ԲՀԿ-ական համագյուղացին ծեծի է ենթարկել ՀՀԿ-ական գյուղապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Ախուրյանի շրջանի Բասեն գյուղում:NEWS.am  -ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, նույն օրը Բասեն գյուղի գյուղապետ Համլետ Պետրոսյանի եւ մի խումբ գյուղացիների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով: Հիմնական ծեծի ենթարկվողը եղել է գյուղապետը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել հետեւյալ կերպ: Գյուղացիների միջեւ ճանապարհի փակ լինելու կապակցությամբ վեճ է ծագել, ինչի պատճառով դիմել են գյուղապետին, որ հարցը լուծի: Վերջինս խնդրին ծանոթանալու համար գնացել է դեպքի վայր, որտեղ եղել են մի խումբ համագյուղացիներ: Սկզբում կողմերը բանակցել են, ապա տաքացել ու վիճաբանել: Հավաքված գյուղացիներից մեկը` Կամո Հովհաննիսյանը, ով կոնֆլիկտի կողմերից չի եղել, գյուղացիների “թասիբին” կանգնելով` սկսել է բռնուցքներով հարվածել գյուղապետին, ինչին հաջորդել է ծեծը: Սակայն Հովհաննիսյանի պահվածքը շատերին է զարմացրել, քանի որ նա պարզապես ներկա է եղել հանդիպմանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իրականում գյուղապետի ու Հովհաննիսյանի հարաբերությունները վաղուց են լարված եղել քաղաքական պատճառներով: Բանն այն է, որ Կամո Հովհաննիսյանը ԲՀԿ-ական է, իսկ գյուղապետը` ՀՀԿ-ական եւ այս համատեքստում հին վեճ են ունեցել: Իսկ ճանապարհի խնդիրը միայն առիթ է հանդիսացել, որ հին ցասումը դրսեւորվի բռունցքներով: Միջադեպի կապացությամբ մանրամասներ փորձեցինք ճշտել ոստիկանությունից, որտեղ NEWS.am  -ի թղթակցի հետ զրույցում հաստատել են միայն, որ միջադեպ է տեղի ունեցել: Գյուղապետին դատաբժշկական փորձաքննության ուղեգիր է տրվել, Կամո Հովհաննիսյանն էլ ստորագրությամբ ազատ է արձակվել: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս