ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ատեստավորման հանրապետական հանձնաժողովի որոշմամբ ուսուցիչն ազատվում է պաշտոնից («Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»), ապա արդյոք նա զրկվում է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Շուշան Սահակյան, 40 տարեկան, լեզվաբան


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տվյալ դեպքում ուսուցչի պաշտոնից ազատումը չի կարող դառնալ մանկավարժական գործունեությամբ չզբաղվելու պատճառ, քանի որ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է` «Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից»:

Կրթության ազգային ինստիտուտ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, թե մանկավարժական գործունեությամբ զբաղվողը, բացի ուսուցիչ աշխատելուց, ուրիշ ինչ կարող է անել: Կրթության ազգային ինստիտուտի պատասխանում թեեւ ոչինչ չի նշում, բայց հավանական է, որ որակազրկված մանկավարժ աշխատի, ասենք, դպրոցի տվյալ առարկայի լաբորատորիայում: Ոչինչ ասված չէ նաեւ այն մասին, թե արդյոք անձը, ում գործունեությունը հիշյալ պատճառով ընդհատվում է, վերապատրաստման հնարավորություն ունի, թե ոչ:
Մեր ժամանակներում հատկապես մասնավոր բուհերի շրջանավարտների կրթական որակը հաճախ կարող է հեռու լինել պահանջված նվազագույն չափանիշներից: Այդ հարցի մասին, սակայն, քիչ է խոսվում, քանի որ ծագող խնդիրները կրթօջախի ղեկավարությանը ցուցաբերվող համապատասխան վերաբերմունքի արդյունքում «մոռացվում» են: Ցածր որակի կրթական մակարդակը բարեփոխելու լավագույն տարբերակներից մեկն էլ թերեւս նման կադրերի վերապատրաստումն է:




Լրահոս