ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող խանութ-սրահի մոտ Շահեն Չանդոյանը եւ Վիգեն Սահակյանը վիճաբանության մեջ են մտել նշված խանութի վաճառող, 1983թ. ծնված Արման Հովսեփյանի հետ եւ ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ: Վեճի արդյունքում Գանձակ գյուղի բնակիչ Վիգեն Սահակյանը մահացել է: Վերջինիս հարազատից տեղեկացանք, որ Վիգենը ԲՀԿ-ական էր, իսկ նրան սպանող Արման Սահակյանը Գավառում ՀՀԿ-ի ակտիվիստներից մեկն է: Այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի՞, թե՞ ոչ:
Արման Հովսեփյանի դատապաշտպան Լուսինե Ավագյանը մեզ հետ ունեցած զրույցում հերքեց սպանության քաղաքական վարկածը` ասելով. «Այդ տղաները հարբած են եղել եւ իրենց շատ վատ են պահել: Մտել են ու սիգարետ վերցրել: Այն մահացածի գրպանում է եղել, սակայն դրա մասին ոչ ոք չի խոսում: Նրանք նաեւ ներկայացել են ուրիշ անուններով»:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքում Արման Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 108 հոդվածի (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն) հատկանիշներով:
«Գործը նախաքննության փուլում է, բայց քննության ընթացքն ինձ չի բավարարում: Եթե նա օրինական չի պաշտպանվել, նշանակում է` անհրաժեշտ պաշտպանություն չկա, բայց իմ կարծիքով քրեական գործը պիտի հարուցվեր ավազակային հարձակումով եւ անհրաժեշտ պաշտպանությամբ, սակայն դեռեւս ավազակային հարձակման մասին որեւէ խոսք չկա»,-մեզ հետ զրույցում ասաց դատապաշտպան Լուսինե Ավագյանը:
Արմանը համակերպվել է այն մտքի հետ, որ իր արածն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում էր, բայց, ըստ դատապաշտպանի, մեծ հաշվով այդտեղ սահմանազանցում էլ չի եղել:
«Ժողովուրդ»-ը խոսեց նաեւ սպանվածի ազգական Վիներ Սահակյանի հետ: Վերջինս ասաց, որ Վիգենը «թասիբով, շնորհքով եւ խելոք տղա էր»: Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ սպանվածը ԲՀԿ-ական էր, սակայն երկրից շատ է բացակայել: «Երկու ամսվա նշանված էր, պետք է գնար խոպան, որ աշունը հարսանիք աներ: Անմեղ տեղը գնաց»,-դողդոջուն ձայնով ասաց նա:
Իսկ Վիգենի մորաքրոջ որդու` Շահեն Չանդոյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Գավառի հիվանդանոցից մեզ փոխանցեցին, որ նա տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկը:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս