ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Ապրիլի 25-ին հանդիպում է տեղի ունեցել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի Շենգավիթի նախընտրական շտաբների պատասխանատուների միջեւ: Նրանք քննարկել են նախընտրական զարգացումները, մասնավորապես իրենց համայնքում տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Շենգավիթ համայնքում ընտրակեղծիքների դեմ միասնական պայքար ծավալելու, իսկ քվեարկության օրն ընտրատեղամասերում վերահսկողություն սահմանելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին նման հանդիպում էր տեղի ունեցել նաեւ ՀԱԿ եւ ՀՅԴ Շենգավիթի գրասենյակների պատասխանատուների միջեւ: Ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ Կոնգրեսի հանդիպումներն իրականացվում են ԱԺ ընտրությունների օրինականության վերահսկողության հանրապետական միասնական շտաբի գործունեության համատեքստում:
ՀԱՄԱՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ
Երեկ կայացել է ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը, որի օրակարգը ձեւավորվել էր ՀԿ-ներից եւ կուսակցություններից ստացված հարցադրումներից: ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ` քննարկվել են ընտրողի` մեկ վայրից մյուսը տեղափոխվելու պարագայում տեղեկանքի տրման կարգի կիրառման ոչ միասնական դրսեւորումները: Որոշվել է դիմել ՀՀ ոստիկանություն` պարզաբանումներ ստանալու եւ միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի կարգը բոլոր համայնքներում գործի համանման` ըստ օրենքի պահանջի:
ՈՐ ԱՍՈՐԻՆԵՐԸ ԼԱՎ ԶԳԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչներին: «Ցանկանում եմ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ասորական համայնքը Հայաստանում իրեն լավ զգա: Համայնքի բոլոր խնդիրները գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի դուք ձեր հոգեւոր մշակութային կյանքը մեր երկրում կարողանաք կազմակերպել առանց որեւէ խոչընդոտի»,-ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն ընթացիկ տարում կրկնապատկել է ասորական համայնքին տրամադրվող ամենամյա ֆինանսական օժանդակությունը:
ՆՎԵՐ ՉԵՄՊԻՈՆԻՆ
«Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը պետք է արժանապատիվ ծերություն վայելի»,-ապրիլի 25-ին անվանի մարզիկի 80-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Վլ. Ենգիբարյանին նվիրել 10 միլիոն դրամ:
ԿԱՊ ՉՈՒՆԵ՞Ն
Թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական պաստառները պատռվել են Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 55 եւ 26 շենքերի պատերի վրայից: Նկարները փակցված են եղել այնպիսի բարձրության վրա, որ անհասանելի էին առանց համապատասխան սարքավորման, հետեւաբար մրցակցի նկարների ոչնչացումն արվել է նախապես պատրաստվելով: Ուշագրավ է, որ թիվ 26 շենքում տեղակայված է Կարապետյանի մրցակցի` Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբը, որի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ իրենք կապ չունեն:
ՀԱՎԱՆ ԵՆ
ՕԵԿ-ը հավանություն է տվել քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու կանոններին, որը նախաձեռնել էր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:
ՀՈԳԱՏԱՐ ԱԱԾ-Ն
Ոստիկանությունը հաստատել է, որ մարտի 29-ին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Գորիսում հետապնդած «Մերսեդես» մակնիշի մեքենան եղել է ԱԱԾ-ի կողմից ուղարկված: Փոստանջյանի հավաստմամբ` ԱԱԾ-ից իրեն մեկնաբանել են, որ անվտանգության աշխատակիցը պատգամավորին հետեւել է` հնարավորինս անցանկալի երեւույթները կանխելու համար: