Պտղատու այգիները`չորացման վտանգի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում համատարած են դարձել ոռոգման ջրի պակասից բողոքները: Օրերս «Ժողովուրդ»-ն անդրադարձավ Արմավիրի եւ Արարատի մարզերում ջրի սակավության հետեւանքով ստեղծված պատկերին: Այս անգամ մեզ են դիմել «Դողագործ կահույք» այգեգործական ընկերության անդամները: Նրանց պտղատու այգիները գտնվում են Նոր Խարբերդի այգեգործական տարածքում: «Ժողովուրդ»-ին դիմած այգեգործների պնդմամբ՝ 2014 թվականից սկսած իրենք ոռոգման ջուրը ստանում են շաբաթվա մեջ ընդամենը երկու օր՝ շաբաթ եւ կիրակի օրերին: Այն էլ՝ կիսատ: Արդյունքում իրենց պտղատու այգիները կանգնած են չորանալու վտանգի առաջ:

1970-ականներից այգեգործական ընկերության անդամների ներկայացմամբ՝ նախկինում իրենց ոռոգման ջուրը մատակարարվել է շաբաթական երեք օր՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Սակայն 2014 թվականից սկսած այգեգործներին ոռոգման ջուրը մատակարարվում է շաբաթական ընդամենը երկու օր՝ շաբաթ եւ կիրակի օրերին: Այս նորարարության հետեւանքով այգեգործների 80 տոկոսն այսօր զրկվել է ոռոգման ջրից եւ կանգնած է սեփական այգիների կորստի վտանգի առջեւ:

Նշենք, որ ջուրը մատակարարում է «Մասիս» ՋՕԸ-ն, որի տնօրենն է Վարդան Մովսիսյանը:

«Դողագործ կահույք» այգեգործական ընկերության շուրջ 30 այգեգործ երեք անգամ դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն, ինչպես նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանին, սակայն, հարցն այդպես էլ լուծում չի ստացել: «Վերջին երեք տարիներին միայն մեզ մոտ սկսեց ոռոգման ջրի սպասարկումը վատանալ: Բոլոր պատկան կառույցներին ուղարկել ենք նամակներ, բայց ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում խնդրի կարգավորման ուղղությամբ: Այնպիսի տպավորություն է, որ բոլորն էլ իրենց աշխատասենյակներում հանգիստ նստած են. ոչ ուսումնասիրում են խնդիրը, ոչ էլ՝ գործ են անում: Միայն պատասխանում են, որ աշխատանքներ են կատարում ու որ` ամեն ինչ լավ կլինի: Բայց սայլը տեղից չի շարժվում: Իսկ ահա ՋՕԸ-ի տնօրենը դիտավորյալ մեկ օր պակաս է ոռոգման ջուր մատակարարում, որպեսզի էլեկտրաէներգիան տնտեսի: Բայց չէ որ մենք՝ այգեգործներս, պարտաճանաչորեն վճարում ենք սպառած ոռոգման ջրի վարձավճարները»,- վրդովված նկատեց «Դողագործ կահույք» այգեգործական ընկերության տնօրեն Կուրղին Քոսյանը:

Այգեգործները պահանջում են, որպեսզի այս խնդիրը լուծեն եւ իրենք ստանան ոռոգման համար բավարար քանակությամբ ջուր: «Շաբաթ օրը համարյա թե չկա ջուր, միայն՝ երեկոյան 19.00-ից հետո ենք ջուր ունենում: Պատկերացրեք, որ 10 լիտրանոց դույլը մեկ րոպեում է լցվում, մինչդեռ նախկինում ավելի արագ էր ու քիչ ժամանակ էր պահանջվում դրա համար: Եվ այսպես, ողջ գիշեր այգեգործները փորձում են իրենց այգիները ջրել, բայց միեւնույն է՝ չեն հասցնում»,- ներկայացրեց Քոսյանը:

Մեր զրուցակցի պատմելով, նախկինում՝ խորհրդային տարիներին, այս պտղատու այգիների փոխարեն աղբանոց է եղել, ամայի տարածք: Ինքը եւ մի քանի տասնյակ քաղաքացիներ իրենց սեփական ուժերով կարողացել են այդ աղբանոցը վերածել պտղատու այգիների: Մինչդեռ հիմա մի քանի տասնյակ այգեգործներ կանգնած են այգիները կորցնելու վտանգի առաջ. «Բայց չէ որ մենք առատ թթվածին ենք մատակարարում Երեւանին»,- նեղվում է այգեգործը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Մասիս» ՋՕԸ-ի տնօրեն Վարդան Մովսիսյանի հետ եւ փորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ է նա պատրաստվում ձեռնարկել այս խնդրի լուծման ուղղությամբ. «Այնտեղ գործում է մի ջրագիծ, որը 60-70 ականներին է ստեղծվել: Եվ հիմա այն ամբողջովին քանդված է: Ջրագիծը, խողովակները վատ վիճակում են: Պարզապես այնքան բարդ համակարգ է, որ անցնում է տարբեր հատվածներով, ինչի համար էլ անկառավարելի է: Այդ ներտնտեսային ցանցերը պետք է վերանորոգվեն, բայց համայնքի համաֆինասավորմամբ: Իսկ կոնկրետ այս տարածքը գտնվում է Շենգավիթի վարչական շրջանում»:

Իսկ այգեգործների այն պնդումներին, թե «Մասիս» ՋՕԸ-ի տնօրենը շաբաթվա մեջ երկու օր է ջուր տալիս՝ էլէներգիան խնայելու նպատակով,Վ. Մովսիսյանը պատասխանեց. «Իրենք կարող է ամեն ինչ էլ ասեն: Բայց նման բան չկա»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս