Շանթ Հարությունյանի և նրա որդու համար պահանջվեց արդարացման դատավճիռ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական վիճաբանությունների փուլը:

Ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպանն իր պաշտպանական ճառում խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ իր պաշտպանյալը դեպքի ժամանակ եղել է ընդամենը 18 տարեկան:

«Նա դեռ նոր էր բոլորել իր կյանքի 18 տարիները, երբ եղավ դեպքը»,- ասաց պաշտպանը` դատարանին ներկայացնելով Մկրտիչին բնութագրող մի շարք տվյալներ:

Ավշարի դպրոցում սովորած Մկրտիչը, ըստ տնօրենի և համայնքի ղեկավարի ներկայացրած բնութագրերի` ամենապարտաճանաչ և առաջադիմող աշակերտներից մեկն է եղել, հայրենասեր է և գերազանց գիտի հայոց պատմությունը:

«Պաշտպանյալս այսքան երիտասարդ է, և ցավով պետք է նշեմ, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի: Հիպերտոնյա հիվանդությունն արագ զարգանում է նրա մոտ, և առողջական վիճակն ավելի է ծանրացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եղած ժամանակ: Պաշտպանյալս լուրջ, հավասարակշռված և հայրենասեր երիտասարդ է»,- նշեց պաշտպանը` պահանջելով դատարանից կայացնել ամենամեղմ դատավճիռը` պատիժը պայմանականորեն չկիրառել: Ծանրացնող հանգամանքները, ըստ պաշտպանի, Մկրտիչի դեպքում բացակայում են:

«Հարգելի դատարան, Ձեր ձեռքերում է երիտասարդի ճակատագիրը»,- եզրափակեց պաշտպանը:

Ապա պաշտպանական ճառով հանդես եկավ Շահեն Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ով նշեց, որ ցավալի է շատ, որ այս օրերում մարդկանց անհիմն մեղադրանքներ են առաջադրվում:

«Իրականում 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ արժեքների պահպանման երթի էր դուրս եկել: Շանթ Հարությունյանը մինչև մեծ երթը ասուլիս էր տվել, որի ժամանակ հայտնել էր, որ կան սադրիչներ, ովքեր կարող են խանգարել իրենց գործողությունները: Ներկա է եղել նաև Վալերի Օսիպյանը, ով երկար ժամանակ ցրուցել է Շանթ Հարությունյանի հետ:

Տեղում է եղել նաև գործով տուժող ճանաչված Գեղամ Խաչատրյանը, ով անսպասելիորեն հարձակվել է Շանթ Հարությունյանի վրա: Ակնհայտ է, որ իշխանությունը վախեցել է ինչ-որ բանից, ինչն իր շահերից չի բխել: Շանթ Հարությունյանի նկատմամբ իրականացվող բռնի գործողությունները նկատել է նաև Շանթ Հարությունյանի անչափահաս՝ 14-ամյա երեխա Շահենը, ում հետագայում ասել են, թե հայրդ ու նրա ընկերներն այլևս չկան:

Շանթ Հարությունյանի նկատմամբ անմիջապես նշանակվեց դատահոգեբանական փորձաքննություն: Ամենասկզբից էլ նրան ցանկանում էին որպես անմեղսունակ ներկայացնել, ապա որպես հոգեկան հիվանդ, սակայն ոչինչ անել նրանց մոտ չստացվեց: Ապա փորձեցին նրան զրկել ընտանիքի անդամների հետ շփվելուց, ինչը ևս մեծ ջանքեր գործադրելուց հետո կանխվեց:

Նկատի ունենալով մարտի 1-ի դեպքերը՝ Շանթն իր հետ փայտե մահակներ է վերցրել, ինչի մասին բազմիցս նշել և հայտնել է նաև ոստիկանության աշխատակիցներին: Տեսաերիզից պարզ երևում է, որ որևէ ջանք չի գործադրվել ոստիկանների կողմից, որպեսզի երթի անօրինականությունները կանխվեն: Գործում որևէ ապացույց չկա, որ մասնակիցներն ասել են, թե «միլիցա ա, խփեք» »,-նշել է պաշտպանը:

Այսպիսով` պաշտպանը եկել է այն եզրահանգման, որ Շահեն Հարությունյանի կողմից ոստիկանին հարվածելը բխել է ոստիկանի գործողություններից, ինչը վարույթն իրականացնող մարմինը հաշվի չի առել:

«Ինչի՞ համար է մեղադրողը պահանջել 5 տարվա ազատազրկում: Նրա՞ համար, որ անձը դուրս էր եկել սահմանադրական իր իրավունքները պաշտպանելու համար: Փաստորեն` իշխանությունները չեն ընդունում ժողովրդավարական երկրի առկայությունը: Ցուցարարների գլխին սարքվել է այս պրովոկացիան: Շանթ Հարությունյանն ասել է, որ ուշադիր եղեք այս իրերին, հետ ենք գալու: Այսինքն` մարդիկ խաղաղ ցույց էին պատրաստվում: Նույնը վերաբերում է նաև Վարդան Վարդանյանին, ով փոխգնդապետի պաշտոն ունի: Խիստ վիրավորական է, որ նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրվում: Ամեն ինչ, ինչ կուզեիք ասեիք, միայն թե ոչ խուլիգանություն: Խնդրում եմ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ կիրառել արդարացման դատավճիռ»,- ասաց պաշտպանը:

Պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ դեռևս չի ավարտել իր ճառի կազմումը, ուստի խնդրեց իրեն ժամանակ տրամադրել:

Նիստն ավարտվեց:




Լրահոս