուցակի անդամ Գառնիկ Սահակյանը, ով մասնավորապես անդրադարձել է պետական բյուջեի անարդյունավետ օգտագործմանը: “Պետական գնումների գործընթացը պետք է զերծ պահել կոռուպցիայից”,- ասել է Սահակյանը: 




Լրահոս