ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՃՇԳՐՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընտրացուցակները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Այս մասին ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների տեղի  ներկայացուցիչներն անմիջապես հայտարարեցին, երբ հայտնի դարձավ, որ ցուցակներում ընտրողների թվի աճ է արձանագրվել: Նախընտրական շտաբներն այս ընթացքում ակտիվորեն աշխատել են ցուցակների ճշգրտման ուղղությամբ եւ այսօր արդեն հայտարարում են, որ թերություններ շատ կան` մահացած մարդկանց անուններ, նաեւ քաղաքացիների տվյալներ, որոնք տարիներ շարունակ չեն բնակվում Հայաստանում: Փոխարենը շատ են դեպքերը, երբ փաստացի Հայաստանում բնակվող ընտրողը չի գտնում իր անունն ընտրացուցակում:
ՀԱԿ տեղի կառույցի ներկայացուցիչ Գագիկ Վահրադյանը փոխանցեց, որ մոտ 1000 անուն են դուրս գրել ցուցակներից` հիմնականում մահացած մարդկանց: ՀՅԴ տեղի ներկայացուցիչներն էլ փորձում են աշխատել ընտրողների հետ, իրազեկել մարդկանց: Եթե անունները չեն գտնում, ուղղորդում են դիմել անձնագրային բաժին: Դաշնակցական Արամ Հակոբյանի խոսքերով` իրենց հատկապես մտահոգում է Հայաստանից բացակայողների հանգամանքը, որոնք փաստացի իրավունք ունեն ընտրելու, ընդգրկված են ցուցակներում, սակայն 15-20 տարի շարունակ բացակայում են երկրից: «Չկա որեւէ երաշխիք, որ այդ մարդկանց փոխարեն վաղը չեն ընտրի»,-ասում է Ա. Հակոբյանը:
Փաստացի կեղծ տվյալներ չի հայտնաբերել «Ժառանգություն»-ը: Տեղի պատասխանատուն փոխանցեց, որ թաղամասերում մարդկանց զգուշացրել են` կեղծ տեղեկություններ տեսնելուն պես զանգահարել, սակայն որեւէ զանգ առայժմ չեն ստացել, ինչը խոսում է քաղաքացիների անտարբերության մասին: Վահագն Հովհաննիսյանի խոսքերով` իրենց համար դժվար է պարզել` ընտրացուցակում գրված անուն-ազգանունը կեղծ է, թե իրական, իսկապես նման տվյալներով մարդ գրանցված է տվյալ հասցեում, թե ոչ: Այդ իսկ պատճառով ակնկալում են ընտրողների աջակցությունը:
Դաշնակցականները նաեւ բարձրաձայնում են ընտրակաշառքների մասին: ՀՅԴ ներկայացուցիչ Ա. Հակոբյանն անձամբ գիտի մարդկանց, որոնք ալեհավաք են վերցրել, հիմա էլ սպասում են՝ թեկնածուները երբ են գումար բաժանելու: Դրա համար հերթագրվել են համապատասխան գրասենյակներում, թողել իրենց անձնագրային տվյալները: Ասում է` չեն հավատում արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման տեսլականին: «Եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարում է, որ ինքը իշխանություն է, եւ իր ձայնն էլ տալու է իշխանությանը, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Դա արդեն կոպիտ խախտում է: Կամ մտնում ես դպրոց, հանձնաժողովի նիստերի սենյակում դրված է դրոշ` վրան գրված «Առա՛ջ Հայաստան»: Հանձնաժողովի սենյակում: Բա սա խախտո՞ւմ չէ: Սրանից հետո ի՞նչ ընտրությունների ենք սպասելու»,-շեշտում է նա:
Ինչ վերաբերում է ընտրացուցակներում հայտնաբերված թերություններին եւ բացթողումներին, ՀԱԿ գրասենյակի տեղի պատասխանատուները մեզ  փոխանցեցին, որ  պատրաստվում են դրանք 3 օրից ներկայացնել ԿԸՀ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս