ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՌՈՂՋ ՍՈՒՆԿ»-Ը 300 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է

ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի եւ Նուռնուս գյուղի բնակիչների կողմից անցկացված բողոքի ակցիայից հետո «Առողջ սունկ» ընկերությունը որոշ ժամանակով դադարեցրել է իր գործունեությունը: Ավելին՝ ընկերության առաջացրած գարշահոտությունից դժգոհող տեղացիների խոսքով, հնարավոր է առաջիկայում ընկերության արտադրամասը տեղափոխվի այլ տարածք: Տեղեկացնենք, որ բնակիչների բողոքի ակցիայից հետո Բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացրել ընկերությունում, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների համար ընկերության նկատմամբ նշանակվել է 300 հազար դրամ վարչական տուգանք:

«Առողջ սունկ» ընկերությունում ստուգումներ են անցկացվել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարագրի հիման վրա: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերության Բյուրեղավանի մասնաճյուղում, որտեղ իրականացվում են սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի պատրաստման աշխատանքները, խախտվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները: Հոսանքի տատանումներից պարբերաբար առաջանում է գարշահոտության խնդիր, որը լիովին չի չեզոքանում ֆիլտրացիոն համակարգի ոչ լիարժեք աշխատանքի եւ շինության հերմետիկության բացակայության պատճառով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ «Առողջ սունկ» ընկերությունը ՀՀ երեք մարզերի չորս-հինգ գյուղերում գործունեություն է ծավալում:
Այսպիսով, ԲՆ-ի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է նաեւ, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում գտնվող սնկի արտադրության տեղամասում խախտվել են ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները: Այսինքն՝ ջրօգտագործումն իրականացվել է առանց համապատասխան թույլտվության: Արդյունքում, հայտնաբերված խախտումների համար ընկերությանը նշանակվել է 300.000 դրամի վարչական տուգանք եւ հանձնարարական` բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների վերացման վերաբերյալ:
Ըստ Բնապահպանության նախարարության` «Առողջ սունկ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Դավթյանը, ընդունելով արձանագրված խախտումների փաստը, ԲՆ-ին մի գրություն է ուղղել, որով պարտավորվել է իրականացնել մի շարք միջոցառումներ` հետագա արտանետումները բացառելու նպատակով: Մասնավորապես` նա պարտավորվել է տեղադրել էլեկտրաէներգիայի 4 գեներատոր եւ ձեռք բերել սնուցման երկրորդ գծի թույլտվություն` հոսանքի վթարային անջատումներից խուսափելու համար: Ներկրված համապատասխան սարքավորումների միջոցով ուժեղացվելու են արտադրամասի օդափոխանակությունը եւ օդի զտումը, ինչի համար կառուցվում է նոր բիոֆիլտր, ինչպես նաեւ 20 մետր բարձրությամբ օդահեռացման խողովակ: Աշխատանքներ են տարվելու նաեւ արտադրամասի հերմետիկության խնդիրները վերացնելու ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ը Նուռնուսի բնակիչներից հետաքրքրվեց` այս օրերին գարշահոտություն կա՞, թե՞ ոչ. «Մեր վերջին բողոքի ակցիայից հետո ընկերությունը չի աշխատում, հետեւաբար գարշահոտություն էլ չկա: Մենք լսել ենք, որ նրանք տեղափոխվում են այլ տարածք: Ամեն դեպքում, հիմա հոտ չկա, մարդիկ էլ շատ գոհ են: Հիմա հանգիստ կարող ենք սուրճ խմել մեր այգիներում»,- նշեցին նուռնուսցիները:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանի հետ. «Այդ գեներատորների բացակայության պարագայում ցածր հոսանքի լարման դեպքում էլեկտրաէներգիան անջատվել էր, ինչի արդյունքում օդի արտանետում էր տեղի ունեցել: Բայց գարշահոտության միակ պատճառը էլեկտրաէներգիայի մասսայական անջատումներն են: Գեներատորները դնելուց հետո այս խնդիրն իսպառ կվերանա: Այս պահի դրությամբ այդ աշխատանքներն են տարվում: Մենք նույնիսկ մասնագետներ ենք հրավիրել, ովքեր պարզել են, որ տհաճ հոտի պատճառը 90 տոկոսով եղել է էլէներգիայի անջատումները: Բայց վստահեցնում եմ, որ մեր գործունեությունը որեւէ ձեւով մարդկանց առողջությանը չի վնասում»:
Հ.Գ. «Առողջ սունկ»-ը փաստի առաջ է հայտնվել ՀԷՑ-ի, մեղմ ասած, վատ աշխատանքի պատճառով.անսպասելիորեն տնտեսությունը հոսանքազրկվել է: Իսկ ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին, որ նման դեպքերում գործարանները, օբյեկտները, սովորաբար, պահուստային սնուցում են ունենում: Մինչդեռ փաստենք, որ որեւէ տնտեսվարող պարտավոր չէ ծախսեր անել ՀԷՑ-ի քմահաճույքների դեպքում արտադրություն փրկելու համար:
Ի դեպ, վերջին շրջանում Հայաստանի որոշ մարզերում եւ Երեւանում հաճախակի են էլէներգիայի անջատումներ լինում: Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերի 2-ին Հայաստանի տարբեր բնակավայրերում զանգվածային հոսանքազրկում էր տեղի ունեցել: Սրա պատճառները պարզելու համար նույնիսկ ստեղծվեց մասնագիտական հանձնաժողով, որն այդպես էլ էական որեւէ բան չարեց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ՕԾԵԼ ԵՆ
Երեկ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ վերաօծվել է Ձիթհանքով գյուղի եկեղեցին: Aravot.am-ի փոխանցմամբ՝ 1883թ. կառուցված ու «Սուրբ Աստվածածին» անունը կրող եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ: Վերջերս գյուղի` Մոսկվայում բնակվող երիտասարդ գործարարներից մեկը` Ռուստամ Ստեփանյանը, ամբողջովին վերանորոգել էր քայքայված եկեղեցին: Նախքան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ժամանելն ու այդ արարողության սկսվելը Aravot.am-ի թղթակիցը զրուցել է եկեղեցու մոտ հավաքված գյուղի ծերունիների հետ: Նրանք բողոքել են, որ այս գյուղում ջրի կարոտ են, առավոտյան չգիտեն՝ ինչով լվացվեն, չգիտեն անգամ իրենց բողոքը ում ներկայացնեն, քանի որ բոլորը մոռացել են իրենց գյուղի տեղը: «Երբ 40 թվականներին Ձիթհանքովը հացի շտեմարան էր, լիքը տեր կար, հիմա տեր չկա: Սոցիալիստական առաջին հերոսը Ձիթհանքովն է տվել 1947-ին: Հիմա ո՛չ տեր լինող կա, ո՛չ էլ մեզ նայող»,-պատմել է ծերունիներից մեկը:

 
ՄԱՐԶԵՐ

ՉՎԵԼ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ ՀԱՐԱՎ
«Ժողովուրդ»-ը տեղեկություն էր ստացել, որ վերջերս Իջեւան քաղաքի սրճարանների մի խումբ մատուցողուհիներ մեկնել են Սյունիքի մարզ եւ աշխատանքի անցել Մեղրիի մաքսակետի հարեւանությամբ գործող սննդի կետերում, հյուրանոցներում: Տեղեկության իսկությունը ճշտելու համար հանդիպեցինք Իջեւանի սրճարանատերերից մեկի հետ: Վերջինս իր անունը չհրապարակելու պայմանով հաստատեց լուրի հավաստիությունը: Նրա խոսքերով՝ Իջեւան քաղաքից տեղափոխված մատուցողուհիները ծագումով իջեւանցիներ չէին, այլ՝ ուրիշ շրջանների բնակիչներ, ովքեր ժամանակավորապես աշխատում էին Տավուշի մարզկենտրոնում: Նրանք հիմնականում միջինից բարձր տարիք ունեցող կանայք են, որոնց աշխատանքի պահանջարկն այնքան էլ մեծ չէ: Մեղրիի մաքսակետ այցելողների մեջ շատ են իրանցիները, ովքեր պատրաստ են լավ վճարել ոչ միայն մատուցված սննդի, այլ նաեւ այլ ծառայությունների համար:

 

ՏՆՕՐԵՆՆ ԷԼ ԱՐՏԱԳԱՂԹԵՑ
«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Մեր տեղեկություններով՝ նա մեկնել է Մինսկ, որտեղ բիզնեսով զբաղվող ընկերներ ունի: Մինչդեռ այստեղ Աշոտ Դավթյանն ազգային պարկը զարգացնելու զանազան ծրագրեր եւ մտահղացումներ ուներ: Այս տարվա գարնանը նա որպես գաղտնիք լրագրողիս հայտնեց ազգային պարկի տարածքում առկա եղնիկների թիվը՝ ուրախությամբ նշելով, որ եղնիկները բազմացել են: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ չարժե այդ մասին լուր հրապարակել, քանի որ դա կարող է հրապուրել որսագողերին: Աշոտ Դավթյանը նախկինում աշխատել էր որպես Դիլիջանի փոխքաղաքապետ: Լինելով դիլիջանցի, նա լավ գիտեր քաղաքի եւ շրջակա տարածքների խնդիրները՝ այդ թվում՝ բնապահպանական: Սեպտեմբերի 2-ից «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Սահակ Մուրադյանը, ով ծագումով Արարատի մարզի Դաշտավան գյուղից է, բնակվում է Երեւանում: Դիլիջանը Երեւանից հեռու է 100 կմ եւ Ս. Մուրադյանը աշխատանքի մեկնելու եւ վերադառնալու համար օրական 200 կմ ճանապարհ է կտրում: Նա ասաց, որ հարկադրված է, աշխատանքն է պահանջում: Մուրադյանը հայտնեց, որ ազգային պարկի տնօրենի մրցույթը կայանալու է 6 ամսվա ընթացքում եւ ինքը մասնակցելու է մրցույթին: Տեղեկացանք, որ Ս. Մուրադյանը 1998-2002թթ. սովորել է Երեւանի ֆիզկուլտուրայի պետական մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով ֆիզկուլտուրայի մանկավարժի դիպլոմ, իսկ 2010-2012թթ.՝ Մաշտոցի անվան համալսարանի մագիստրատուրայում` ստանալով իրավագետի որակավորում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 




Լրահոս